Recent posts
To top
17 Nov

Կանարյան արձակուրդներ. Ինչու մեկնել Տեներիֆե

Gran-Hotel-Bahía-del-Duque-Tenerife-exterior

 

Հերթական անգամ ամառային հագիստս պլանավորելիս որոշեցի հրաժարվել արդեն իսկ դասական դարձած տարբերակներից և ինչ-որ նոր, հետաքրքիր տեղ բացահայտել ինձ համար: Ճիշտ է` ամառն առանց ծով չեմ պատկերացնում, սակայն միայն դրա առկայությունը բավարար նախապայման չէ. ինքս պասիվ ծովային հանգստի սիրահար չեմ և միշտ այն փորձում եմ համատեղել քաղաքայինի հետ: Այս տարի սակայն ցանկացա ավելի ծովային վայր ընտրել, որը զուրկ չլիներ հետաքրքիր ժամանցավայրերից, տեսարժան վայրերից և իհարկե շոփինգից: Մի քանի տարբերակներ ուսումնասիրելուց հետո վերջնական ընտրությունս կանգ առավ Կանարյան կղզիների, իսկ ավելի կոնկրետ` Տեներիֆեի վրա…

Տեներիֆեն այն եզակի վայրերից է, որն առաջարկում է հանգիստ ամենատարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Այստեղ կարող եք ոչ միայն լողալ Ատլանտյան օվկիանոսի պարզ ջրերում, սուզանավով ուսումնասիրել ստորջրյա աշխարհը, զբաղվել դայվինգով կամ սերֆինգով, խաղալ գոլֆ կամ թենիս, այցելել հարևան կղզիներ, լիցքաթափվել ծովափնյա ակումբներում, այլև տեսնել մեր մոլորակի հնագույն ծառատեսակներից մեկը, մագլցել Ատլանտյան օվկիանոսի և Իսպանիայի ամենաբարձր կետը, զվարճանալ Եվրոպայի ամենամեծ ակվապարկում, այցելել կենդանական աշխարհին նվիրված թեմատիկ այգիները կամ շոփինգի գնալ տասնյակ մոլերից մեկը: Ինչպես տեսնում եք, հնարավորություններն այստեղ բազմազան են, սակայն ամեն ինչի մասին հերթով:

  Europe Villa Cortes

Մինչ Տեներիֆե մեկնելը հասցրել էի ուսումնասիրել բոլոր հնարավոր կայքերն ու տուրիստական ֆորումները, որպեսզի ճիշտ կարողանամ կազմակերպել 15-օրյա հանգիստս և ինձ հետաքրքրող ոչինչ բաց չթողնեմ: Իսկ այն, որ Տեներիֆեն մեր տարածաշրջանում դեռ այնքան էլ զարգացած ուղղություն չէ, հասկացա արդեն օդանավակայանից, երբ աշխատակիցը շուրջ հինգ րոպե փորձում էր հասկանալ, թե Մոսկվայից տրանզիտով ուր եմ մեկնելու, հետո էլ քիչ էր մնում ճամպրուկներս Թունիս ուղարկեր: Մի խոսքով` մի շարք արկածներով Մոսկվայից յոթ ժամ ինքնաթիռով թռնելուց հետո վերջապես հասա Տեներիֆե: Չնայած, որ ամառն այստեղ կլոր տարի է, իսկ օգոստոսը ամենաշոգ ամիսն է, օդի ջերմաստիճանը ընդամենը 28 աստիճան էր: Սովոր լինելով երևանյան անտանելի տապին` ստիպված էի երեկոներն ինչ-որ երկարաթև բան հագնել, մինչ շուրջբոլորը կարճ տոպերով էին քայլում: Այդ ամենի հետ մեկտեղ Ատլանտյան օվկիանոսն այս հատվածում բավականին տաք և հաճելի էր` հնարավորություն ընձեռելով երկար ժամանակ ջրում անցկանել: Շատ երկար ժամանակ ես իհարկե չունեի, քանի որ մի շարք տեղեր էի առանձնացրել անպայման այցելելու համար: Ինքս լինելով ակտիվ հանգստի կողմնակից` ընտրել էի Արոնա քաղաքի Լաս Ամերիկաս ծովափնյա հատվածը, որի հիմնական հանգստացողները, չնայած անվանմանը, անգլիացիներն էին: Այստեղ է գտնվում այսպես կոչված հայտնի Ոսկե մղոնն իր թանկարժեք խանութներով և ժամանցի վայրերով, ինչպես նաև Տեներիֆեի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը` մեքսիկական ոճում արված Europe Villa Cortes-ը, որտեղ իր հանգիստն է վայելել անգամ Ջենիֆեր Լոպեսը: Իսկ եթե ավելի հանգիստ ու ռոմանտիկ միջավայր եք փնտրում, խորհուրդ կտամ հարևան Ադեխեում տեղակայված բալիյան ոճում ձևավորված Royal Garden Villas & SPA-ի շքեղ վիլաները: Չնայած, որ հենց այստեղ են տեղակայված հիմնական տուրիստական գոտիները` չէի կարող չայցելել մայրաքաղաք Սանտա Կրուսը, որտեղ ավտոմեքենայով հասնելու համար պահանջվեց շուրջ մեկ ժամ: Միակ սարսափելի բանը ճանապարհներն են, որոնք ողջ կղզիով շատ ոլորապտույտ են, մասնավորապես, երբ դրանք սարով վեր են բարձրանում: Ամեն անգամ ավտոմեքենայով ճամփա ընկնելուց առաջ երկար նախապատրաստում էի ինձ, սակայն, երբ տեղ էի հասնում և տեսնում այն, ինչի համար եկել եմ, միանգամից մոռանում էի բոլոր դժվարություների մասին: Ի դեպ, ինչ վերաբերում է Սանտա Կրուսին, ապա այն Կանարյան կղզիների միակ մայրաքաղաքը չէ. Մյուսը` Լաս Պալմասը, գտնվում է հարևան Գրան Կանարյա կղզում: Սա թերևս միակ վայրն է աշխարհում, որ միառժամանակ երկու մայրաքաղաք ունի, ավելի ճիշտ ոչ միառժամանակ. չորս տարին մեկ դրանք փոխվում են, սակայն որքան էլ փորձեցի տեղացիներից պարզել, թե որն է հիմա իրենց մայրաքաղաքը, այդպես էլ հստակ պատասխան չստացա: Փաստորեն, նրանց դա այդքան էլ չի հետաքրքրում: Ինչևէ, եթե եկել եք Սանտա Կրուս, ապա ինձ նման պարտավոր եք այցելել Տեներիֆեի թերևս ամենագեղեցիկ լողափերից մեկը` Լաս Տերեսիտասը: Արմավենիներ լողափի ողջ երկայնքով, օվկիանոս ներխուժած բլուրներ, սարի մեջ կորած տներ և մանր ոսկեգույն ավազ: Ճիշտ է` այն այստեղ բերվել է աֆրիկյան Սահարա անապատից, սակայն այնքան ներդաշնակ է շրջակա բնության հետ, որ եթե ինձ չտեղեկացնեին վերջինիս արհեստական բնույթի մասին, երբեք չէի մտածի:

WP_20160729_11_35_29_Pro (2)

Մի քանի օր Տեներիֆեով շրջելուց հետո հասկացա, որ այն տարատեսակ անտառների և կենդանական աշխարհին նվիրված այգիների իսկական դրախտավայր է. չեմ կարող պատկերացնել նման չափսերի մեկ այլ վայր, որտեղ կենտրոնացած լինեն այդքան թեմատիկ այգիներ: Ջրային կենդանիներ, կապիկներ, գիշատիչներ, սողուններ, թռչուններ և նույնիսկ թիթեռներ. այնպիսի տպավորություն էր, որ նրանք կենդանական աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի համար առանձին այգի ունեն: Սակայն քանի որ ինքս վերջիններիս սիրահար չեմ, չայցելեցի դրանցից և ոչ մեկը: Բայց եթե դուք ձեզ այդպիսին եք համարում, ապա ուղղակի չեք կարող չգնալ աշխարհի երկրորդ ամենալավ կենդանաբանական այգին` հանրահայտ Loro Parque-ը, որտեղ ձեզ սպասում են կենդանական աշխարհի ամենագեղեցիկ և հետաքրքիր ներկայացուցիչները: Ինքս կենդանիներին հանգիստ թողեցի և փոխարենը ուղևորվեցի դեպի փոքրիկ Իկոդ դե լոս Վինոս քաղաք, որի ճանապարը կարծես ամպերի միջով վեր բարձրանար: Հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենահին ծառատեսակներից մեկը` վիշապի ծառը: Այն գոյություն ունի անհիշելի ժամանակներից և ըստ լեգենդի` առաջացել է այնտեղ, որտեղ վիշապի այրուն է թափվել: Կղզու հնագույն բնակիչներն այն սրբացնում էին և հավատում դրա գերբնական հնարավորություններին: Իկոդի վիշապի ծառը գտնվում է Parque del Drago այգում, որի մուտքն ընդամենը 5 եվրո է: Ասում են` այս ծառը 1000-2000 տարեկան է և փաստացի մեր թվարկության հնագույն վկաներից է: Իհարկե, վիշապի ծառի ծագման մասին պատմությունները միայն գեղեցիկ լեգենդներ են, սակայն կանգնելով դրա կողքին իրոք աննկարագրելի զգացողություններ ես ունենում, մասնավորապես երբ հետևում նշմարվում է Տեներիֆեի գլխավոր խորհրդանիշը` Տեյդե հրաբուխը: Վերջին անգամ նման զգացողություններ ունեցել էի, երբ կնագնած էի իտալական Պոմպեի քաղաքի ավերակների մոտ, իսկ հետևում երևում էր չարաբաստիկ Վեզուվ հրաբուխը… Սակայն վերադառնանք Տեյդե: Տեղացիները կարծում են, որ եթե դուք այցելել եք կղզի և չեք գնացել Տեյդե, ապա դուք չեք տեսել Տեներիֆեն: Հերթական անգամ ինչ-որ տեղ բարձրանալու առիթը երբեք բաց չէի թողնի, քանի որ շատ եմ սիրում սարեր մագլցել և տարատեսակ արշավների գնալ: Արդեն իսկ ճանապարհին հասկացա, որ չեմ սխալվել ինձ հետ տաք հագուստ վերցնելով. որքան վեր էինք բարձրանում, այնքան եղանակը ցրտում էր: Վերջապես հասանք ֆունիկուլյոր (տոմսն արժե 27 եվրո), որն էլ մեզ 8 րոպեների ընթացքում պետք է բարձրացներ 3555 մետր բարձրության վրա: Նման թեքության վրա Տեյդե բարձրալն իսկական ադրենալին էլ, հատկապես երբ հատակն ավելի ու ավելի էր հեռվանում` ներքևում թողնելով հսկայական անդունդ, իսկ ամեն նոր մակարդակ բարձրանալիս այնպես էր թափ տալիս, որ բոլորը միաձայն բղավում էին: Արդեն վերևում քայլում էի վերջին անգամ շուրջ 100 տարի առաջ ժայթքած հրաբուխից առաջացած լավայի հետքերով, իսկ միայն ներքև նայելիս ողջ մարմնովս դող էր անցնում: Սակայն եթե ուզում եք Տեյդեի գագաթը (3718 մետր) բարձրանալ, պետք է հատուկ թույլտվություն ստանաք www.reservasparquesnacionales.es կայքից, և դա պետք է այցելությունից առնվազն մի քանի ամիս շուտ անեք, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են: Հերթական անգամ նկատեցի, որ կանարյան կղզու բնակիչներն ու կառավարությունը այդքան էլ չեն սիրում իրենց բնական տեսարժան վայրերը գովազդել, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է ազգային այգիներին և յուրահատուկ բուսականություն ունեցող վայրերին` պահպանելով դրանք զբոսաշրջիկների կործանարար ազդեցությունից: Չփորձեք նաև լավայի կտոր կամ քար վերցնել Տեյդեից կամ դրան հարակից ազգային պարկից, քանի որ ստիպված կլինեք բավական մեծ տուգանք վճարել, եթե օդանավակայանում դրանք ձեզ մոտ հայտնաբերեն: Եվ սրանք միայն խոսքեր չեն. անձամբ եմ ականատես եղել, թե ինչպես են մի կնոջ տուգանում:

WP_20160801_16_45_08_Rich (2)

Teide Mountain at Sunset

    WP_20160731_13_08_22_Rich__highres

iamgenpaisajelunar

WP_20160731_12_01_50_Pro (2)

Վստահաբար կարող եմ ասել, որ Տեներիֆեի ամենագեղեցիկ վայրերից է Լոս Գիգանտեսը, որն իրենից ներկայացնում է Ատլանտյան օվկիանոսը մխրճված 300-600 մետր բարձրությամբ քարափներ: Մի քարքարոտ վայր էի գտել, որն ուղիղ դեպի օվկիանոս էր տանում, իսկ առջևում երևում էին հսկայական ժայռաբեկորները… Այստեղից էլ ուղևորվեցի Մասկա գյուղակ, որը զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից է, քանի որ հենց այստեղից է սկիզբ առնում նույնանուն կիրճը, որը ոտքով շուրջ 4 ժամ անցնելուց հետո տանում է դեպի օվկիանոս: Ըստ լեգենդի` այն ծովահենների սիրած վայրերից էր, որտեղ էլ նրանք պահել են իրենց գանձերը: Ճիշտ է` մենք դրանք չգտանք, սակայն աննկարագրելի հաճույք ստացանք թրեքինգից:

teneriffa-tenerife-spain-spanien-canary-islands-kanarische-inseln-masca-schlucht-valley-sunset-sonnenuntergang-gebirge

WP_20160730_14_03_47_Rich (2)

WP_20160730_13_35_34_Rich (4)

Տեսարժան վայրեր տեսնելն իհարկե հետաքրքիր է, սակայն անսպառ դրական էմոցիաների և նոր զգացողությունների հետևից ուղևորվեցի Եվրոպայի ամենամեծ ակվապարկը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույնը` ըստ հեղինակավոր TripAdvisor-ի: Այնպես որ Siam Park պետք է գնա յուրաքանչյուրը` անկախ նրանից սիում է ջրային ատրակցիոններ, թե ոչ: Տեղեկացա նաև, որ թաիլանդական Սիամ քաղաքի անունը կրելու և ճարտարապետության մեջ հին քաղաքի ոճն օգտագործելու համար ակվապարկը հատուկ թույլտվություն է ստացել թագավորական ընտանիքից: Ամռան ամիսներին այստեղ չափից շատ զբոսաշրջիկներ են գալիս` մասնավորապես հանգստյան օրերին, երբ նրանց միանում են նաև տեղացիները, ում համար տոմսերն ավելի էժան են: Զբոսաշրջիկների համար սովորական տոմսի արժեքը 34 եվրո է, սակայն եթե չեք ուզում ամեն ատրակցիոնի մոտ շուրջ 30 րոպե հերթ կանգնել, ապա կարող եք վճարել հավելյալ 15 եվրո և fast pass-ի հնարավորություն ստանալ` յուրաքանչյուր ատրակցիոնից մեկ անգամ օգտվելու համար: Վերջապես hայտնվելով այստեղ` առաջին հերթին որոշեցի փորձարկել ամենաբարդ ատրակցիոնները, որոնք հիմնականում նախատեսված են չորս հոգու համար: Ամենատպավորիչը վերջերս կառուցված 240 մետր երկարությամբ Singha-ն էր. աննկարագրելի զգացողություններ, երբ իջնում ես 18 մ/վ արագությամբ: Մինչդեռ ամենավախենալուն այսպես կոչված Tower of Power-ն էր. նույնիսկ մարդկանց սարսափահար դեմքերն ինձ չխանգարեցին գրեթե ուղղահայաց անկում կատարել 28 մետրից և հայտնվել շնաձկերով լի լողավազանում: Իսկ եթե ուզում եք այդ նույն շնաձկներին տակից հետևել, ապա երկար ճամփորդության գնացեք Mai Thai River-ով: Ադրենալինի սիրահարներին խորհուրդ կտամ նաև Dragon-ը, որը խոստանում է ազատ անկում ամբողջովին ուղղահայաց թունելով: Էքստրեմալ ջրային զվարճանքների սիրահարներին խորհուրդ կտամ Ատլանտյան օվկիանոսի հակատն ուսումնասիրել ոչ թե սուզանավի, այլև ստորջրյա սքութերի միջոցով: Պատկերացրեք, թե ինչպես եք սլանում ջրի ալիքները կտրելով: Իսկ հիմա պատկերացրեք այդ ամենը ջրի տակ: Հավատացեք` նման զգացողություններ դուք դեռ չեք ունեցել:

dragon_2 siam6

Spain:Tenerife:Playa de las Amйricas

playa_web_optimizada wavepalace_3

Ինչ վերաբերում է գիշերային կյանքին, ապա ինչը շատ է Լաս Ամերիկասում և Ադեխեյում, դա տարատեսակ սրճարանները, բարերն ու գիշերային ակումբներն են: Ճիշտ է` Տեներիֆեն Իբիցա չէ, սակայն եթե որոշել եք երեկոն շարունակել, ապա անկասկած ինչ-որ հետաքրքիր տեղ կգտնեք: Ինքս այցելեցի արդեն իսկ մեծ համբավ վայելող Papagayo Beach Club-ը, որը ցերեկային ժամերին աշխատում է որպես ծովափնյա սրճարան, իսկ երեկոյան վերածվում իսկական գիշերային ակումբի, որտեղ տիրում է էլեկտրոնային երաժշտություն: Մուտքի արժեքը 10-20 եվրո է` կախված միջոցառումից և ներառում է մեկ կոկտեյլ: Ամենահայտնի վայրերից է նաև երկհարկանի Cafe del Mar-ը, որի վերին հատվածում գտնվում է VIP-գոտին: Թեմատիկ միջոցառումների ժամանակ մուտքը վճարովի է և գործում է խիստ face control: Սակայն եթե Տեներիֆեում եք, ապա պարտավոր եք այցելել համար մեկ գիշերային ակումբը` Tramps-ը, որը ճանաչվել է լավագույնը կղզում: Այստեղ են նվագում ամենահայտնի դիջեյները և այստեղ են տեղի ունենում ամենաթեժ երեկույթները:  VIP-տեղերի արժեքը 135-500 եվրո է և ներառում է հյուրասիություն: Նշեմ նաև, որ այստեղ կարող եք կազմակերպել ցանկացած միջոցառում և պատվիրել կանանց կամ տղամարդկանց ստրիպտիզ-շոու:

tenerife-02

Papagayo 2 Papagayo 1

Բացի այդ, Տեներիֆե բավական հաճախ են այցելում արտասահմանյան աստղերը համերգային շոու ծրագրերով, ինչի մասին վկայաում էին ամենուր փակցված պաստառները: Ինչն ինձ իսկապես զարմացրեց, դա Comedy Club-ի ռեզիդենթ Պավել Վոլյայի Stand Up-ն էր, քանի որ, ինչպես կարող էի դատել իմ 2-շաբաթյա ճանապորհորդությունից, ռուսները Տեներիֆեում այդքան էլ շատ չէին:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի շոփինգը Տեներիֆեում, քանի որ Կանարյան կղզիներն օֆշորային գոտի են հանդիսանում և փոքր հարկերի շնորհիվ գներն այստեղ անհամեմատ ցածր են հատկապես խմիչքի, սիգարի և օծանելիքի վրա: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա հսկայակ օծանելիքիի խանութներ այստեղ կարելի է գտնել յուրաքանչյուր քայլափոխի: Եվ եթե չեք պատրաստվում ոչինչ գնել, ապա ավելի լավ է այդ խանութներ նույնիսկ հետաքրքրության համար չմտնեք, քանի որ դատարկաձեռն հաստատ դուրս չեք գա: Շատ են այստեղ նաև թանկարժեք ժամացույցների և հայտնի ոսկերչական զարդերի խանութները: Իսկ առաջին հայացքից անհրապույր թվացող խանութ մուտք գործելով` միայն գնապիտակներին նայելուց հետո կպարզեք, որ մուլտիբրենդային սրահում եք հայտվել, որտեղ, կարող եք գնել, օրինակ, Armani-ի կամ Valentino-ի օրիգինալ պայուսակներ: Չնայած, որ շատերը խորհուրդ են տալիս շոփինգի համար այցելել Սանտա Կրուս, պետք է ասեմ, որ Արոնայի և Ադեխեի շոփինգը ոչինչով չի զիջում վերջինիս և շատ հարցերում նույնիսկ գերազանցոջմ է: Այցելեցի իսպանիայի ամենահայտնի El Corte Ingles առևտրի կենտրոնը, որի յուրաքանչյուր բաժին ներկայացված է ըստ հարկերի: Սակայն ինչ-որ բան գտնելը կամ հասկանալը, որտեղ է ավարտվում մի բրենդային խանութը և սկսվում մյուսը այս հսկայական տարածքում, իրոք, դժվար է: Այնպես որ, եթե մայրաքաղաք եք պատրաստվում գնալ միայն շոփինգի համար, խորհուրդ կտամ չգնալ: Փոխարենը կարող եք շրջել Արոնայի և Ադեխեի բազմաթիվ մոլերով և խանությներով, որոնցից ամենաբրենդայինը Plaza del Duque-ն: Եթե հաճախակի եք պատրաստվում այստեղ շոփինգի գնալ, խորհուրդ կտամ ձեր հանգիստը կազմակերպել Bahia del Duque շքեղ հյուրանոցում: Եվս մեկ յուրահատուկ վայր, որը կցանկանամ անպայման նշել, Tenerife Pearl-ն է: Այն մարգարտյա զարդերի խոշորագույն կենտրոնն է Իսպանիայում: Բացի ֆիրմային խանութներից, կարող եք այցելել նաև արտադրամաս-խանութ և ծանոթալ մարգարիտների խնամքին և արհեստականը բնականից տարբերելու հմտություններին: Այստեղ զարդերը ներկայացված են ամենատարբեր գնային կատեգորիաներում, այնպես որ յուրաքանչյուրն անկասկած կգտնի իր մարգարիտը: