Mother & Child. մայրիկների օգնությամբ մենք անդրադառնում ենք փոքրիկների յուրօրինակ աշխարհին: Մեր շարքի հյուրն է փոքրիկ 1-ամյա խելացի, գեղեցկուհի և ժպտերես Միլան:
Հանդիպման հենց սկզբում անհնար էր չնկատել Միլայի ակտիվությունը. անընդհատ այստեղից այնտեղ վազվզում ու ժպտում:
-Այս ամեն ինչի համար կարմիր դիպլոմ ունի իմ աղջիկը,- ասում է Նատալին:
-Ի՞նչ փոխվեց Նատալիի կյանքում, երբ ծնվեց Միլան:
-Երբ ծնվեց Միլան, կյանքս գլխիվայր շրջվեց. լցվեց մի պայծառ լույսով, որի մասին մինչ այդ պատկերացնելը անհնարին էր: Նրա հետ ամեն մի րոպեն, ժամը, օրը վայելում եմ սիրո անհավանական զգացումով, նույնիսկ` իր հետ կապված դժվարությունները:
-Միլա թե՞ Միլենա:
-Միլա
-Ինչպե՞ս որոշվեց անունը:
-Շատ պարզ. ես ու ամուսինս սիրում ենք այս անունը և համակարծիք էինք մեր բալիկին անվանել Միլա:
-Ո՞ւմ է նման փոքրիկը:
-Բոլորը, այդ թվում նաև ես, նմանեցնում ենք իր պապային, կարծես կրկնօրինակը լինի:
-Բառեր, որ մեկամյա Միլան արդեն ասում է:
-Ինքը շատ բառեր է փորձում ասել, որոնք մեզ համար անհասկանալի են, բայց կան բառեր, որ արդեն հստակ հասկանում ենք՝ տատա, պապա, մամա, չկա. բայց ոչ ոք չգիտի ինչը կոնկրետ չկա (ժպտում է.-հեղ.):
Կան նաև բառեր, որոնք սխալ է արտասանում, բայց հասկանում ենք՝ փի (փիղ), տիկտակ (ժամացույց), տիկ (ծիկ), աչ (արջուկ), հափ (շունիկ), տե (չէ), ահ (ալո)…
-Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Միլային:
-Բարի, խելացի, շատ շփվող ու ակտիվ…զգում եմ, որ բարձր կամքի ուժ ունի և համառ բնավորություն: Չի հանդուրժում անգամ մեկ գդալ ավել ճաշը. եթե չի ուզում ուտել, անհնարին է համոզելը:
-Ձեր աղջիկն ամենից շատ սիրում է…
-Շփվել և խաղալ բոլորի հետ, զբոսնել այգում, հասնել իր համար անհասանելի տան հատվածներին: Շատ սիրում է պարել, երգել, անջատել կամ միացնել տան լույսերը, փոխել հեռուստացույցի ալիքները` առանց հարցնելու (ժպտում է.-հեղ.):
-Նկատեցի, որ փոքրիկ Միլան իր տարիքի համար բավականին ակտիվ է: Ի՞նչ մասնագիտություն եք տեսնում նրա համար:
-Ես և ամուսինս շատ տարբեր մասնագիտություններ ենք պատկերացնում, բայց ճիշտ կլինի, որ հենց ինքն ապագայում ընտրի իր մասնագիտությունը, մենք պարզապես նրան կտանք լավ կրթություն և նրա համար կստեղծենք առողջ մթնոլորտ: Կարծում ենք, որ Միլան, լինելով խելացի և ակտիվ, ճիշտ ընրություն կանի իր համար:
-Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում երիտասարդ մայրիկի օրը:
-Երջանկությամբ (ժպտում է.-հեղ.):
-Մայրիկի գործում ամենադժվարը….
-Պատասխանատվությունն է երեխային ճիշտ դաստիարակելու հարցում:
-Միլայի ինստագրամյան էջից (milamuradyants) երևում է, որ աղջնակն իր հասակակիցներից ավելի զարգացած է. ո՞վ է զբաղվում իր զարգացմամբ, և ի՞նչ է արվում դրա համար:
-Հիմնականում ես և իր տատիկը: Միլայի հետ զբաղվում ենք մանկական զարգացման համար նախատեսված գրքերով, խաղերով: Շփվում ենք հետը շատ ու շա՜տ ժամանակ անցկացնում:
-Ի՞նչ հագուստ եք նախընտրում Միլայի համար:
-Հիմնականում շորիկներ:
-Ի՞նչ գույների մեջ եք տեսնում նրան:
-Վառ, հատկապես կարմիր. իրեն շատ է սազում:
-Դուք ունե՞ք ընդհանուր գծեր. նկատե՞լ եք:
-Միլայի ընդգծված բնավորության գծերից երկուսը՝ համառությունն ու ակտիվությունը, կարծում եմ ընդհանուր են ինձ հետ:
-Լինել Միլայի մայրիկը, նշանակում է…..
-Օրը սկսել ժպիտով, սիրով, կյանքով լի և պատասխանատվությամբ: Ամեն օրն ապրել երջանկությամբ. դա անբացատրելի զգացողություն է: