Recent posts
To top
22 Apr

Ճանաչիր ինքդ քեզ. Յոգա

unnamed (1)
«Շունչ» յոգա կենտրոնի Վինյասա Ֆլոու ոճի ինստրուկտոր Լուսինե Հովհաննիսյանը պատմում է յոգայով զբաղվելու կարևորության և անհրաժեշտության մասին:

-Բացի ցանկությունից, ուրիշ էլ ի՞նչ է պետք յոգայով զբաղվելու համար:

-Պատասխանեմ կարճ՝ յոգայով զբաղվելու համար բացի ցանկությունից պետք է նաև յոգայի գորգ:

 

-Ո՞րն է առաջին հարցը, որ Ձեզ տալիս են սկսնակները: Ինչո՞վ է յոգան հետաքրքրում մարդկանց:

-Առավել հաճախ տրվող հարցերից են՝ «որքա՞ն պետք է զբաղվել  յոգայով, որ կարողանամ կատարել գլխականգ, ձեռականգ»  կամ «որքա՞ն ժամանակ հետո կնիհարեմ, կդառնամ ավելի ուժեղ կամ ճկուն»:

Հաշվարկված է, որ աշխարհով մեկ յոգայով զբաղվում է մոտավորապես տասնհինգ միլիոն մարդ: Վերջին տասնամյակում այս թիվն  աճում է:  Յոգան բարձրացնում է տրամադրությունը, նպաստում է առողջության լավացմանը, թույլ է տալիս ավելի լավ ճանաչել սեփական մարմինը: Յոգան նպաստում է քնի բարելավմանը, դեպրեսիաների և գլխացավերի անհետացմանը, հիշողության լավացմանն ու ինքնագնահատականի բարձրացմանը: Յոգայով զբաղվող մարդիկ հազվադեպ են հիվանդանում  և ավելի երկարակյաց են: Սրանք թերևս հիմնական շարժառիթներն են յոգայով զբաղվելու համար:

Եթե փորձենք սահմանել, կարո՞ղ ենք ասել, որ յոգան հոգու և մարմնի հարմոնիա է:

-Յոգան ճանապարհ է դեպի մարմնի և հոգու ներդաշնակաության: Յոգան օգնում է ապահովել մարմնի, հոգու և մտքի ներդաշնակ կապը, ինչն էլ իր հերթին բերում է լիակատար հանգստության՝ նպաստելով ներքին էներգիայի անխափան հոսքին:

unnamed

-Ինչի՞ մասին երբեք չի կարելի մտածել յոգայով զբաղվելիս:

-Յոգան ենթադրում է մարմնի և մտքի վերահսկողություն: Յոգայի ժամանակ ցանկալի չէ մտածել որևէ այլ բանի մասին: Մտքերը կարող են գալ և գնալ, իսկ դուք պետք է լինեք կողմնակի դիտորդ:  Յոգայում գոյություն ունեն  միայն «հիման» և «այստեղը»: Յոգայով զբաղվելու ժամանակ պետք հիմական շեշտը դնել շնչառության և մարմնի շարժման վրա, պետք կենտրոնանալ միայն զգացողությունների վրա, այլ ոչ թե առօրյա խնդիրների :

 

-Ինչոր հետևանքներ ունենո՞ւմ է յոգան թողնելը:

-Յոգան թողնելը ինքն իրենով բացասական ոչ մի հետևանք չունի: Ուղակի կկորցնեք այն ամենը ինչը ձեռք եք բերել ձեր պրակտիկայի ժամանակ:

unnamed (2)

«Շունչ» կենտրոնում, յոգայից բացի, կարելի է զբաղվել նաև փիլատեսով. որո՞նք են յոգայի և փիլատեսի ընդհանրություններն ու տարբերությունները: Համատեղել կարելի՞ է:

-Այս երկու պրակտիկաներն էլ թույլ են տալիս զրագացնել դիմացկունությունը, ձևավորել մարմնի ռելյեֆը, բարձրացնել ինքնագնահատականը, զարգացնում են մկանների և հոդերի ճկունությունը, մարմնին վերդարձնում են բնական կեցվածքը: Ո՛չ պիլատեսով, ո՛չ յոգայով խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնուրույն. պրակտիկան գերադասելի է սկսել փորձառու ինստրուկտորի ղեկավարությամբ:

Եթե խոսենք տարբերությունների մասին, ապա յոգան մի ամբողջական համակարգ է, որն ստեղծվել է մի քանի հազարամյակների ընթացքում: Սա մի ուղի է, որն օգնում է ճանաչել ինքդ քեզ, ներթափանցել սեփական գիտակցության մեջ և ավելի լավը դառնալ թե՛ ֆիզիական, թե՛ հոգևոր առումներով: Յոգայի յուրաքանչյուր վարժություն պահանջում է գիտակցում, ինստրուկտորներն անընդհատ կոչ են անում՝ «չճախրել երկնքում», այլ կենտրոնանալ սեփական զգացողությունների վրա: Յոգան պահանջում է ուշադրություն և կարգապահություն: Հենց շնչառության, շարժումի ու սեփական զգացողությունների հետևելու կարողության կապն է, որ թույլ է տալիս հասնել յոգայի գլխավոր նպատակին՝ մտքի խաղաղությանը և, որպես արդյունք, ներքին հարմոնիային և գիտակցությանը:

Փիլատեսը վարժությունների մի համակարգ է, որն ընթանում է գորգի կամ հատուկ սարքի վրա և կրկին ուղղված է առողջ և ուժեղ մարմին ձևավորելու վրա։ Փիլատեսը նախևառաջ կենտրոնացած է որովայնային մկանների զարգացման վրա, ինչը նպաստում է ուժեղ ողնաշարի ձևավորմանը, ինչպես նաև տալիս է ճկունություն, ուժ, դիմացկունություն, կոորդինացում՝ առանց մկանային կառուցվածքն առավելապես արտահայտիչ դարձնելու։

Ո՞ր տարիքի մարդիկ են ավելի հետաքրքրված յոգայով և ո՞ր տարիքից կարելի է սկսել զբաղվել:

-Յոգան չի ճանաչում տարիք: Շատերը մտածում են, որ յոգան նախատեսված է բացառապես երիտասարդների և ճկունների համար: Սակայն դա այդպես չէ: Մեր ստուդիայի պարպամունքներին հաճախում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում նաև տարեցներ, ովքեր հասնում են զարմանալի արդյունքների: Բայց փորձը ցույց է տալիս, որ յոգայով հետաքրքրվում են հիմնականում միջին տարիքի մարդիկ:

Ուզում եմ նշել, որ հիմա լայն տարածում է գտնում նաև երեխաների յոգան:

unnamed (3)

 

-Յոգայով զբաղվելու հակացուցումներ կա՞ն:

 

Ըստ էության յոգայով կարող է զբաղվել յուրաքանչյուրը՝ անկախ առողջական վիճակից և տարիքից: Իհարկե, եթե մարդն առաջին անգամ է այցելել և ունի որոշակի խնդիրներ կամ վնասվածքներ, այդ մասին պետք է նախապես տեղեկացնել և խորհրդակցել ուսուցչի հետ:

Յոգայով զբաղվելու հակացուցումները չափազանց քիչ են, և դրանք, որպես կանոն, վերաբերում են լուրջ հիվանդություններ ունցող մարդկանց:
Գլխուղեղի վնասվածքներ և վիրահատությունները, ողնաշարի ծանր վնասվածքներ, սրտանոթային լուրջ հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է ծանրաբեռնվածությունը. այսպիսի մարդկանց խորհուրդ է տրվում յոգա-թերապիան: Եվ նրանք իրոք հասնում են հրաշալի արդյունքների:

unnamed (1)

-Հայաստանում մե՞ծ է յոգայով զբաղվողների թիվը: Հիմնականում կանանց է հետաքրքրու՞մ, թե տղամարդկանց:

 

-Ինչպես և ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, յոգան հետզհետե լայն տարածում է ստանում: Յոգայով զբաղվողների մեջ իրոք գերակշռում են կանայք, սակայն ճշմարտությունն այն է, որ միայն կանայք չէ, որ ձգոտւմ են  վերագտնել ներքին հարմոնիան ու հանգստությունը, ցանկանում խուսափել հիվանդություներից և ապրել առողջ, երկար ու երջանիկ: Յոգան առաջարկելու բան ունի յուրաքանչյուր մարդու համար, ով հետաքրքրված է ֆիզիկական, մտավոր և հոգևոր ինքնազարգացման հարցերով: Յոգայով կանոնանվոր կերպով զբաղվող տղամարդիկ նույնիսկ առավելություն ունեն կյանքի բոլոր ոլորտներում:

Ու որպես յոգայի ինստրուկտոր վստահորեն կոչ եմ անում բոլորին՝ զբաղվել յոգայով: Յոգան հիանալի միջոց է, որը թույլ է տալիս մարդկանց ավելի արդյունավետ ինքնադրսևորվել հասարակության մեջ, ընտանիքում, ի վերջո այն օգնում է «գտնել ինքներս մեզ»:

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի