Recent posts
To top
5 Apr

ՍՈՖՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ. ԷԿՐԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

MAR_4258

Մեր ժամանակների ամենագեղեցիկ ու հմայիչ հայուհիներից մեկի` Սոֆյա Պողոսյանի հետ հանդիպեցինք քաղաքի հայտնի սրճարաններից մեկում: Սպիտակ վերնաշապիկ, կաշվե տաբատ, ցածրակրունկ կոշիկ, թափված վարսեր… Նա հավատացնում է, որ սա հենց այն կերպարն է, որով դերասանուհի, հաղորդավարուհի, մասնագիտությամբ հոգեբան Սոֆյա Պողոսյանին կարելի է բավական հաճախ տեսնել. նկարահանման հրապարակներից ու հանդիսավոր միջոցառումներից դուրս նա հենց այս տեսքով է իրեն առավել հանգիստ ու հարմարավետ զգում: Մեր զրույցն էլ սկսեցինք հենց այստեղից` փորձելով բացահայտել ծանոթ անծանոթուհուն ամենատարբեր կողմերից:

Զրույցը` Նոյ Սիմոնյանի
արտ-տնօրեն` Մայա Պողոսյան
ասիստենտներ` Լուսինե Մնացականյան, Եղիա Աբգարյան
լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան
դիմահարդարումը` Թինա Թևոսյանի (Make-up Studio)
վարսահարդարումը` Սուսաննա Խաչատրյանի (Susi-Art Beauty Salon)

cover

Սո’ֆյա, սա քո նախընտրելի կերպարն է փաստորեն…

Այո’: Ինձ բարձրակրունկներով, ընդգծված դիմահարդարմամբ կարելի է տեսնել միայն էկրանին, ֆոտոնախագծերում և միջոցառումների ժամանակ:

Շիկահեր. look, թե° lifestyle

Միանշանակ look: Մազի գույնը ոչ մի կերպ չի կարող փոխել բնավորությունս: Ընդհանրապես ինձ հոգեհարազատ են բաց գույները` թե’ հագուստի մեջ, թե’ մազերի դեպքում և թե’ նույնիսկ ինտերիերում: Ի դեպ, տարբեր շրջաններում փոխել եմ մազերիս գույնը:

բայց, այնուհանդերձ, ջենթլմենները նախընտրում են շիկահերների°ն:

Համաձայն չեմ: Ջենթլմենները միայն շիկահերներին չէ, որ նախընտրում են: Իսկական ջենթլմենը նախընտրում է խելացի, խորը ու բանիմաց կանանց:

Սովորաբար քանի° ժամ է պահանջվում տանից դուրս գալու համար:

Եթե նկարահանումների եմ գնում, ապա շատ քիչ. նկարահանման հրապարակում է ամեն ինչ արվում: Իսկ ահա երեկույթի գնալիս` երևի մեկից երկու ժամ: Նախկինում ավելի շատ ժամանակ էր հարկավոր, հիմա մի փոքր այլ է. նախօրոք գիտեմ` ի’նչ տեսք պիտի ունենամ, այդ իսկ պատճառով ամեն  ինչ ավելի արագ է ստացվում:

Ինչպե°ս են կինոյի բնագավառի կանայք վերաբերվում քեզ:

Շատ անսպասելի էր, ու նախևառաջ ինձ համար, որ ես այդպես էլ վառ ընդգծված բացասական վերաբերմունքի չարժանացա:

MAR_3689

Գուցե լավ քողարկե°լ են:

Չգիտեմ, գուցե ես չեմ նկատել, համենայն դեպս այն շրջանակներում, որտեղ աշխատել եմ, արտառոց ոչինչ չի եղել:

Մի°թե ամեն ինչ այդպես հարթ է եղել. մի տեսակ հավատ չի ներշնչում այն, որ քեզ պես գեղեցկուհին կարող է <<ավելորդ>> տրամադրություններ չառաջացնել նկարահանման հրապարակում կամ դրանից դուրս:

Շնորհակալ եմ… Բայց, չէ’, իսկապես ընկերական պարզ հարաբերություններ են եղել: Գուցե մեկ ուրիշ բնագավառում ամեն բան մի փոքր այլ լիներ: Մեր դեպքում այնքան շատ ես աշխատում նույն մարդկանց հետ (օրվա ընթացքում անընդհատ շփումներ ու դարձյալ աշխատանք), այնքան շատ ժամանակ անցկացնում միասին, որ պարզապես չես կարող անկեղծ չլինել: Կամ, չգիտեմ, գուցե ե°ս եմ ուզում այդպես մտածել:

Բայց դու հաստատ լսել ես կարծիքներ, որ քեզ դերեր են առաջարկում գեղեցկության համար:

Այո’, շատ են ասել, ու սկզբնական շրջանում ծանր էի տանում, բայց դա նաև յուրահատուկ շարժառիթ էր, որ ինքդ քեզ վրա աշխատես: Դեռ շատ անելիքներ կան, բայց, համենայն դեպս հիմա, արտաքինի հետ կապված նման կարծիքներ համարյա թե չեն հնչում: Ի ուրախություն ինձ` ավելի շատ խաղից, դերերից ու ֆիլմերից են խոսում: Այսօր ես ինքս էլ շատ քիչ եմ մտածում` այս ռակուրսից ավելի գեղեցիկ կերևա°մ, թե° այն: Կերպարն իրենն է թելադրում, ու ես գնում եմ նրա հետևից:

MAR_4258

Դրսում շատ ավելի հանգիստ են վերաբերվում արտաքինին` եղի’ր այնպիսին, ինչպիսին կաս, հաշտվիր բնության կողմից քեզ տրված տեսքի հետ…

Ես ծայրահեղություններ չեմ սիրում: Մի կողմից, այնքան էլ ճիշտ չի լինի առանց պայքարի հաշտվելը, մյուս կողմից էլ ընդունելի չէ փոփոխությունների հետևից ընկնելու մոլուցքը: Բայց մի բան կարևոր է. կինը պետք է խնամված լինի ու դուր գա ինքն իրեն: Եվ վերջապես, ամեն մեկն ինքն է որոշում` ինչ անել ու որքան:

Հիմա շատերը կասեն` հեշտ է ասում, իրեն բնությունն ամեն ինչ տվել է:

(Ժպտում է): Դե գիտեք, դու ինքդ չես ընտրում, ինչ տեսքով ծնվել: Ու մարդն ինքն իրեն պիտի ընդունի այնպիսին, ինչպիսին կա և, իհարկե, աշխատի կատարելագործվել` շարունակելով սիրել իրեն հենց իր արտաքինի մեջ:

Ի°նչ է նշանակում աշխատել քեզ վրա:

Նախևառաջ անկեղծ լինել ինքդ քեզ հետ, նաև համարձակ, որպեսզի կարողանաս տեսնել ու խոստովանել, որ քեզ մոտ կան որոշ բացասական կողմեր կամ շտրիխներ, որոնք քեզ խանգարում են: Պետք է կարողանալ հաշտ ապրել այդ ամենի հետ` խելամտության սահմաններում փորձելով օգնել ինքդ քեզ:

Իսկ քո անձի ու հատկապես արտաքինի հանդեպ քո իսկ վերաբերմունքը տարիների հետ փոխվո°ւմ է:

Այո’, ժամանակի ընթացքում ու հատկապես 20-21-ից հետո ես ավելի շատ պահանջ եմ զգում հանգիստ, բնական ու չկաշկանդող վիճակի: Դեկորատիվ միջամտություններն այլևս <<չեն անհանգստացնում>> ինձ: Նախընտրում եմ լինել նախևառաջ խնամված:

Ի°նչ կասես այն աղջիկներին, ովքեր ցանկանում են մտնել <<հանրաճանաչության եւ փայլի>> ոլորտը: Ինչպիսի°ն է իրականում այն միջավայրը, որն էկրաններից ու ամսագրերից խիստ գայթակղիչ է թվում:

Ֆիզիկական ու հոգեկան գերլարված աշխատանք, ժամանակ, ռեսուրսներ… Մեծ կամքի ուժ և համառություն է անհրաժեշտ այս ամենը պատվով տանելու համար: Միաժամանակ պետք է կարողանալ այնպես անել, որ կյանքիդ մյուս բոլոր կարևոր<<բաղադրիչները>> չտուժեն` ընտանիք, ընկերներ… Շատ մեծ պատասխանատվություն է մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում լինելը: Չգիտես` կսիրե°ն քեզ, թե° ոչ: Իհարկե, սիրեն, թե ոչ` հավասարապես պարտավորեցնող է: Բայց, եթե ընդհանուր նայենք, ճանաչվածությունը կարող է շրջապատի վերաբերմունքի մեջ սոսկ ինչ-որ երանգներ փոխել. ավելի ուշադիր են քո նկատմամբ, ավելի ջերմ, օրինակ, ժամանցի վայրերում: Իսկ իրականում <<ճանաչվածություն>> երևույթի ետևում նախևառաջ հսկայածավալ աշխատանք է ընկած:

MAR_4038

Մի°թե քեզ դուր չի գալիս, երբ ճանաչում են քեզ…

Սուտ կլինի, եթե ասեմ, որ դուր չի գալիս, բայց ավելորդ ուշադրությունը զրկում է ինքդ քեզ ու քո զգացողությունների հետ ազատ լինելու հնարավորությունից: Եթե կողքիդ ընկերները, օրինակ, կարող են բարձր ծիծաղել, բնական պահվածք դրսևորել, ես նախ պիտի մտածեմ` անե°լ, թե° չէ: Մարդիկ ուզում են քեզ միշտ դրական տրամադրությամբ տեսնել և պատրաստ շփման, սակայն եթե իրենց նկատմամբ համապատասխան վերաբերմունք չես ցուցաբերում, քեզ անվանում են գոռոզ կամ սառը մարդ:

Ինչպիսի° առաջարկ պիտի ստանաս, որ տեղափոխվես Հայաստանից:

Առաջարկներ եղել են, սակայն հայրենիքը մեկընդմիշտ լքելու մասին չեմ մտածել: Ներկա պահին նույնպես առաջարկներ կան, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնում, քանի որ վերջնական որոշում չեմ կայացրել:

Բայց դու պարբերաբար առաջարկներ ես ստանում ու մեկնում երկրից տարբեր համագործակցությունների շրջանակներում: Առաջիկայում եւս մեկնելու ես…

Այո’, Միացյալ Նահանգներ եմ գնալու. նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել: Մինչև այդ էլ արդեն նման համագործակցություն եղել էր…

Ամենաբարդը քո ընտրած ոլորտում:

Անընդհատ տարբեր մարդկանց հետ շփումները` գործնական թե անձնական, ինչը, իհարկե, մեծ ճկունություն է հաղորդում: Ավելին ասեմ` ես էներգիա եմ ստանում հենց մարդկային շփումներից. այն լիցքեր ստանալու անփոխարինելի աղբյուր է: Բայցևայնպես, այդ անընդհատությունը նաև քեզնից է էներգիա խլում. դու միշտ պիտի պատրաստ լինես ճիշտ շփվել մարդկանց հետ:

Ամենալուրջ ձախողումը, թեկուզ մեկ ակնարկը, որ քեզ զինաթափել է եւ ցանկացել ես ամեն ինչ թողնել:

Հիշում եմ, ամենասկզբում, երբ տեսա ինձ կադրում ու լսեցի ձայնս… շոկային մի բան էր: Ինքս ինձ խոստացա` վե’րջ, է’լ չեմ նկարահանվի: Դա ինքնաքննադատություն էր իհարկե: Նման պահերին միշտ մայրս է ինձ օգնել, ու մինչև հիմա նրա ցանկացած կարծիք ինձ համար ամենաիրատեսականն է: Արդեն չեմ հիշում, բայց ամենաառաջին պահին գուցե էլի ինքն էր, որ ինձ ոգևորեց ու ստիպեց առաջ գնալ:

MAR_4040

Ինչպե°ս ես պատկերացնում քեզ 20 տարի հետո:

Չեմ ուզում պատկերացնել:

Ինչո°ւ:

Վաղվա օրս անգամ չեմ պատկերացնում, ինչպե°ս կարող եմ խոսել հեռու ապագայի մասին:

Ինչ-որ բան կփոխեի°ր անցյալում:

Ընդհանուր առմամբ` ոչ: Բայց եթե վիրավորել եմ ինչ-որ մեկին, կուզենայի, որ նման բան արած չլինեի:

