Recent posts
To top
14 Apr

Սոֆի Մխեյան. տարբերություն չեմ դնում իմ «երեխաների»՝ իմ երգերի մեջ

sofi mkheyann

EL.am-կայքը զրուցել է Սոֆի Մխեյանի հետ նոր պլանների, ստեղծագործական կյանքի և ձեռքբերումների մասին:

Ձեր «Օրը և ներկան» տեսահոլովակը հիթ էր ամենուր. Ձեզ հիշում եմ հենց այդ տեսահոլովակով, ես այն լսում էի տանը, դպրոցում, փողոցում: Հետաքրքիր է՝ Դուք Ձեր երգերից ո՞րը կառանձնացնեիք:

-Միգուցե ոչ համաչափ ու տեղին համեմատություն անեմ, բայց, թերևս, միայն դրանով կկարողանամ ճիշտ բացատրել այն, ինչ ցանկանում եմ ասել: Մայրը երբեք տարբերություն չի դնում իր երեխաների մեջ, իր համար բոլոր երեխաներն էլ լավն են ու անթերի… Իհարկե, մեկը մի քիչ չարաճճի է, մյուսը՝ մի քիչ անդաստիարակ, երրորդը՝ հաջողությունների հասած, չորրորդը՝ հույսերը չարդարացրած: Մոտավոր այս սխեման է գործում: Ես նույնպես տարբերություն չեմ դնում իմ «երեխաների»՝ իմ երգերի մեջ, բոլորին հավասարաչափ սիրում եմ՝ չնայած նրան, որ ամեն մեկը յուրահատուկ են ինձ համար:

-Ո՞րն է Սոֆի Մխեյան երգչուհու գլխավոր նպատակը: Կա՞ն ստեղծագործական բարձունքներ, որոնց մասին միշտ երազել եք:

-Նպատասկասլաց մարդը, ինչպիսին ես ինձ համարում եմ, երբեք կանգ չի առնում ունեցածի վրա և փորձում է միշտ ձգտել ավելիին: Հաշվի առնելով այդ գաղափարախոսությունը՝ ես շարունակելու եմ արարել ու էլ ավելի մեծ բարձրունքների հասնել: Այդ բարձրունքների ճանապարհին չկա գերնպատակ, քանի որ ինչի էլ հասնեմ, միևնույն է, դեռ աշխատելու ու կատարելագործվելու տեղ կունենամ:

sofi mkheyan

– Ո՞րն է եղել Ձեր կարիերայի ամենահամարձակ քայլը կամ ամենահամարձակ կերպարը, որով ներկայացել եք:

-Ես տարիների ընթացքում  փորձել եմ համեմատաբար ավելի  համարձակ կերպարներով հանդես գալ, բայց, եթե Ձեր հարցին պատասխանեմ  հիմք ընդունելով «հայուհու կերպարից շեղվելը», միգուցե ասեմ՝ «Մի քիչ» երգի տեսահոլովակում իմ կերպարը փոքր ինչ ազատ էր: Եթե գլոբալ առումով պատասխանեմ, ես դեռ երբեք քննարկումների ու ավելորդ շահարկումների տեղիք տվող կերպարով հանդես չեմ եկել:

-Ձեր գրեթե բոլոր հարցազրույցներում  հարցնում են՝ «քաղաքականություն մտնելու միտք չու՞նեք» և «իսկ Ձեր սիրտը զբաղվա՞ծ է». ես ուզում եմ գրեթե նույն հարցն այլ կերպ տալ՝ մտածե՞լ եք՝ ինչպիսին կուզեիք լինել 10 տարի հետո:

-Ամեն ինչ իր հունով առաջ է գնում: Ես գոհ եմ: 10 տարի հետո միակ բանը, որ պատկերացնում եմ, դա իմ երեխային առաջին դասարան ուղեկցելն է:

sofi

-Ձեզնից  այս տարի նոր տեսահոլովակ սպասե՞նք: Կա՞ն ստեղծագործական պլաններ, որոնց մասին կուզեիք բարձրաձայնել:

-Ոչինչ չեմ բացառում: Ամեն ինչ հնարավոր է, բայց թույլ տվեք մնալ իմ ոճի մեջ՝ չսպասված ու անակնկալներով լի:


-Սոֆի, Ձեր ֆեյսբուքյան էջում տեսնում ենք, որ ակտիվորեն զբաղվում եք հասարակական գործունեությամբ, բարեգործությամբ: Կպատմե՞ք մի քիչ այդ մասին, ինչպե՞ս որոշեցիք:

-Հասարակական գործունեությամբ և բարեգործություններով նոր չէ, որ զբաղվում եմ: Խնդիրը այն էր, որ ժամանակին չէի ցանկանում բարձրաձայնել դրա մասին, որպեսզի չդիտվի, որ անում եմ հատուկ PR-ի համար: Իմ ֆեսյբուքյան էջում բարեգործությունների մասին բարձրաձայնելը արդեն ունի միայն մեկ նպատակ՝  բարեգործական ծրագրերի մասին տեղեկացնել ու իմ օրինակով ավելի շատ մարդկանց ներգրավել:

-Դուք նաև երգիչ Վիգեն Հովսեփյանի պրոդյուսերն եք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք փորձել Ձեզ նաև այս ասպարեզում:

-Ես համագործակցում եմ Վիգենի հետ ու փորձում եմ իմ փորձի շնորհիվ նրան հայտնի դարձնել: Իմ և Վիգենի համագործակցության համար, ցավոք, մեր  շոուբիզնեսյան «ժարգոնում»  այլ հարմար բառ չկա, քան «պրոդյուսերը»:

sofi mkheyan1

– 3 խորհուրդ, որ որպես երգչուհի-պրոդյուսեր կտայիք սկսնակներին:

-1.Եղե՛ք մաքուր և ազնիվ:

2.Երբեք մի կորցրե՛ք ձեր «ես»-ը:

3.Անընդհատ կատարելագործվե՛ք ու ինքնակրթվե՛ք:

Ձեր և Վիգեն Հովսեփյանի «Մի քիչ» երգը մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ ճանաչվեց տարվա լավագույնը: Մի քանի տարի առաջ Դուք Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեցիք տարվա լավագույն երգչուհին. կոչումներն ու մրցանակները ինչ-որ բան փոխո՞ւմ են ստեղծագործող մարդու կյանքում:  

-Ինչպես նախորդ հարցիս պատասխանի մեջ ասացի՝ պետք չի երբեք կորցնել սեփական «ես»-ը: Ես ամեն ինչ անում եմ իմ իսկ տված խորհրդին միշտ հետևելով: Իսկ կոչումներն ու մրցանակները միայն  ստիպում են, որ ամենօրյա աշխատանքիս շնորհիվ ապացուցեմ, որ ես իրականում արժանի եմ դրանց: