Recent posts
To top
20 Sep

Ինչո՞ւ այցելել Panda Hookah, եթե անգամ նարգիլեի սիրահար չեք

Image00002

Յուրաքանչյուրս հայտնվել է իրավիճակում, երբ չի կողմնորոշվել՝ որտեղ անցկացնել ուրբաթ երեկոն կամ ուր գնալ երկուշաբթի աշխատանքից հետո, մասնավորապես, եթե տվյալ ռեստորանը կամ սրճարանը նոր է բացվել, և դուք պատկերացում անգամ չունեք՝ ինչ մթնոլորտ է այնտեղ տիրում: Մեր նոր խորագրում մենք ձեզ հետ կկիսվենք երևանյան ամենատարբեր ժամանցավայրերից ստացած տպավորություններով և կօգնենք ճիշտ ընտրություն կատարել այս կամ այն իրավիճակում: Այնպես որ, եթե համեղ խոնանոցի, անթերի սպասարկման և հաճելի մթնոլորտի սիրահար եք, ապա ուշադիր հետևեք ինձ: Դե իսկ առաջին թողարկման համար որոշեցի այցելել Panda Hookah, որտեղ բազմիցս եմ եղել, սակայն այս անգամ ոչ թե նարգիլե ծխելու, այլ իրենց հայտնի բուրգերը համտեսելու…

Image00001

Մթնոլորտ/դիզայն
Panda Hookah-ի դիզայնի վրա առանձնահատուկ չեմ ուզում կենտրոնանալ, քանի որ յուրահատուկ և աչքի ընկնող ոչինչ չկա. պարզ սրահ, հարմարավետ բազմոցներ և բազկաթոռներ, թույլ լուսավորություն: Այդ իսկ պատճառով հատուկ նախապատրաստվել այստեղ գալու համար պետք չէ: Ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա վերջիններս տարբերվում են Սարյան փողոցը շարունակող գինետների և ռեստորանների հաճախորդներից, քանի որ մեծամասնությունը նարգիլեի սիրահար տղամարդիկ են: Ինչն առանձնացնում է այս վայրը նարգիլեի մատուցման վրա մասնագիտացված մյուս վայրերից՝ ապա դա այն է, որ այստեղ հանգիստ կարող եք այցելել նույնիսկ եթե վերջինիս սիրահար չեք: Դե, իհարկե, եթե նարգիլեի  ծուխը ձեզ չի նյարդայնացնում:

Image00002
Ե՞րբ այցելել

Եթե չեք սիրում կիսադատարկ ժամանցավայրում նստել, խորհուրդ կտամ ժամը 20:00-ից հետո այցելել, երբ հաճախորդների հոսքն ակտիվանում է, այլապես բոլոր շանսերն ունեք սրահի միակ հաճախորդը լինելու: Միակ բանը, որ ինձ այստեղ դուր չի գալիս և ոչ մի կերպ չեմ կարող ընկալել, երբեմն կազմակերպվող կենդանի համերգներն են: Ճիշտն ասած՝ չեմ կարող հասկանալ նմանատիպ վայր 5 հոգուց բաղկացած բենդ հրավիրելու իմաստը, մասնավորապես երբ տեղը փոքր է, իսկ հաճախորդների մեծամասնությունը եկել է լիցքաթափվելու և նարգիլե վայելելու: Իսկ բարձր երաժշտության տակ այդ ամենը պատկերացնելը մի փոքր անհնար է:

Image00003

Մենյու
Panda Hookah-ի մենյուն շատ պարզ է. կազմված է առանձին խմիչքների և ուտեստների 1-էջանոց մենյուից, ինչը շատ հարմար է. ստիպված չեք բազում էջեր այս ու այն կողմ թերթել հասկանալու՝ ինչ եք պատվիրելու: Ուտեստների բաղադրությունը նշված չէ, սակայն եթե հարցնեք մատուցողին, նա սիրով կպատմի յուրաքանչյուրի բաղադրության և պատրաստման եղանակի մասին:

Image00004

Ուտեստներ
Չնայած որ Panda Hookah-ն մասնագիտացված է նարգիլեի վրա՝ խոհանոցը ոչ մի առումով չի զիջում վերջինիս: Մենյուն ներառում է ինչպես աղցաններ, մեքսիկական նախուտեստներ, պիցաներ, հիմնական ուտեստներ, այնպես էլ բուրգերներ: Այս անգամ այցելել էի հենց բուրգերները համտեսելու, որոնց մասին այդքան դրական կարծիքներ կարդացի տարբեր կայքերում թողած մեկնաբանություններում: Բուրգերները, իրոք, շատ համեղ են, տարբերվում են իրենց պատրաստման եղանակով, յուրահատուկ սոուսներով, սակայն գնային քաղաքականությունը մի փոքր անհասկանալի է, քանի որ որոշ դեպքերում այն նույնիսկ նույն բաղաադրիչներից պատրաստված հիմնական ուտեստներից թանկ է: Սպասարկումը լավն է, պատվերն արագ բերեցին, սակայն հաճախորդներն այդքան էլ շատ չէին:

PS. Եթե ինչ-որ օրիգինալ տեղ չեք փնտրում, այլ պարզապես ուզում եք լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ և համեղ սնվել, իսկ կողքի սեղանին նստած նարգիլե ծխող տղամարդիկ ձեզ չեն խանգարի, ապա այցելեք Panda Hookah:

Image00005