Recent posts
To top
28 Dec

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՀԱՆԳԻՍՏ. ԾԱՂԿԱՁՈՐԸ ՏՈւՐԻՍՏԻ ԱՉՔԵՐՈՎ

IMG_7098 copy

Ձմեռային հանգստի մեկնարկին ընդառաջ ուսումնասիրել ենք Հայաստանի ամենահայտնի վայրերից մեկի՝ Ծաղկաձորի վերաբերյալ համացանցում շրջանառվող կարծիքները, զրուցել լեռնադահուկային այս հանգստավայր այցելած զբոսաշրջիկների հետ` ներկայացնելով ծաղկաձորյան հանգստի դրական և բացասական կողմերը, այսպես ասած, կողքից:

IMG_7177 copy

անդրադարձը` Ալինա Նահապետյանի,

լուսանկարները՝ Դամիան Հովհաննիսյանի

IMG_7220

Ձմեռը Հայաստանում յուրաքանչյուր զբոսաշրջիկի կարող է նվիրել շատ ավելի վառ տպավորություններ և զգացողություններ, քան կարելի է պատկերացնել։ Եթե արևի շողերից փայլող սպիտակ ձյունը տեսնելու, լեռնային մաքուր օդը վայելելու և հաղորդակցվելու ցանկությունը հանկարծ ՙայցելում է՚ քեզ, ուրեմն ժամանակն է մեկնել Ծաղկաձոր՚,- խոստովանում է մասնագիտությամբ ծրագրավորող մոսկվաբնակ Անդրեյ Նիկիտինը, ով նման մոտիվացիայով էր վերջին անգամ այցելել Ծաղկաձոր։ Հայկական ակցենտով լեռնադահուկային այս հանգստավայրը միայն Անդրեյին չէ, որ գրավում է։ Տարեցտարի դեպի այս հանգստյան գոտի կարելի է նկատել զբոսաշրջիկների մեծ հոսք, որոնք, իհարկե, ունեն նաև իրենց պահանջ-առաջարկները։

IMG_7190

Եվ այսպես, վերելքներ՝ էքստրիմի շնչով և վայրէջքներ` հայկական ձևաչափով… Ակտիվ հանգստի, մասնավորապես լեռնադահուկային հանգստավայրի հավակնություններով Թեղենիս լեռան արևելյան լանջին փռված Ծաղկաձորն իր նշանակությամբ համարվում է հայաստանյան զբոսաշրջության առաջատար կենտրոնը. այստեղ գալիս են լեռնադահուկային սպորտի վարպետներ, ձնառատ հանգիստը նախընտրող մարզասերներ,  նորաձևությանն անմնացորդ նվիրված սպորտի սիրահարներ… Թեղենիսի լանջերին սահողների շրջանում թրենդային լուքերով առանձնացողներ իհարկե կան, կան նաև էքստրիմն իսկապես գնահատողներ, որոնցª Ծաղկաձոր այցելելու առաջնային նպատակը մեկն է` զգալ՝ ինչ ասել է հայկական ակցենտով էքստրիմ։

IMG_7161

ՙՕդանավակայանից դեպի Ծաղկաձոր ճանապարհը մեկ շնչով հաղթահարեցինք։ Երբ արդեն քաղաքում էինք, նկատեցինք, որ դրսում շատ քիչ մարդ կա։ Առաջին հայացքից, իհարկե, զարմանալի էր. չէ որ հանգստավայրում սովոր ես տեսնել շատ մարդկանց։ Աշխուժությունը, որը ցանկանում էի տեսնել, ընդհուպ մինչև վերջին օրը չնկատեցի։ Կարծում եմ` էքստրիմի բաղկացուցիչ մասը հենց բուռն խառնվածքով ու ոգևորված մարդիկ պետք է լինեն, որոնք կստիպեն մտածել, որ սխալ չես արել, որ ընտրել ես հենց այդ վայրը հանգստանալու համար՚,- պատմում է Աննա Իվանովան, որը նույն զբոսախմբում է եղել, ինչ Անդրեյ Նիկիտինը։

