Recent posts
To top
14 Apr

«Տեսիլքում» կարևորը կինն է, կնոջ էմոցիան է. Սոֆի Մխեյան

4S2A0620

Մարտի վերջին օրը  Սոֆի Մխեյանի երկրպագուներին  ու youtube-ի հայկական լսարանին (և ոչ միայն) անակնկալ էր սպասվում: 2 շաբաթ է անցել նոր տեսահոլովակի պրեմիերայից և արդեն 360 հազարից ավելի դիտում և բազմահազար հավանումներ:
Մենք որոշել ենք սիրված երգչուհու հետ զրուցել նոր տեսահոլովակի ստեղծման պատմության  մասին և իմանալ ամենակարևոր մանրամասները:

-Արդյոք այս երգն ունի՞ ստեղծման յուրահատուկ պատմություն, եթե այո, կկիսվե՞ք մեզ հետ:

-«Տեսիլքի» երաժշտության հեղինակը ես եմ եւ Նիկը էգիբյան, խոսքերը Ավետ Բարսեղյանինն են։ Երգը հանրության ուշադրությանն եմ ներկայացրել այս տարվա իմ երաժշտական «ճամփորդության» շրջանակներում, սակայն այն կար նախքան նախագծի ստեղծվելը։ Թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է եւ յուրահատուկ, բայց այս պահին կցանկանամ հատկապես երգի վերնագրի ընտրության դրվագն առանձնացնել։

8_03351

Մինչև վերջին պահը տարբերակներ շատ կային, բայց չկար վերջնական ընտրությունը. «Մի կաթիլ սեր», «Իմ կես», «Առանց քեզ», «Ավերվում եմ»…

Ի վերջո, ընտրվեց Ավետի կողմից առաջարկված «Տեսիլք» տարբերակը։ Կարծում եմ՝ այս անունն իր մեջ ամփոփեց ստեղծագործության ողջ պատմությունը։

-Հետաքրքիր է՝ ինչպես որոշվեց, որ տեսահոլովակի նկարահանումներին պետք է մասնակցի նաև Նազենի Հովհաննիսյանը: Դերասանուհու ընտրության այլ տարբերակներ եղե՞լ են:

-Դերասանուհու ընտրության հարցը,  ստեղծագործության հետ կապված, այն միակ հարցն էր, որի հետ կապված ինքս ինձ հետ տարաձայնություններ չեմ ունեցել։

Չէի կողմնորոշվում, թե ով պետք է նկարահանի տեսահոլովակս, վերջինիս հետ կապված ունեի ամենատարբեր մտքեր, բայց տեսահալովակում ի սկզբանե ու միանշանակ տեսնում է հենց Նազենիին։ Ու երբ հաստատվեց Նազենիի ներկայությունը տեսահոլովակում, հենց ինքն ինձ առաջարկեց լինել տեսահոլովակի ռեժիսորը։

-Կադրում մենք Նազենի Հովհաննիսյանին ոչ միայն տեսանք, այլ նաև լսեցինք, իսկ այս «դուետը» կարծես՝ շատերին է դուր եկել: Ստեղծագործական նոր պլաններ կա՞ն  «երգ+խոսք» ձևաչափով

-Նախ շնորհակալ եմ ջերմ արձագանքների համար։ Նշեմ, որ «Տեսիլքի» նախնական տարբերակում խոսքը հնչում էր իմ կատարմամբ, բայց ամեն անգամ լսելիս մտածում էի, որ ես չեմ, որ պետք է ասեմ այդ խոսքը։ Ի վերջո, երբ հաստատվեց, որ Նազենին պետք է լինի տեսահոլովակիս հերոսուհին, հասկացա, որ հենց Նազենիի խոսքը կամբողջացնի ստեղծագործությունը։ Այդպես էլ եղավ։ Իսկ ինչ վերաբերում է համատեղ ստեղծագործական նոր պլաններին. դեռ ամեն ինչ առջեւում է։ :)

4_01851

-Հե՞շտ էր աշխատել որպես ռեժիսոր՝ սեփական տեսահոլովակի համար: Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք նաև այս ոլորտում:

-Այն, որ լուսանկարչության հանդեպ սեր ունեմ, արդեն վաղուց նորություն չէ, բայց այս անգամ գործ պետք է ունենայի շարժվող կադրի հետ։ Ինձ համար տեսախցիկին մոտենալը չափազանց պատասխանատու քայլ էր։ Չէի մտածում ռեժիսորական ձիրք ցուցադրելու մասին, պարզապես զգացողություններս մաքսիմալ արտահայտելու մեծ ցանկություն ունեի։ Իսկ, թե առաջիկայում կլինեն արդյոք նմանօրինակ պոռթկումներ, այս պահին կդժվարանամ ասել։

14_05981

-Եվ վերջապես՝ «Տեսիլքում» մենք տեսանք դետալային գեղեցիկ կադրեր, զգացմունքային ու հուզիչ դրվագներ, բայց ոչ՝ գլխավոր հերոսին՝ պրոֆիլից: Սա Ձեր  «ռեժիսորական  աչքի» պահա՞նջն  էր, թե մեկ այլ պատճառ կար: Ի վերջո՝ ո՞վ էր խորհրդավոր տղամարդը:

-Իրականում «Տեսիլքում» գլխավոր հերոսը որքան գլխավոր է, նույնքան էլ՝ երկրորդական։ «Տեսիլքում» կարեւորը կինն է, կնոջ էմոցիան է, սերը, ջերմությունը։ Իսկ տղամարդուն որոշակի շղարշով ներկայացնելը ռեժիսորական իմ աչքի պահանջն էր։

3_01344 10_05061 11_05531