Recent posts
To top
29 Apr

SEXY & PROVOCATIVE. Իջին Գրիգորյան

ՙԱմեն երկրում, եթե անգամ դա հայրենիքդ է, պետք է վաստակես քո հանդեպ սերը՚,- խոստովանում է մեր հայրենակցուհին: Նա մասնակցեց ՙԴեպի Եվրատեսիլ՚ նախագծին, ցնցեց բեմն ու լսեց իրարամերժ կարծիքներ: Բայց, ամենակարևորը, ձեռք բերեց երկրպագուների բանակ, որոնց սերը սրտում մեկնեց Հայաստանից: Սեր, որը, համոզված ենք, շուտով նրան նորից ետ կբերի հայրենիք:

Զրույցը՝ Նանե Վարդանյանի

արտ-տնօրեն՝ Մայա Պողոսյան

լուսանկարիչ՝ Gor Robertovich

դիմահարդարումը՝ Make-up Studio-ի

(Լուսինե Մանուկյան, Ժաննա Մաթոսյան)

Վարսահարդարումը՝  ՙՍերգեյ Զվերև՚ գեղեցկության սրահի

(Միհրան Կարապետյան, Տոմա Ավետիսյան)

2

Որքան գիտեմ` մեր այս ֆոտոշարքն իր մասշտաբայնությամբ ու տեսակով աննախադեպ էր քո պրակտիկայում: Ի՞նչ տպավորություններով ես գալիս նկարահանման հրապարակից:

Շատ ուրախ եմ, որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում: Ուրիշ կերպ էիք տեսնում ամեն բան: Այս անգամ կերպարս ավելի sexy էր, մի փոքր ագրեսիվ: Այո’, ես նման ֆոտոշարք չեմ ունեցել:

Իջի’ն, արտիստների մասին որքան կարդում ես, այնքան ավելի շատ ես համոզվում, որ դու նրանց մասին ոչինչ չգիտես կամ գիտես կիսով չափ: Դու ա՞յն ես, ինչ մենք տեսնում ենք բեմում:

Այն, ինչ տեսնում եք բեմում, իմ էներգիան է: Ես չեմ փորձում ցույց տալ մի բան, որն իմ ներսում չկա: Բեմում իմ ալտեր էգոն չէ, իսկական Իջինն է, որը չի կեղծում: Իսկ արդեն իրական կյանքում, տանը բեմի Իջինն ու իր հետ կապված ամեն բան փակվում է (ժպտում է.- հեղ.): Պահում եմ ինձ բեմի համար:

Զարմանքով ու նաեւ մեծ ուրախությամբ բացահայտեցի, որ քո մայրիկը ժամանակին Կոմպոզիտորների տանն առընթեր գործող հայտնի համույթի մեներգչուհին էր` Ադելինա Գրիգորյանը: Հայրիկը կիթառահար է: Դու երաժշտության ուղեկցությամբ ես մեծացել: Ի՞նչ ես հիշում  մանկությունից:

Ես հիշում եմ, որ հայրիկս միշտ նվագում էր: Նա, այո’, կիթառահար է, բայց շատ լավ դաշնամուր է նվագում: Զուգագուլպաները գցում էի գլխիս` իբր երկար մազեր ունեմ (մայրիկս միշտ կտրում էր մազերս), կանգնում էի աթոռին ու երգում (ծիծաղում է.- հեղ.)…

Ծնողներս ամեն բան արել են, որպեսզի ես ու քույրս զբաղվենք այն գործով, ինչով ցանկացել ենք զբաղվել: Ես միշտ ասում եմ՝ իմ նախագիծը չէր լինի, եթե չլինեին իմ ծնողները:

2004-ին որոշեցիր ընդունվել Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարան, որտեղ մեկ տեղի համար 40 դիմորդ կար եւ յոթ տեղ: Հանձնեցիր քննություններն ու առաջինն էիր ցուցակում: Հետո եկան մրցանակները` ՙМолодые дарования России՚ մրցույթի դափնեկիր, ՙՏարվա բացահայտում՚ Armenian Music Awards-ում եւ այլն, բայց ամենանշանակալին, թերեւս, Լոս Անջելեսի Կատարողական արվեստի ամենամյա մրցույթն էր:

Այո’, 14 տարեկանում ընդունվեցի Գնեսինների անվան ուսումնարան: 2006-ին այնտեղից ինձ ներկայացրին որպես լավագույն երգիչ ՙМолодые дарования России՚ մրցույթում: Հետո համառուսաստանյան ՙАллея славы՚ մրցույթ-փառատոնում տարիքային իմ կատեգորիայում արժանացա գրան պրիի և իրավունք ձեռք բերեցի մեկնել Լոս Անջելեսի մրցույթին: Ամերիկյան հանրահայտ լեյբլներից մեկն ինձ նկատեց և առաջարկեց համագործակցել: Մեկ տարի անց կարմիր դիպլոմով ավարտեցի ուսումնարանն ու մեկնեցի Մայամի:

555

Ամերիկային դեռ կանդրադառնանք, բայց դու մեզ մոտ չէի՞ր ուզում գոնե շշնջայիր այս հաղթանակներիդ մասին, երբ քննադատություններ էին հնչում:

Ես փող չեմ, որ բոլորին դուր գամ: Մեկին մի վոկալն է դուր գալիս, մյուսին` մեկ այլ: Ոմանք ստանդարտներով են գնահատում, ոմանք դուրս են գալիս դրանցից: Ամեն մեկն իր ոճն ունի, տեմբրի գույնը, իր խաղանիշերը` ֆիշկաները, ի վերջո:

Իսկ ի՞նչ  նկատի ունեին, երբ ասում էին` պետք է ձայնիդ վրա շատ աշխատել:

Դա երևի իրենց հարցնես (ժպտում է.- հեղ.):

6

Մի առիթով ասել ես, որ կողքով ես անցնում այն կարծիքների, որոնք հեղինակավոր չեն: Նման կարծիքներ հնչեցնում էին հենց հեղինակություն ունեցող մարդիկ, ովքեր անցել են այն ճանապարհով, ինչ դու:

Միայն ես գիտեմ, թե առաջին երկու փուլերի ժամանակ ինչ վիճակով բեմ դուրս եկա: Դրանից երկու ամիս առաջ վիրուսային հիվանդության պատճառով ձայնիս հետ լուրջ խնդիրներ ունեի: Բժիշկն արգելել էր երգել: Ասաց` կկորցնես ձայնդ: Բայց ես ռիսկի դիմեցի: Աշխարհն էլ շուռ գար, պիտի երգեի: Սա ոչ այնքան ֆիզիկապես էր դժվար, որքան հոգեպես: Ձայնն իմ գործիքն է, իսկ իմ գործիքն իմ կյանքն է: Արդեն երրորդ փուլում բոլորը, կարծում եմ, տեսան տարբերությունը: Անգամ այն մարդիկ, ովքեր խոսում էին վոկալի մասին, անձամբ մոտեցան ինձ ու իրենց հիացական խոսքերն արտահայտեցին: Առաջին տպավորությունը, իհարկե, վճռորոշ է, բայց նաև համոզված եմ` նա, ով կգա իմ համերգին, միանգամից կփոխի կարծիքը:

Վերադառնանք ԱՄՆ: Այստեղ Հեղինեն դարձավ Իջին…

Նրանք ուղղակի այդպես կարդացին իմ անունը՝ Իջին Գրիգորյան: Ու կարիերաս այդ անունով սկսվեց:

Քո եւ հայտնի ռեփեր T-Pain-ի Moon of Dreams տեսահոլովակը հավաքեց չորս մլն դիտում` մնալով www.mtv.com-ի ամենադիտված տեսահոլովակների 50-յակում այնքան ժամանակ, որքան կայքէջի ողջ պատմության ընթացքում եւ ոչ մի այլ տեսահոլովակ չի մնացել: Այն հաջողությունները, որ ունեցար ԱՄՆ-ում, մեծ էին, բայց վերադարձար Մոսկվա, քանի որ, ինչպես դու ես պատմել, խաղի կանոնները դաժան էին:

Այն, ինչ տեսաք հայաստանյան բեմում, ԱՄՆ-ում անցկացրած յոթ տարիների ընթացքում ձեռք բերած փորձի շնորհիվ էր: Երբ ետ եմ նայում… Երևանից` Նովոռոսիսկ, այնտեղից` Մոսկվա, Մոսկվայից էլ` Մայամի: Ու այս ամենը զրոյական հնարավորություններով: ԱՄՆ-ում լրիվ մենակ էի. ուրիշ արժեքներ, ուրիշ բարքեր, լեզու չգիտես, ծնողներիդ առջև պատասխանատվությունն էլ` մյուս կողմից: Երբ արդեն երկրորդ սինգլը պատրաստ էր, ընկերությունը նոր պայմանագիր բերեց` շատ խիստ պայմաններով: Պրոդյուսերական ամբիցիաներ կային: Ես ցանկանում էի ստեղծագործությամբ զբաղվել, ոչ թե բիզնեսով: Իմ երգերն ուրիշներին էին վաճառում, մարդիկ էլ կային, որ ցանկանում էին, որ ես իրենց երգերը երգեմ: Մի խոսքով, չէին թողնում ազատ ստեղծագործել: Ես հասկացա, որ այս ուղին սեղմում է ինձ: Իսկ ամենաշոկայինն այն էր, որ մինչև կյանքիդ վերջ պարտավորվում էիր քո եկամուտների 25 տոկոսը տալ այդ ընկերությանը: Նրանք զիջումների չգնացին, ես էլ չստորագրեցի: Արցունքներն աչքերիս չստորագրեցի: Վերադարձա: Ամբողջ աշխարհը մի ակնթարթում փլվեց:

5

Մոսկվայում էլ պակաս դժվար չէ. շնորհալիներն էլ են շատ, բարձրահասակ ու գեղեցկադեմ աղջիկներն էլ…

Այո’, բայց ես առաջ շարժվեցի: Ծնողներիս շնորհիվ ՙհետ եկա՚: Ես նաև գիտակցում էի, որ մեծ փորձ եմ ձեռք բերել, ու որոշեցի` ինքս եմ ամեն բան անելու: Սկսեցի ելույթներ ունենալ, գումար հավաքել: Առաջին տեսահոլովակը նկարահանեցի, որը youtube-ում հավաքեց միլիոնից ավելի դիտում: Ճիշտ է` իմ պրոյեկտները խիստ ընդգծված կոմերցիոն բնույթ չունեն, բայց… իմն են:

Իսկ ինչպե՞ս դիմակայել: Հաստատ մեկ ուրիշը հովանավոր կգտնի ու ավելի շատ գործ կանի:

Հիմա եթե ես նման մեկը լինեի, մեծ արտիստ կլինեի: Ա’ստղ (ծիծաղում է.- հեղ.): Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը: Ես ուզում եմ հպարտանալ իմ նվաճումներով, որոնց, գուցե, դժվար եմ հասել, բայց հասել եմ ինքս: Եթե ես գնայի ուրիշ ճանապարհով, երջանիկ չէի լինի:

Քո պորտֆոլիոն թերթելուց հետո, որում ավելացավ նաեւ այս համարձակ ֆոտոշարքը, հաստատ կասեն` հնարավոր չէ, նա էլ է շրջապատված հարուստ հովանավորներով:

Մարդիկ ապրում են արկղերում: Եթե այդ արկղում ուրիշ բան չի տեղավորվում, ուրեմն այդ ուրիշն ուղղակի չեն ընդունում: Ոմանք ուզում են հավատալ, որ այնպես է, ինչպես իրենք են մտածում: Եթե սկսես այդ ամենին հետևել, պարզապես կխելագարվես ու առաջ չես գնա: Միևնույն է, միշտ անուն կդնեն: Իմ անունն իմ հպարտությունն է: Ոչ ոք չի կարող այն փչացնել մի պարզ պատճառով` ապացույցներ չունի:

4

Եթե Playboy-ը կամ Maxim-ն առաջարկեն մերկանալ:

Կարող ես բացել ոտքերդ, դեկոլտեն, բայց կարևոր է` ինչպես ես դա անում: Բայց ես ի սկզբանե սահմաններ եմ դրել. լինի դա ամերիկյան Playboy թե ռուսական կամ ցանկացած այլ հեղինակավոր ամսագիր` մերկ նկարահանվե՞լ, երբե’ք:

Եթե անգամ մերկութունը գրագետ ու գեղեցի՞կ մատուցվի:

Համաձայն եմ, որ դա էլ կարելի է գեղեցիկ անել, բայց պետք է մտածել` ում առջև ես մերկանում, նկատի ունեմ ամսագրի ընթերցողին: Իսկ ովքե՞ր են նրանք (ծիծաղում է.- հեղ.)… կեղտոտ մտքերով տղամարդիկ: Պապիկս, հայրս միշտ ասել են` կինը պետք է գեղեցիկ ներկայացնի իրեն: Ու այս հարցում հայրիկիս դերը մեծ է: Այսօր ֆոտոշարքի ընթացքում, ի դեպ, ես ու մայրս պապային լուսանկարներ էինք ուղարկում:

Եվ ի՞նչ էր ասում նա:

Օօօ’, սուպեր է, ոճային է, sexy է, շատ լավ է:

Իսկապե՞ս:

Այո’, անկեղծ: Շատ հաճախ հայրիկս ինձ հետ նկարահանումների է գալիս: Եթե նա ասում է` բաց է, ուրեմն, իսկապես չափն անցել ենք:

Այսօր նա սրբագրումներ չի՞ արել:

Ո’չ: Գիտեմ, բոլորը չէ, որ կհասկանան: Ես նաև մոդելային գործով եմ զբաղվել, ինչն օգնել է հասկանալ մարմինս ու ճիշտ մատուցել այն:

Ո՞րն է քո սեքսուալության գաղտնիքը:

Ամենամեծ ուժը ներսում է: Ես կարող եմ փակ հագուստ կրել, ինչը չի խանգարի, որ իմ էներգետիկան զգան բոլորը: Եթե ներդաշնակության մեջ ես քեզ հետ, ուրեմն կա հմայք, սեքսուալություն, ձգողականություն:

3

Քեզ բնորոշելիս շատ հաճախ ասում են` նոր ժամանակների երգչուհի: Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ժամանակակից երգչուհին:

Ամենակարևորը, ես արտիստ եմ, ով աշխատում է մենակ, առանց պրոդյուսերի: Ունեմ թիմ` ռեժիսորներ, օպերատորներ, պարողներ, ինքս եմ երգեր գրում, զբաղվում խորեոգրաֆիայով, հագուստի դիզայնով, քույրս վարսահարդարումն է անում… Այսօր մենք կարող ենք թույլ տալ մեզ անկախ լինել:

ՙԴեպի Եվրատեսիլ՚ նախագծի շուրջ ծավալվող քննարկումներից մեկն էլ վերաբերում էր այն հարցին, որ մենք դարձյալ ունենք մասնակից, ով Հայաստանում չի ապրել ու ստեղծագործել: Դու չե±ս նեղանում քո հայրենակիցներից նման ՙմեղադրանքների՚ համար:

Ամեն երկրում, եթե անգամ դա հայրենիքդ է, պետք է վաստակես քո հանդեպ սերը, ու կարևոր չէ` ինչ ծավալի ու որակի աշխատանք ես կատարել: Իմ հաջողություններն իրավունք չունեմ ոչ մեկին պարտադրել: Պետք է գալ ու տեղում ապացուցել: Այստեղ նոր բան ուզեցի անել: Սկզբից թշնամանքով ընդունեցին, բայց այսօր ես շատ լավ երկրպագուներ ունեմ: Նրանք ինձ համար շատ կարևոր են:

Դու արական սեռի կողմից ուշադրության պակաս դժվար թե զգաս: Իսկ ինչպիսի՞ տղամարդիկ են քեզ դուր գալիս:

Ես էլ կուզենայի հասկանալ (ժպտում է.- հեղ)… Տղամարդու էներգետիկան է ամենակարևորը: Ես ինքս ուժեղ էներգիա ունեմ, և կցանկանայի, որ տղամարդու կողքին կարողանայի ինձ թույլ զգալ ու թեթևանալ… Սա քիմիա է ընդամենը:

Լուրջ հարաբերություն եղե՞լ է:

