Recent posts
To top
1 Mar

«Եթե քաղցրավենիքը սիրով չպատրաստվի, երբեք համեղ չի լինի»․ Սաթիկ Աչիկյան

cover

Երևանյան «Սաթենիկ» հրուշակեղենի արտադրամասում մեզ ընդունեցին իսկական գավառցուն հատուկ հյուրընկալությամբ, բառ ու խոսքով, տրամադրությամբ և ընտանեկան ջերմությամբ։

8

Հենց այս կոլորիտային միջավայրում էլ արդեն 10 տարի արտադրվում են «Սաթենիկ»-ի քաղցրավենիքները։

Գործի նկատմամբ ունեցած սիրո, նվիրումի, Գավառի «համ ու հոտի» մասին զրուցել ենք ապրանքանիշի հիմնադիր Սաթիկ Աչիկյանի հետ։

6

Պատմեք՝ ինչից ամեն ինչ սկսվեց և ինչպե՞ս դարձաք հրուշակագործ։

-Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մայրս գաղափարը տվեց։ Ինձ հյուր եկավ, ու սկսեցինք միասին պատրաստել Գավառի գաթաներ։

Եվ․․․․ստացվեց (ժպտում է-հեղ

Այդ ժամանակ նոր էր բացվել «Երևան Սիթի» խանութների ցանցը, տվեցինք ու հաջողությամբ պսակեցինք մեր առաջին, փոքրիկ գործը։

7

-Իսկ հետագա ընթացքը՞․․․

-Սուպերմակետների մեծացման հետ ինքըստինքյան մեծացավ նաև մեր արտադրանքը։

Երբ ամուսինս արտագնա աշխատանքից վերադարձավ, զարմացավ, որ չունենալով գումարի կարիք, որևէ ֆինանսական խնդիր, ես սկսել եմ այդ գործը։

5

-Իսկ շրջապատի արձագանքը՞․․․․

-Մարդիկ լսում էին, որ գաթա եմ պատրաստում, և չէին հավատում։ Դե որովհետև մասնագիտությամբ ֆինանսիստ եմ։

Բայց մորս «թեթև ձեռքով», տատիկի բաղադրատոմսերով Գավառի գաթան դարձավ իմ կյանքի իմաստը, հետագա շարժառիթը, նաև՝ անձնագիրը որտեղ հյուր ենք գնում պարտադիր մեզ հետ մեր գաթան ենք տանում։

Գավառի գաթան, փախլավան միա՞յն գավառցին գիտի՝ ինչպես է պետք պատրաստել։

-Գիտեք, ճիշտն այդպես է, որովհետև միայն գավառցին կարող է Գավառի ոգին, շունչը, ուժը «դնել» պատրաստածի մեջ։

Իսկ պատրաստման մեջ կա՞ն «գաղտնիքներ», որից էլ՝ Ձեր խմորեղենը համեղ է ստացվում։

Գաղտնիքը՝ սերն է։ Եթե քաղցրավենիքը սիրով չպատրաստվի, երբեք համեղ չի լինի։

1

Վստահ եմ՝ շատերը կհետաքրքրվեն պատրաստման եղանակով, բաղադրատոմսով և մի շարք խոհարարական նրբություններով։ Կիսվու՞մ եք Ձեզ հատուկ ձեռագրով։

-Ճիշտ եք, եղել են նման դեպքեր։ Օրինակ՝ Ռուսաստանից եկել են, ամբողջ շուկայում պտտվել և հավանել են հենց մեր գաթաները։ Եկել են ինձ մոտ, խնդրել, որ բացատրեմ և ցույց տամ խմորի ձևը։ Իհարկե, չեմ մերժել։

Բայց գնացել են և շատ չանցած ինձ զանգել են՝ գիտեք ինչ, տիկին Սաթենիկ, այն համը չստացվեց, ինչպես Ձեզ մոտ է։

Ասել եմ՝ որ այդ համի համար պետք է լինել բնածին գավառցի։ Տեսնել է պետք մայրիկի, տատիկի թխածը։ Արյան հետ է գալիս․ յուրահատուկ մի բան է։

Արդեն 10 տարի է «Սաթենիկը» կա, սիրված է, արժանացել է մի շարք մրցանակաների։ Հաջողության գրավականը՞․․․․

-Իմ կոլեկտիվն է։ Իմ աշխատանքը հաջողության չէր հասնի, եթե աշխատակիցներս գործին սիրով չտրամադրվեին։

-«Լավագույն կին գործարար»-ի աշխատանքային սկզբունքը․․․․

-Կարգապահությունն է։

horizonakan

-Երազանքը՞․․․

Ունենալ մեծ արտադրամաս, որտեղ կաշխատի 100 մարդ։ Հիմա 10-ն են, պատկերացնո՞ւմ եք՝ 10 անգամ մեծ։

Մեր հայ կանայք բոլորը թխում են, շատ լավ խոհարարներ ու տնային տնտեսուհիներ են, ուզում եմ՝ նրանց աշխատանքը վարձատրվի։

-Դուք քաղցրակե՞ր եք, օգտվում եք Ձեր խմորեղենից:

Չենք կարող չուտել, ամեն օրվա թխածը փորձում ենք՝ տեսնելու փոփոխությունը ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, մթերքները գալիս են արտերկրից, և ինչ-որ մի բան փոխվում է։ Պետք է համտեսենք ու հասկանանք։

-Իսկ պատրաստելու ժամանակ կա՞։

Արդեն 7 տարի է՝ սեփական ձեռքերով խմոր չեմ հունցում։ Մեխանիզացված է ու իմ գործընկերները շատ լավ կազմակերպում են ամեն ինչ։

Չե՞ք կարոտում։

Կարոտում եմ, որովհետև երբ ես խոհանոցում էի թխում, ամեն օր ժամը 5-ին խմոր էի անում։ Հարևանուհիս ամեն անգամ հետաքրքրվում էր՝ արդյոք չեմ հոգնում։ Ասում էի՝ էներգիա եմ ստանում խմորից։ Հիմա էլ, տանը հարսիկիս հետ երբեմն թխելիս հաճույքով եմ պատրաստում։

Սաթենիկ» հրուշակեղենը նաև «Դյութիֆրի» է։ Ինչպիսի՞ն է տուրիստների վերաբերմունքը մեր հայկական ավանդական խմորեղենի նկատմամաբ։

Շատ բարձր են գնահատում, շա՜տ։Ցուցադրությունների ժամանակ եղել  է, որ ցանկություն են հայտնել գալ արտադրամաս, վառարանից հանելուց հետո անմիջապես գնեն և ուտեն։

-Եվ․․․եկե՞լ են։

Այո ունեցել ենք խումբ՝ գիդի ուղեկցությամբ։ Վառարանից հանել ենք ու անմիջապես ջարդել, կերել են։ Մենք այս ամենի մեջն ենք ու չենք զգում, իսկ իրենց համար սա շատ հետաքրքիր է ու կարևոր։

-Փորձեք նկարագրել Ձեր արտադրամասում տիրող մթնոլորտը, երբ մի տեղում են համեղ պատրաստել կարողացող, սիրող գավառցիները։

7

Հանդուրժողականությամբ, կարգ ու կանոնով, հումորով, տրամադրությամբ ու հավեսով․ այսպես եղել է և շարունակվում է։

Առաջիկա ծրագրերը՞․․․․։

Եթե անկեղծ, մենք 3 տարի հարկային քաղաքականության պատճառով աշխատել ենք պասիվ։ Հիմա առաջնային նպատակը՝ արտադրանքի մեծացումն է։ Փնտրում ենք նաև գործընկերներ արտերկրում մեր արտադրանքը արտահանելու նպատակով։

3

-Գարնանային տոներին ընդառաջ՝ մաղթում եք, որ․․․․

-Բոլոր կանայք ժպտան։

Ժպիտն ու սերը գեղեցկացնում է հայ կնոջը (ժպտում է-հեղ