Իսկ ի°նչ կփոխեիր քո մեջ այսօր:

Կուզենայի ավելի վճռական լինել, հաստատուն ու կարողանայի շատ ավելի արագ որոշումներ կայացնել:

Քո կերպարով ի°նչ կուզենայիր փոխանցել մարդկանց:

Ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահում: Գոնե այսօր ես չունեմ այդ իրավունքը:

Բայց ճանաչված մարդիկ, անկախ իրենցից, կրում են այդ դերը: Դու, ուզես թե չուզես, դառնում ես էտալոն:

Ընդհանուր առմամբ կուզենայի… չգիտեմ… Ի’նչ դժվար է սեփական անձիդ մասին խոսելը: Ես փորձում եմ անկեղծ լինել ինքս ինձ ու շրջապատի հետ` շեշտը դնելով մարդկային փոխհարաբերությունների վրա: Դա է իսկական հարստությունը, որ պետք է պահպանել, և ոչ երբեք նյութականը: Ես այդպես եմ փորձում ապրել:

MAR_3833

Ի°նչ կամ ո°վ կարող է միշտ ու ցանկացած պահի բարձրացնել տրամադրությունդ:

Ալեքսը` Մայայի տղան:

Ի դեպ, Սոֆյա եւ Մայա Պողոսյաններ: Դուք եւ’ նման եք, եւ’ շատ տարբեր:

Նախկինում շատ էին նմանեցնում, հիմա մի քիչ փոխվել է. արդեն տարբերում են մեզ: Մի զվարճալի դեպք պատմեմ: Ծանոթներից մեկը մի օր ինձ ասաց. <<Մայան քեզ ավելի է նման, քան դու` ինքդ քեզ>>:

Սրճարանում քեզ հյուրասիրում են Moet շամպայն եւ ուղարկում 101 վարդ:

Բոլորը գիտեն, որ ես ամուսնացած եմ, և նման բաներ թույլ չեն տալիս իրենց, սակայն եթե նման իրավիճակ լինի, միանշանակ կմերժեմ: Անծանոթ մարդկանցից պատահական նվերներ չեմ ընդունում:

Միջոցառման հյուր ես, որտեղ քաշքշուկ է սկսվել, որն ուր որ է կվերածվի ծեծկռտուքի:

Կմիջամտեմ: Ինձ մոտ լավ է ստացվում մարդկանց հետ զրուցելով իրավիճակը շտկել: Տագնապային չեմ. էքստրեմալ իրավիճակում միանգամից հավաքում եմ ինձ:

Պատվիրել ես <<Ցեզար>>, իսկ մատուցողը բերել է <<Կապրեզե>>:

Որևէ խնդիր չեմ տեսնում, այնպես որ, սկանդալներ չեմ ստեղծի, կբարձրաձայնեմ, սակայն չեմ պնդի, որ փոխեն:

MAR_4039

Ամենացանկալի նվերն այս պահին:

Փոքրիկ, հարմարավետ տուն ծովի ափին:

Հեռախոսազա°նգ, թե° sms:

Մեկ զանգն ավելի լավ է, քան հարյուր sms-ը:

Ի°նչը կարող է քեզ զայրացնել:

Դժվար է ինձ զայրացնել: Բայց հունից կարող է հանել այն, երբ փորձում են ճնշում գործադրել, որպեսզի այս կամ այն բանն անեմ: Չեմ սիրում խուճապահար մարդկանց: Նրանք քեզ էլ են այդ վիճակի մեջ գցում:

Ամենախենթ ծախսերն արել եք…

Փարիզում էր, տարիներ առաջ, բավական գումար ծախսեցի շոփինգի ու ամեն տեսակ մանր-մունր իրերի վրա: Բայց, ասեմ, սիրում եմ անիմաստ ծախսել:

Ձեր կյանքի սաունդթրեքը:

Շադեի բոլոր երգերը:

Օրվա ո°ր պահին ես քեզ ամենահարմարավետը զգում եւ որտե°ղ:

Երեկոյան ժամերին, տանը:

Չորս բառով նկարագրիր քեզ:

Չեմ կարող ինքս ինձ բնութագրել: Գուցե ընկերնե°րս օգնեն: Կամ քույրիկս` Մայան:

MAR_3797 Pet