Recent posts
To top
23 Aug

Արփինե Հարությունյան. «Ես գլամուրային չեմ»

IMG_9455 copy

Արփինեն «Միսս Արմենիա-2017» մրցույթի ֆավորիտներից էր. մոդել, ում հնարավոր չէ պարտադրել ոչինչ: Նրա հետ մեր զրույցը ստիպված էի կրճատել երկու անգամ՝ այդպես էլ չկողմնորոշվելով` հետաքրքիր հատվածները մնացին զրույցից նե՞րս, թե՞ դուրս:

INO_4039

Հնդկաստան, Չինաստան, Ֆիլիպիններ, Արգենտինա. երիտասարդ մոդելի համար շատ լավ ճանապարհ եք անցել. ինչպե՞ս ստացվեց այս համագործակցությունների շղթան:

Մոդելային ուղին սկսել եմ Elite Model Look-ից, Վրաստանում եմ սովորել ճիշտ քայլել և նկարահանվել: Դա 2013թ.-ն էր, մոդելինգը Հայաստանում այնքան էլ զարգացած չէր: Հետո Atex Fashion Center-ից առաջարկ ստացա աշխատել արտասահմանում: Շուտով կնքվեց առաջին պայմանագիրս, մեկնեցի Հնդկաստան: Արտերկրում մոդելային կարիերան տարբերվում է հայկականից՝ թե° իր պրոֆեսիոնալիզմով, թե° մշտական թարմացումներով: Խստորեն հետևում ես կառուցվածքիդ, քանի որ դրսում ցանկացած սանտիմետր կարևոր է: Նման թիմերի հետ աշխատելիս սովորում ես, որ դու ընդամենը «կախիչ ես», ով ներկայացնում է զգեստը` փորձելով անել դա հնարավորինս գրագետ և գեղեցիկ:

ghhhhhhhhhhhhh

Սովորաբար նմանատիպ ճանապարհորդություններից հետո մոդելների Ինսթագրամի ու Ֆեյսբուքի էջերը հեղեղվում են լուսանկարներով: Ձեզ մոտ այդպես չէ: Ինչո՞ւ:

Ես ցույց եմ տալիս այնքան, որքան ճիշտ եմ համարում: Գեղեցիկ վայրերում եմ եղել, բայց չեմ հրապարակել, որովհետև գնացել եմ այդ ամենը վայելելու: Այն, ինչ տպավորիչ է, ոչ թե լուսանկարում եմ, այլ մտապահում: Ես առավել տարված էի ինքնաիրացմամբ. նման ճանապարհորդությունների արդյունքում հոգեկան ներդաշնակություն ես գտնում, ընդլայնվում է աշխարհայացքդ: Եվ հետո, որոշակի հանգստություն ես ձեռք բերում, ինչն արտահայտվում է նաև ցուցադրական չլինելով: Նույն կերպ էլ վերաբերվում եմ լուսանկարվելուն: Ունեմ հստակ սկզբունքներ. կան այնպիսի ֆոտոշարքեր, որոնց երբեք չեմ մասնակցի:

Fashion (285)

Օրինա՞կ:

Մերկ լուսանկարներ չեմ անում, չեմ նկարահանվում ներքնազգեստով կամ այնպիսի ֆոտոշարքերում, որոնք վուլգար են: Բացառում եմ ծխախոտով լուսանկարվելը, որովհետև, ըստ իս, ճանաչված ու քիչ թե շատ գեղեցիկ մարդուն հաճախ ցանկանում են նմանակել: Ես չեմ խրախուսում ծխելը և չեմ ուզում, որ ինչ-որ մեկը, տեսնելով ինձ նման ֆոտոշարքում, ճիշտ համարի դա: Հաճախ են ասում. «Դու մոդել ես, պետք է նկարվես»: Ես «պետք է» բառը չեմ ընդունում: Հարցերին նայում եմ այնպես, ինչպես ինձ է պետք, ոչ թե մյուսներին:

Fashion (274)

Ասում եք՝ իմ թերություններն ինձ նույնքան լավ են ծառայում, որքան առավելությունները: Իսկ որո՞նք են Ձեր թերությունները:

Լինելով իդեալիստ՝ անընդհատ կատարելագործվում եմ. սիրո և համերաշխության փնտրտուքի մեջ թերություն չկա:

Մի առիթով նշել եք, որ կուռքեր չունեք, իսկ ֆեյսբուքում Arpi Yan Gaultier անունով եք գրանցված: Ուզում եմ հասկանալ՝ Ժան Փոլ Գոթյեի հետ կապ ունի՞ այս կեղծանունը: Եթե այո, նա կո՞ւռք չէ:

Չէ՛, կուռքեր չունեմ: Ֆեյսբուքյան էջը բացելուց հետո ցանկացել եմ հետաքրքիր ներկայանալ: Այդ շրջանում հետևում էի Ժան Փոլ Գոթյեի աշխատանքներին, հենց այդ պատճառով էլ որոշեցի վերցնել նրա ազգանունը՝ որպես կեղծանուն:

191121009517364780

ՙՄիսս Արմենիայի՚ հոլովակում նշել եք՝ սիրում եք խոհանոցում պատրաստել: Նախասիրություններ ունե՞ք, որոնք առաջին հայացքից մոդելին չես վերագրի՝ համաձայն տարածված կարծրատիպերի: Լուցկիների հավաքածուի մասին գիտեմ:

Երևի թե այն, որ ես գլամուրային չեմ, առաջնորդվում եմ իմ հարմարությամբ: Լինել խնամված և լինել գլամուրային. ինձ համար սրանք երկու տարբեր երևույթներ են: Ես նաև չեմ համապատասխանում չափից դուրս կանացի կերպարին:

Մոդելների ցածր ինտելեկտի մասին լեգենդներ են պտտվում…

Ես միշտ վախեցել եմ մոդելի կերպարով հանդես գալ. հաճախ մարդիկ չեն տեսնում՝ այդ կերպարից զատ ինչ կա: Այո՛, գեղեցիկ աղջիկները կարող են նաև դատարկ լինել, բայց ոչ միշտ: Առաջին մասնագիտությամբ հոգեբան եմ, գիտելիքներ ունեմ տարբեր ոլորտներից և երբեք այդպիսի խնդրի առաջ չեմ կանգնել:

IMG_9455 copy

«Միսս Արմենիայում» Ձեզ տեսնո՞ւմ էիք հաղթողի դերում:

Շատ տարօրինակ կլիներ, եթե ես ինձ որպես հաղթող չտեսնեի: Ես գնացել եմ մրցույթին որպես հաղթող և դուրս եմ եկել հաղթանակած: Բեմում բոլորս շատ թերությունների հանդիպեցինք: Իմ` «Վիցե Միսսի» թագը սխալմամբ դրվեց ուրիշի գլխին: Իմ անունը հնչեց, մոտեցա և բերեցին միայն ժապավենը: Կանգնեցի մի քանի վայրկյան, հետո ուղղակի ժպտացի և վերադարձա իմ տեղը: Ինձնից խլեցին այն փոքրիկ 10-րոպեանոց հրճվանքը, որ ես պետք է զգայի թագադրվելիս: Թագը, իհարկե, տվեցին, բայց դա ինձ այլևս ոչ մի հաճույք չպատճառեց: Երբևէ չի եղել  դեպք, երբ ստիպված լինեմ որևէ մեկին ապացուցել իմ գեղեցիկ լինելը: Մասնակցել եմ, որպեսզի հայուհու ամենաուժեղ կերպարը ներկայացնեմ միջազգային բեմում: Գեղեցկության նոր մրցույթի չեմ մասնակցի. ինձ ավելի հարմար եմ զգում մոդելային ասպարեզում:

հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի,

 լուսանկարները՝ Արփինեի անձնական արխիվից