Recent posts
To top
5 Sep

Հայկական RUZANE-ն՝ Cospopolitan-ի լավագույն տասնյակում է

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվեցին Mercedes-Benz Fashion Days Kiev նորաձևության օրերը: Գարուն-ամառ 2018 սեզոնի թրենդային հագուստներն էին ներկայացնում շուրջ 70 դիզայներներ՝ աշխարհի 15 երկրներից:

«Նորաձև օրերի» լուսաբանման գործին մասնակցում էին նաև համաշխարհային նորաձևության  ամենավառ էջերն ունեցող ամսագրերը՝ Vogue, Harper’s Bazaar, L’officiel, W, Cospopolitan: Այստեղ՝ Just In Space հարթակում, իրենց մտքի թռիչքներն ու ճաշակի ապացույցներն էին ներկայացնում նաև հայ դիզայներները:

Fashion-առաքյալների 12 հոգանոց խմբի մեջ էին ՝ BIAYNI BY VAHAN KHACHATRYAN, Aram Nikolyan, Ruzane, LOOM Weaving, SHABEEG, Z.G.EST, Sončess, Seda Manukyan, PETOOR, NELLI SEROBYAN, NAGHASH, VAHAN AVAKIAN ապրանքանիշերը:

Ի դեպ, նորաձևության ոլորտը լուսաբանող լրագրողների ու բլոգերների ուշադրությունից չեն վրիպել նաև հայկական հավաքածուները: Cospopolitan-ի ուկրաինական տարբերակը առանձնացրել է  Mercedes-Benz Fashion Days Kiev-ի 10 լավագույններին, որոնց թվում է նաև հայրենական RUZANE-ն:

Image00002

Ապրանքանիշի հիմնադիր Ռուզաննա Վարդանյանը մեզ ներկայացրել է Cospopolitan-ի տասնյակի լավագույն զգեստի պատմությունն ու կիսվել տպավորություններով:

 

-Ուկրաինական Cospopolitan-ը RUZANE-ի զգեստն ընդգրկել է Mercedes-Benz Fashion Days Kiev-ի ընթացքում ներկայացված 10 լավագույն զգեստների ցուցակում: Արդյո՞ք սա կարելի է համարել նոր էջ բրենդի պատմության ընթացքում:

-Սկսեմ նրանից, որ բրենդն ունի ընդամենը 9 ամսվա պատմություն և մենք արդեն ներկայացրել ենք երեք հավաքածու: Ուկրաինայում ներկայացվող հավաքածուն չորրորդն էր և մեր ամենապատասխանատու քայլերից մեկը: Սա մեծ փորձ էր, յուրահատուկ փորձառություն և առաջ գնալու հրաշալի պատճառ՝  RUZANE-ի և ինձ համար: Ճիշտն ասած, չէի սպասում, որ հենց մեր զգեստը կներառվի լավագույն տասնյակում և, որ միջազգային ասպարեզում կատարած հենց առաջին քայլը կգնահատվի: Սա պարտավորեցնող ու բարձր գնահատական է:

Image00001

-Հետաքրքիր է՝ այս զգեստն ունի՞ ոգեշնչման պատմություն: Հաջողված «արտադրանքները» թիկունքում սովորաբար մուսա են ունենում: Գուցե ֆի՞լմ, գի՞րք…

-Այո՛, զգեստը ստեղծելիս ոգեշնչվել եմ Կիլիկյան Հայաստանի մասին պատմող ֆիլմից:  Պատմական այս ֆիլմի հերոսների հագուստների ստեղծմանն, ի դեպ, որպես  նկարիչ, անձամբ եմ մասնակցել: Ժամանակաշրջանի շունչը, յուրահատուկ լուծումներն ու կաշվի և կտորի համադրությունն ինձ գրավեցին ու որոշեցի այն դարձնել ժամանակակից՝ հարմարեցնելով արդի կնոջ զգեստապահարանի պահանջներին:

Image00003

-Կկիսվե՞ք մեզ հետ Mercedes-Benz Fashion Days Kiev-յան տպավորություններով: Ի՞նչ տվեց այն հայկական նորաձևությանը և որքանո՞վ են կարևոր նմանատիպ միջոցառումները:

Նախ կցանկանայի շեշտել, որ մեր մասնակցությունը երաշխավորվեց և կայացավ երկու պրոֆեսիոնալների՝ Վահան Խաչատրյանի և Էլեն Մանուկյանի ջանքերով: Նրանց ներդրումը մեծ է հայկական նորաձևության զարգացման գործում և առանց իրենց հնարավոր չէր լինի ներկայանալ Mercedes-Benz Fashion Days Kiev-ում: Ինչ վերաբերում է այս ցուցադրության թողած հետքին՝ առաջին հերթին պետք է նշել, որ այն առաջ գնալու, նոր բան ստեղծելու և տաղանդը զարգացնելու շատ լավ շանս էր մեզ համար: Հենց նման միջոցառումների մասնակցելով մենք կարող ենք զարգացնել նորաձևության ոլորտն ու փորձել քայլել արևմտյան fashion-ի կանոններին հավասար:

-Իսկ ի՞նչ եք կարծում, մենք մրցունակ ենք եվրոպական շուկայում, կարող ենք համեմատվել և մրցել արևմտյան նորաձևության տների հետ:

-Կարծում եմ ՝այո, կարող ենք: Կոնկրետ այս ցուցադրությանը ներկայացված էին մի քանի տասնյակ դիզայներներ, մրցակցությունն իրոք մեծ էր և մենք ամենևին էլ թույլ չէինք: Մեր դիզայներների ներկայացրած զգեստները իրոք հետաքրքրություն ու հիացմունք էին առաջացնում, ի դեպ, նաև համաշխարհային հռչակ ունեցող ամսագրերի լրագրողների համար:

Image00004