Recent posts
To top
23 Dec

Նրանք լքել են Հայաստանը. River Island, BHS, Benetton

Հայաստանում հիմա ճաշակով ու գեղեցիկ հագուստ գտնելը  առաջվա պես դժվար չէ, մեզ մոտ ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ եվրոպական ապրանքանիշներ, ինչն անհամեմատ հեշտացնում է հագուստ ընտրելու պատասխանատու  գործը: Խանութները շատ են, ընտրությունը՝ մեծ, և դուք հեշտ կկողմնորոշվեք, եթե իհարկե,  սիրելի խանութը դեռ չի փակվել և  դուք անպատմելի հավատարիմ հաճախորդ չեք:

Նոր տարուն ընդառաջ՝ մենք առաջարկում ենք թարմացնել ոչ միայն զգեստապահարանները, այլ նաև հիշողությունը: Այս անգամ որոշել ենք վերհիշել Հայաստանում թիթեռի կյանք ունեցած ապրանքանիշների մասին. եկան, տեսան, գնացին:

River Island

Բրիտանական այս ապրանքանիշը շուրջ 70 տարվա պատմություն ունի. այն հիմնադրվել է 1948-ին, տարածվել աշխարհով մեկ և  այսօր արդեն 300-ից ավելի խանութներ ունի՝ մի քանի տասնյակ երկրներում: Առաջ այս ցանկում կար նաև Հայաստանը: River Island-ի երևանյան խանութը բացվեց 2012-ին: Կարճ ժամանակում այն դարձավ շոփինգի սիրահարների սիրած խանութներից մեկը:

2013-ին համացանցում լուր տարածվեց, որ խանութի՝ կանաց համար նախատեսված հանդերձարաններում տեսախցիկ է դրված: Չնայած հերքումներին՝ խանութը որոշ ժամանակ անց փակվեց:

BHS

Երևանի ամենամեծ խանութներից մեկը դառնալու հավակնությամբ՝ Հայաստան էր եկել անգլիական ևս մեկ ապրանքանիշ:  Բայց հարյուր տարվա պատմություն և հարյուրավոր խանութներ ունեցող British Home Stores-ի երևանյան կյանքը  կարճ տևեց:  Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ այստեղի BHS-ում կարելի էր գտնել հագուստ բոլորի և պարագաներ՝ տան համար: BHS այժմ չկա ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում:

2016 թվականին բրիտանական ապրանքանիշը  «անդառնալիորեն» պարտքերի տակ հայտնվեց. մի քանի հազար աշխատաակիցներ դարձան գործազուրկ, աշխարհի ամենահայտնի եռատառ բրենդներից մեկը՝ սննկացած:

Benetton

Որպես ապրանքանիշ այն գրանցվել է 1965-ին, այս «հասակավոր» բրենդը ներկայացված է աշխարհի շուրջ 130 երկրում՝ 6000-ից ավելի խանութներով: Այս պահին UNITED COLORS OF BENETTON-ի ֆեյսբուքյան էջն ունի 6 275 075 հետևորդ` ավելի շատ, քան Zuhair Murad-ի, Elie Saab-ի կամ, ասենք,  Valentino-ի  պաշտոնական էջերը:

Բրենդը Հայաստան էր եկել 2006-ին, այս տարվա մարտին, սակայն, հրաժեշտի ակորդները նկատվեցին՝ մեծ զեղչերի տեսքով: Benetton Armenia ֆեյսբուքյան էջում վերջին հրապարակումները 50-70 % զեղչերի մասին էին, հետո՝ ոչ մի թարմացում:

Չնայած Հայաստանում էլ Benetton չկա,  բայց աշխարհում այն շարունակում է մնալ պահանջված և սիրված ապրանքանիշ:

Image00001