IMG_7153

Հայկական ակցենտը Ծաղկաձորում գրեթե ամենուր է, անգամ շքեղությամբ առանձնացող հյուրանոցներում, նույն հյուրանոցներում մատուցվող ուտեստներում, քաղաքի փողոցներում և, իհարկե, բնակչության շրջանում։ ՙՆախքան Ծաղկաձոր այցելելը համացանցով փնտրել և տեսել էի հյուրանոցների լուսանկարները, կարդացել կարծիքները և նոր միայն ընտրել։ Երբ արդեն հյուրանոց ոտք դրեցի, զարմացա, քանի որ հիմնականում նկատեցի խումբ-խումբ փորով մարդկանց և մեկ-երկու ընտանիք։ Մտածեցի, միգուցե դահուկորդներն ու սնոուբորդիստներն ուղղակի դրսո±ւմ են կամ որևէ փաբում։ Ինձ համար դա իսկապես անակնկալ էր՚,- նկատում է Անդրեյը։

IMG_7152

Չնայած հայաստանյան զբոսաշրջային ոլորտում առկա բացերին, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկ այցելելիս կարող է նկատել, միևնույն է, Ծաղկաձորը շարունակում է ակտիվորեն իր շուրջը հավաքել նորանոր այցելուների։ Սակայն, նույն այդ այցելուներին զբաղեցնելու, քաղաքի հիշարժան վայրերը ներկայացնելու համար տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող 7 կամ 10-օրյա փաթեթները զբոսաշրջիկների տեսանկյունից շատ երկար են։

ՙԻրականում Ծաղկաձորում հանգստանալու համար չորս-հինգ օրն էլ բավարար է,- հավատացանում է Անդրեյը:- Առաջին օրը ծանոթանում ես քաղաքին, երկու-երեք օր դահուկներով վերուվար անում, ընթացքում էլ օգտվում քաղաքի խոհանոցից՚: Ի դեպ, խոհանոցի մասին։ Ինչպես զբոսաշրջիկներն են պատմում, Հայաստանում այն շատ համեղ է և բավական մատչելի: ՙՍակայն, պետք է խոստովանեմ, որ ամեն օր քյաբաբ-խորոված ուտելը հոգնեցնում է արդեն երրորդ օրը։ Կարծում եմ` հյուրանոցները պետք է ավելի օրգանիկ, դիետիկ սնունդ ապահովեն հյուրատների այցելուների համար, քանի որ, ի վերջո, Ծաղկաձոր այցելելու նպատակը ոչ թե ուտելն է, այլ սահելը,- ընդգծում է Անդրեյ Նիկիտինը։

IMG_7130 copy

Հայաստանյան տուրիզմի ամենագրավիչ օրրաններից մեկը համարվող Ծաղկաձորը մի քանի տարի է, ինչ լեռնադահուկային հանգստավայր կոչվելու լիիրավ իրավունքն ունի։ 1969թ.-ին Թեղենիսի լանջին կառուցված բազկաթոռային ճոպանուղու շնորհիվ, որը, ի դեպ, այդ ժամանակվանից դարձել է քաղաքի այցետոմսը, ոչ միայն տեղաբնակների, այլև օտարերկրացիների՝ հիմնականում ռուսների համար ձմեռային հանգիստն ավելի հրապուրիչ և մասսայական դարձնելուն է միտված:

IMG_7098 copy

Արդեն վաղուց մարզված լինելն ու սպորտային նորաձև հագուստով ներկայանալը հանգստյան այս գոտում կարծես թե դարձել է չգրված օրենք՝ սոցիալական որոշակի հակադրություն ստեղծելով բնակիչների և քաղաքի հյուրերի միջև։ Այնուհանդերձ, ինչպես զբոսաշրջիկներն են նկատում, այստեղ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր, մեղմ ասած, ոչ պատշաճ dress code-ով են գալիս Ծաղկաձոր լեռնադահուկային հաճույքը վայելելու: Պետք է նկատել, սակայն, որ այս միտումը կամաց-կամաց նահանջում է: ՙԾաղկաձոր վերջին այցելությունս երրորդն էր, քանի որ ի սկզբանե հանգստյան այս գոտին իր բոլոր թերություններով հանդերձ ես շատ սիրեցի։ Առաջին անգամ, երբ բարձրացա սահելու գոտին, զարմացել էի։ Ցուրտ եղանակ, հաստ շերտով ձյուն և… գլամուրային աղջիկներ՝ ոչ տեղին և անհարմար հագուստով։ Նրանք երևի ցանկանում էին ցուցադրել իրենց բրենդային հագուկապը։ Հավանաբար նրանց ոչ ոք չէր զգուշացրել, որ դրա տեղը սարալանջը չէ՚,- հիշում է Աննան։

IMG_7057

Անտառային ու ալպիական լանդշաֆթ, մեղմ կլիմա և ակտիվ հանգստի հնարավորություններ… Թեղենիսի երկար, թեք սարալանջերը միմյանց միջև կիսում են լեռնադահուկորդները, սնոուբորդիստներն ու ձնագնացներ վարել սիրողները։ Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորը վերջին մի քանի տարիներին շատ զբոսաշրջիկների համար դարձել է նաև ընտանեկան հանգստի էքստրեմալ հավաքատեղի։

IMG_7053

Ձմեռային տուրիզմի նախընտրելի վայրը՝ Ծաղկաձորը, հիանալի կերպով համապատասխանում է թե’ փորձառու մարզասերների, թե’ սիրողական մակարդակին տիրապետողների համար։ Այստեղ ձյունահյուսի հանդիպելը բացառվում է, իսկ հերթերն առհասարակ բացակայում են լեռնադահուկային մարզուղիների մոտ։ Անդրեյը պատմում է, որ հյուրանոցից դուրս առաջին խնդիրը, որին բախվել է Ծաղկաձորում, փոխադրամիջոցների բացակայությունն էր։ ՙԱյստեղ զբոսաշրջիկների համար նախատեսված մեքենաներ չկան կամ կան, բայց դրանք տեղաբնակների մեքենաներն են։ Հիշում եմ. առաջին օրը պետք է բարձրանայինք ճոպանուղի բնակիչներից մեկի մեքենայով, որը տաքսի էր: Բարձրացանք, բայց այդպես էլ չհասանք։ Մեկ պարզ պատճառով. մեքենան հին էր, և շարժիչը չենթարկվեց վարորդին։ Մենք ստիպված եղանք մեզ ենթարկել մեր ոտքերը և ինքներս բարձրանալ՚,- կատակով հիշում է Անդրեյը։

Դահուկային սեզոնի բացումը Ծաղկաձորում մեկնարկում է նոյեմբերի կեսերից և տևում մինչև ապրիլի կեսերը: Ձմեռային շրջանի միջին ջերմաստիճանը -6 աստիճան է։ Ծաղկաձորյան լեռնադահուկային տուրիզմը գրավիչ է նաև տարբեր երկրների հավաքականների մարզիկների կողմից մարզումներ անցկացնելու տեսանկյունից։ Բացի այդ, մարզուղիների մակարդակը նախատեսված է դահուկավազքի՝ հիմնականում միջին մակարդակի համար, կան նաև մարզուղիներ արհեստավարժ և սկսնակ դահուկորդների համար: 2819 մ բարձրություն. դահուկավազքի ամենաբարձր կետը հենց այս բարձրության վրա է։ Այստեղից պարզկա օրերին կարելի է վայելել Սևանա լճի և Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը:  Լեռնադահուկային մարզուղիների սկիզբը գտնվում է 1966 մ բարձրության վրա: Այստեղից սկիզբ են առնում երկու ճոպանուղիներ` թիվ 1-ը և թիվ 5-ը. բարձրությունը՝ մինչև 2230 մ:

IMG_7027

Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին՝ 1840 մ բարձրության վրա տեղակայված Ծաղկաձորը հեռահար մարտահրավեր կարող է նետել ֆրանսիական լեռնադահուկային Կուրշավել հանգստավայրին. Ծաղկաձորի բարձունքն ընդամենը 10 մ-ով է ցածր ամենաբարձրը համարվող ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրից: Մեր հերոսները, այնուհանդերձ, փորձեցին համեմատել ծաղկաձորյան հանգիստն ու միջավայրը նախևառաջ ԱՊՀ տարածքի լեռնադահուկային հանգստավայրերի առաջարկների հետ։ ՙԲելոռուսական հանգստավայրերը մի կողմ թողնեմ, քանի որ դրանք իսկապես գրավիչ են, և հայաստանյան առաջարկը համեմատեմ վրաստանյանի հետ։ ՙՁեզ մոտ միանշանակ ավելի հրապուրիչ է ու նախևառաջ՝ լեզվի իմացության տեսանկյունից,- խոստովանում է Աննան և ավելացնում։- Ծաղկաձորում ռուսերեն հասկանում են գրեթե բոլորը։ Երկրորդ կարևոր նախապայմանն ինձ համար, ամեն դեպքում, անվտանգությունն է։ Օրինակ, երբ ես ընկերուհուս հետ ուշ երեկոյան շրջում էի քաղաքով, մենք մեզ ապահով էինք զգում։ Սա իսկապես կարևոր է՚:

IMG_7003

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության դինամիկ զարգացող և հեռանկարային ճյուղերից է, որն իր զարգացումներով ոչ միայն մեծ դեր կարող է խաղալ Հայաստանի տնտեսության բարգավաճման համար, այլև նպաստել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ծաղկաձորյան առաջարկներից օգտվողների դիտարկումները եթե ոչ գործարարներին, ապա ոլորտի պատասխանատուներին մտածելու տեղիք պետք է տան։ Հատկապես տեղեկատվական դարաշրջանում, երբ համակարգչի մկնիկի մեկ հպումով կարող ես կարծիքդ տարածել ամբողջ աշխարհով մեկ ու այն լսելի դարձնել բոլորին, ապա պատասխանատու մարմիններն առավել ուշադիր պետք է լինեն այդ նույն կարծիքներին, տվյալ դեպքում` զբոսաշրջիկների արձագանքներին։ Այնպիսի ճանաչված կայքէջեր, ինչպիսիք են` www.tripadvisor.ru-ն, www.turpravda.com-ը և այլն, տարբեր վայրերի վերաբերյալ մեկնաբանությունների հիանալի հարթակ է։ Ընդամենը մի քանի մեկնաբանություն, կարծիք, դիտարկում ու դրանց համեմատության հնարավորություն, և… համակարգչի դիմաց նստած օգտատերը կարող է որոշել` այցելել այդ հանգստավայր, թե ընտրել այլ ուղղություն։ Որոշման վրա ազդելու առաջին նախապայմանը, իհարկե, գնային քաղաքականության և դրանց համարժեք առաջարկվող ծառայությունների որակն է՝ մատչելի, բայց մաքուր համարներից մինչև լյուքս դասի հյուրանոցային շքեղ ու հարմարավետ համարներ։ Ծաղկաձորյան հանգիստն օտարերկրացի զբոսաշրջիկների համար գնային բազմազանության սկզբունքով է ձևավորված. մեկտեղանոց համարներ` սկսած 5000 դրամից, մինչև թագավորական suite-ներ՝ մեկ գիշերվա համար 276 հազար դրամ արժողությամբ։ Ընդ որում, ծաղկաձորյան հանգստյան տների գնային քաղաքականությունը պայմանավորված է ոչ միայն առաջարկվող համարի հարմարավետությամբ, այլև հյուրանոցների՝ Ծաղկաձորի տեսարժան վայրերին մոտ գտնվելու հանգամանքով։

IMG_0954

Վերոնշյալ կայքէջերում տեղ գտած մեկնաբանություններից կարելի է տեղեկանալ, օրինակ, որ զբոսաշրջիկները հիմնականում բողոքում են Ծաղկաձորի հյուրանոցային համարներում առկա ինտերնետային վատ կապից, ինչպես նաև վճարովի լողավազաններից։ Բողոք-առաջարկների մեջ կան նաև հյուրանոցների երաժշտացանկը վերանայելու վերաբերյալ առաջարկներ։ Այնուհանդերձ, հայաստանյան այս ինքնատիպ բնակավայրն իր կլիմայական գրավիչ պայմանների շնորհիվ շարունակում է նորանոր զբոսաշրջիկների հոսք ապահովել և° ամռանը, և° ձմռանը։ Չնայած մենեջմենթային որոշ բացթողումներին, սակայն, նույն մենեջմենթի առումով հեռանկարային Ծաղկաձորն ԱՊՀ տարածքում ձմեռային էքստրիմի հանգրվան կոչվելու լիիրավ իրավունքն ունի: Ասվածը հաստատում է ռուս զբոսաշրջիկների` հայկական ակցենտով էքստրիմի հանդեպ մեծ հետաքրքրությունը, որը ներկայացված է www.roomguru.ru կայքէջում։ Այստեղ հրապարակված տվյալների համաձայն` 2016 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ն ԱՊՀ տարածքում գործող լեռնադահուկային հանգստավայրերի շրջանում զբոսաշրջիկների կողմից արված ամրագրումների առումով Ծաղկաձորը լեռնադահուկային 10 հանգստավայրերի մեջ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Ինչ խոսք, տվյալներն իսկապես տպավորիչ են՝ նախևառաջ բիզնեսի ստեղծման և առաջխաղացման տեսանկյունից։ Մնում է այդ բիզնեսի առաջխաղացումն իրականացվի գրագետ կերպովª միջազգային չափորոշիչներին համատասխանելու նպատակով։

IMG_7444