Recent posts
To top
1 Oct

Պետք է հաղթեր այնպիսի աղջիկ, ով կաշկանդված չէ, բեմական փորձ, կրթություն ունի. Թերեզա Մարտիրոսյան

Օրեր առաջ անցկացված «Միսս Արմենիա» մրցույթը երկար քննարկվեց, քննադատվեց և անհամաձայնությունների առիթ դարձավ. Հայաստանի ամենագեղեցիկ աղջկան ընտրելը հեշտ գործ չէ:

Տևական դադարից հետո «Միսս Արմենիան» նորից ստիպեց խոսել իր մասին, իսկ այսօր մենք ցանկանում ենք, որ  մրցույթի մասին խոսի ֆավորիտներից մեկը՝ Թերեզա Մարտիրոսյանը:

-Ինչու՞ որոշեցիք մասնակցել «Միսս Արմենիային»: Մրցույթը երկարատև դադարից հետո էր կայանում, վերջին տարիներին բոլորս մոռացել էինք այս մրցույթի մասին: Ի՞նչը դրդեց կամ հետաքրքրեց:

-«Միսս Արմենիա» մրցույթին ի սկզբանե չէի ցանկանում մասնակցել: Նախ ցանկություն չկար և հետո՝ նախորդ տարիների վարկանիշն էլ գոհացնող չէր: Ընտանիքիս անդամները հորդորեցին և ես ներկայացրի հայտը: Մինչև քասթինգի օրը դեռ մտածում էի՝ պե՞տք է այն ինձ, արժե՞ մասնակցել: Այս մրցույթի հաղթողը պետք է մասնակցի  «Միսս Աշխարհ» մրցույթին: Կարծում էի՝ պետք է հաղթեր այնպիսի աղջիկ, ով կաշկանդված չէ, բեմական փորձ, կրթություն ունի, կարող է ազատ շփվել լրագրողների հետ, աղջիկ, ով օրինակ կլինի շատ մարդկանց համար:

Image00003

-Բեմում բնատուր գեղեցկությունից զատ՝ պակաս կարևոր չէ նաև զգեստը: Ձեր դեպքում այն տպավորիչ էր և յուրահատուկ: Ինչպե՞ս են գեղեցկուհիներն ընտրել զգեստները, դա անհատակա՞ն ցանկություն էր: 

-Այո՛, բնատուր գեղեցկությունը կարևոր է, բայց եթե մարդու ներսը դատարկ է, կամ լցված միայն ատելությամբ և նախանձով, դա ոչ մի makeup ծածկել չի կարող: Զգեստի ընտրությունն իմն էր, երկար փնտրեցի, տարբեր մոդելավորողների մոտ եղա: Ոչ մի զգեստ իմ ցանկացած տեսքը չուներ, և վերջում որոշեցի կրել այն զգեստը, որը 1 տարի առաջ քույրս էր մոդելավորել ինձ համար:

Image00002

-Դուք այն քչերից էիք, ով չվախեցավ նաև քննադատություն հնչեցնել մրցույթի մասին: Նշել եք, որ հաղթող աղջիկը՝ Լիլի Սարգսյանը, չնայած ֆավորիտներից էր և շատ գեղեցիկ աղջիկ է, բայց կաշկանդված էր, մոդելային քայլվածք չուներ: Իսկ ո՞վ էր Ձեր գլխավոր ֆավորիտը և, ըստ Ձեզ, ի՞նչն էր պակասում այս մրցույթին՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանելու համար:

Չես կարող թաքցնել այն, ինչ պարզ երևում է: Լիլիի հետ կապված՝ իսկապես գեղեցիկ աղջիկ է, դեռ 17 տարեկան է, կարծում եմ ամեն ինչ առջևում է: 17 տարեկանում ես ո՛չ մտածում էի, ո՛չ էլ երազում մոդելային ասպարեզի  և մրցույթների մասին: Առաջին տեղում ուսումն էր: Ֆավորիտ, իհարկե, առաջին հերթին ինձ էի տեսնում, բայց, երբ արդեն հնչել էր իմ անունը, մտածում էի, որ Արփինեն պիտի հաղթի, ով դարձավ 2-րդ Վիցե Միսս Հայաստանը:

 Image00006

-Թերացումները՝ թերացումներ, բայց յուրաքանչյուր քայլ նոր փարձառություն է: Ձեզ համար «Վիցե Միսս Հայաստան» կոչումից բացի՝ այլ ձեռքբերում կար այս մրցույթում:

-Այս մրցույթը ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, որ կապ չունի, թե ով է հաղթողը, ով է հնգյակի մեջ, և ով առհասարակ չմտավ տասնյակ. Կարևորը հիշվող և տպավորիչ ներկայանալն է: Դրական արձագանքները շատ-շատ էին:

-Դուք մասնակցում եք Հայաստանում անցկացվող նորաձևության ցուցադրություններին, այստեղ հայտնի եք և սիրված, իսկ կա՞ն արդյոք Հայաստանից դուրս մոդելային կարիերա սկսելու առաջարկներ, Ձեզ տեսնու՞մ եք դրսում:

–Դրսում աշխատելու համար քայլեր չեմ արել, բայց ցանկություն, իհարկե, ունեմ:

Image00008

-Ուզում եմ, որ 3 խորհուրդ տաք «Միսս Աշխարհ» մրցույթի այս տարվա մեր մասնակիցներին և 3 խորհուրդ այն աղջիկներին, ովքեր իրենց ապագան տեսնում են մոդելային ասպարեզում:

-Ինձ հետ մրցույթին մասնակցած աղջիկներին կուզեի ասել, որ սա ևս մեկ քայլ էր և չպետք է կոտրվել, եթե արդյունքը չի համապատասխանել ձեր ցանկություններին: Իրականում, կուզեի ոչ թե խորհուրդ տալ, այլ օրինակ լինել: Աղջիկներն, ովքեր ուզում են  աշխատել այս ասպարեզում, պետք է իմանան, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ և պարզ չէ, ինչպես տեսնում եք հեռուստացույցով կամ նկարներում: Պետք է պատրաստ լինել, որ այս կամ այն քասթինգը կարող եք չանցնել, ոչ թե որ վատն եք, այլ որովհետև ցուցադրության համար գուցե այլ կերպար են փնտրում: Դրանից չպետք է ընկճվել: Երկրորդ՝ երգել սիրելը դեռ չի նշանակում, որ լավ ձայն ունեք, մոդելային ասպարեզը սիրելը ամենևին չի նշանակում, որ դուք մոդելի կառուցվածք ունեք և կկարողանաք երկար աշխատել: Երրորդ՝ լինել մոդել և մասնակցել գեղեցկության մրցույթների, սրանք տարբեր բաներ են. ցուցադրության ժամանակ հագուստն եք ցուցադրում, ոչ թե ձեզ:

Image00001