Այո’, եղել է, որն ավատվել է դավաճանությամբ: Ոչ թե մարմնական, այլ մարդկային: Երկրպագում ես, վստահում, հավատում, որ մարդն ընդունակ չէ ինչ-ինչ քայլերի, եթե լուրջ մտադրություններ ունի… մեկ էլ հանկարծ… Այդ դավաճանությունը չի բուժվում, իսկ փորձն էլ տանում ես քեզ հետ ամբողջ կյանքիդ ընթացքում: Ամեն մեկն իր պատմությունն է անցնում, ես էլ իմն եմ անցել: Այսօր ընկերությունն ինձ համար մեծ արժեք է, որին մեծ զգուշությամբ են վերաբերվում: Ես հիմա երկու կամ երեք ընկեր ունեմ ու իմ կյանքի ամենաերջանիկ փուլում եմ. ներդաշնակ եմ ինքս ինձ ու շրջապատիս հետ:

Դու պատմել ես, որ փոքր հասակում նիհարիկ, թուխ մաշկով, երկար մազերով աղջնակ էիր, ով, սակայն, դպրոցի տարիներն ուրախությամբ չի հիշում:

Նաև շատ կոմպլեքսավորված էի: Իմ աշխարհը, իմ երաժշտությունն ու ես: Երևի միակ սևուկն էի ամբողջ դպրոցում: Վառ բիծ էի, թույլ օղակ: Ես ճիշտ էի ապրում` ման չէի գալիս, ուշ չէի վերադառնում տուն, այսպես ասած, cool չէի: Ինձ դպրոցական տարիներս են կոփել ու հասունացրել:

Նեղացնո՞ւմ էին քեզ:

Երեխաները պատասխանատվություն չեն կրում իրենց արարքների համար: Ինձ ձեռք էին առնում ոչ թե այն բանի համար, որ ես նիհարիկ էի ու սևուկ, ո’չ, պարզապես իմ ստատուսն այլ էր: Ես ուղղակի ուրիշ էի: Իմ կյանքում այդ ՙուրիշ լինելը՚ միշտ ինձ ուղեկցել է` ԱՄՆ-ում, Մոսկվայում, նույնիսկ այստեղ: Ու դա սկսվել է դպրոցից: Համադասարանցիներս ինձ անգամ վատ մտքերի էին հասցնում, բայց օգնության էր գալիս երաժշտությունն ու ինձ ետ էր բերում:

Ի՞նչ էին ասում:

Չեմ էլ ուզում կրկնել: Նկարում էին ինձ գարշելի ձևով, փակցնում դասացուցակի վրա, որ բոլորը տեսնեն: Լուսանկարներս էին խզբզում: Սրանք ամենամեղմ բաներն են, որոնց մասին կարող եմ խոսել:

Իջի°ն, անկեղծությունից ու բնականությունից շատ խոսեցինք: Հիմա կասեն` իհարկե, բնական է, բա ի°նչ, մանավանդ շրթունքները:

(Ծիծաղում է.- հեղ.) Ո’չ, ես միայն շրթունքներիս ծավալն եմ մեծացրել: Նայե°ք իմ հին լուսանկարներին: Ես կարծում եմ` ամեն բան պետք է չափի մեջ լինի: Դե, այսօրվա մասին չէ խոսքը, իհարկե (ծիծաղում է՝ ցույց տալով make-up-ը.- հեղ.): Սա ֆոտոսեսիայի ՙհետևանք՚ է… Սկզբում, այո’, չափն անցել էի` նման այն երեխային, ում տալիս են իր սիրելի կոնֆետը, ու նա էլի է ուզում: Ամենքս էլ կոմպլեքսներ ունենք, որոնք մեզ ուղղորդում են: Ծնողներս ասացին` ստո°պ, ՙվերադարձի’ր՚: Արդեն մեկ տարի է՝ ոչինչ չեմ արել: Բայց ուրախ եմ, որ ժամանակին դիմել եմ միջամտության:

Դու երեկ չէ առաջին օրը մեկնեցիր Մոսկվա ու մեր ֆոտոշարքի համար նորից եկար Երեւան, մեկ օրով: Մի քանի ժամից նորից մեկնելու ես… Նման ռիթմով բազմաթիվ օրեր եմ մաղթում քեզ, Իջի°ն: Շնորհակալությո°ւն եւ բարի° ճանապարհ:

Շնորհակալությո°ւն: Մինչև նոր հանդիպում: