Recent posts
To top
27 Jun

«Հոգուս արև». Նիկ Էգիբյանը բացահայտում է երգի ստեղծման գաղտնիքները

Երգիչ, գործիքավորող Նիկ Էգիբյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել: Պրեմիերայից ժամեր անց մենք զրուցել ենք երգչի  հետ՝ պարզելու համար «Հոգուս արև» երգի ստեղծման բոլոր մանրամասները:

Սկզբի համար ասենք՝ երգն, ի սկզբանե, Նիկ Էգիբյանը գրել է Սարոյի համար, իսկ թե ինչ եղավ հետո՝ կարդացեք հարցազրույցում:

-«Հոգուս արև» տեսահոլովակն իր ոճով  ու ռիթմով, կարծես, տարբերվում է Ձեր մյուս աշխատանքներից: Ինչո՞ւ: 
-Ռիթմիկան, մեղեդային գիծը, ամեն ինչն է  տարբերվում իմ նախորդ աշխատանքներից: Դրա պատճառն այն է, որ երաժշտությունը  շատ սպեցիֆիկ է ու փոքր լսարան ունի Հայաստանում:

Այս անգամ փորձել եմ մի քիչ ավելի կոմերցիոն տեսանկյունից նայել այս ամենին՝ ստեղծելով այնպիսի տեսահոլովակ և երգ, որ ավելի լայն լսարանի կհետաքրքիրի: Ինձ մոտ, դա կարծես թե  ստացվել է: Իհարկե, հին երգերը սիրողներին այնքան էլ դուր չի եկել,  բայց չհավանողները քիչ են: Ի դեպ, արդեն 100 000-ից ավել դիտում կա ինսթագրամում:

-Այո՛, նաև 6000-ից ավելի դիտում յութուբում ու բազմաթիվ դրական արձագանքներ: Ի՞նչ եք կարծում՝ այն կդառնա այս ամռան հիթերից մեկը:

-Ես, իհարկե, շատ կուրախանամ, եթե իրոք այդպես լինի:) Իրականում,  երգը ստեղծել եմ հենց հիթ դառնալու նպատակն ունենալով, չնայած դրան, ուզում եմ նշել, որ սա նաև  փորձ է: Եթե երգը հիթ դռանա, կոմերցիոն հաջողություն ունենա, ինչու ոչ, կշարունակեմ այս ոճում: Ավելի լայն ժոովրդականություն վայելելու խնդիր ես միշտ էլ ունեցել եմ, և երգը հենց այս խնդիրը լուծելու համար է: Իմ երաժշտությունը Հայաստանի համար սպեցիֆիկ է և անդերգրաունդային, չնայայած՝ աշխարհում այն դիտվում է որպես սովորական փոփ: Այս երգը ֆյուժն է՝ ստեղծված արևելյան մեղեդիների համադրությամբ, այն իր տեսակի մեջ նորություն է Հայաստանում:

-Ամեն դեպքում, կոմերցիոն երաժշտություն ստեղծելու փորձ ունեք…

-Իրականում, այո՛. կոմերցիոն երաժշտություն հաճախ ու շատերի համար եմ ստեղծել, դրանք մեծ հաջողություն են ունեցել և որոշեցի այս անգամ էլ ես երգեմ: Ի դեպ՝ երգը գրել էի Սարոյի համար, հետո վերջին պահին որոշեցի ոչ թե տալ նրան, այլ՝ ինքս երգել:

-Ստեղծման ինչ-որ հատուկ պատմություն ունի այս երգը՝ բացի նրանից, որ ոճը կտրուկ տարբերվում է Ձեր մյուս աշխատանքներից:

-Նկարահանումների հետ կապված ամեն ինչ ես եմ պլանավորել , այսինքն՝  ինքս եմ հանդես եկել որպես ռեժիսոր: Տեսահոլովակը նկարահանել է Սուրեն Թադևոսյանը: Ի դեպ, տեսահոլովակի  հերոսուհին շվեդ է, և այդ հատվածը նկարահանվել է Շվեդիայում:

Մեր ցանկացած տեսքով ու ոճով արված կադրերը, ֆինանսական համապատասխան փոխանցումներից հետո, ուղարկվեցին, և ամեն ինչ ստացվեց նախատեսածի պես: Իրականում, հեռակա կարգով արդեն ծանոթ էի այս լուսանկարչի աշխատանքներին և խոսեցի իր հետ ու խնդրեցի մասնակցել նկարահանումներին՝ որպես լուսանկարիչ: