Recent posts
To top
25 Aug

«Պետք է ամեն ինչ ջնջել ու նորից սկսել». Մկրտիչ Արզումանյան

_DSC9522

 

Էկրանի ու թատրոնի ամենակոլորիտային դեմքերից մեկի՝ Մկրտիչ Արզումանյանի հետ զրուցում ենք հումոր ստեղծելու ու երեխաներին ճիշտ դաստիարակելու, վատ հաղորդումների ու լավ մարդկանց, մենակության ու խելացի կանանց մասին:

_DSC9547

Գիտեմ, որ հարցազրույցից հետո Ձեր որդուն ատամնաբուժարան եք տանելու: Դուք միշտ ու ամեն հարցո՞ւմ եք փորձում ամեն ինչ հասցնել, թե՞ մեկ-մեկ չի ստացվում:

Դե, աշխատում եմ ընտանիքիս հետ անցկացնել ազատ ժամանակս կամ երբ կարող եմ ինչ-որ բան անել, անում եմ, բայց ոչ թե որովհետև պետք է, այլ որովհետև անչափ հաճելի է: Երբեմն ժամանակը չի բավարարում ընտանիքի համար. լինում են օրեր ու շաբաթներ, երբ նրանց տեսնում եմ արդեն ուշ գիշերը, երբ քնած են:

Ո՞վ է ամենադժգոհն այս գրաֆիկից:

Ոչ ոք չի բողոքում, անկեղծ ասած: Երևի միայն որդիս է, որ մի քիչ համաձայն չէ ինձ ուշ-ուշ տեսնել: Աշխատում եմ, որ բոլոր հնարավոր դեպքերում ինձ ուղեկցի նկարահանումների ժամանակ: Հնարավոր է, որ մի օր որոշի այլ գործով զբաղվել, բայց հիմա նա ապրում է այն ամենով, ինչ ես անում եմ: Եթե շարունակեց, ջանք չեմ խնայելու, որ խորանա այս ոլորտում:

Հետաքրքիր է, իսկ Պիեռ Ռիշարը հարցազրույցներից մեկում ասում էր, որ իր երեխաները երբեմն ամաչել են ու կաշկանդվել իր դերերից: Նման բան Ձեզ մոտ եղե՞լ է:

Չէ’, կարծում եմ, որ երեխաներս շատ… նրանք  իմ քննադատներն են: Ընդհանրապես, ընտանիքիս անդամներն ինձ չեն խնայում, և ես շատ ուրախ եմ դրա համար: Նրանց շնորհիվ հնարավորություն ունեմ շտկելու արածս և ավելի  ուրախ եմ, որ այլ կերպ եմ մոտենում հարցին. ուրիշները ծայրահեղ են ընդունում իրենց ուղղված քննադատությունը: Ընտանիքս, բնականաբար, ուզում է ինձ իդեալական տեսնել և հենց այն կերպարում, որը կերտում եմ:

_DSC9615

Մի հարցազրույցում ասում եք՝ սիրում եք միայնակ մնալ: Ի՞նչ է անում ստեղծագործող մարդը մենակության մեջ:

Այո°, ես սիրում եմ մենակ մնալ, ինձ «լցնում եմ» ինֆորմացիայով, ընթերցում եմ… Դա անհրաժեշտ է: Զուգահեռ մի քանի գործ եմ կարդում, մտքերս եմ հավաքում, եթե այդ պահին նոր նախագիծ կա, խորանում եմ դրա մեջ: Փորձում եմ ինչ-որ բան քաղել մենակությունից:

Մենակության, թե մարդկանց մեջ՝ ինչպե՞ս է ծնվում հումորը, ի՞նչ տեխնիկայով, հատուկ պատրաստվածություն պե՞տք է: Ընդհանրապես, դժվար է, չէ՞:

Հումորը, իսկապես, բարդ բան է, թեկուզ հենց այն պատճառով, որ այն ևս ունի պահպանման ժամկետ. դու միշտ պետք է ակտուալ լինես, հասկանալի՝ տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար: Սա դժվար է, բայց դրանից կախված է քո ապագան. ինչքան քեզ ՙլցնես՚, այնքան կապահովագրես քեզ հետագայում: Եթե թվաց՝ ամեն ինչ քամել ես ու ամեն ինչ հասկանում ես, ապա սխալ ուղու վրա ես. հումոր ստեղծելու համար անընդհատ պետք է սովորել: Ուրախ եմ, որ ես դեռ զգում եմ, որ ինձ ինչ-որ բան պակասում է:

Անկեղծ ասած, ամենամեծ քննադատս ու ՙթշնամիս՚ հենց ես եմ: Անընդհատ ինձ տանջում եմ մտքերով, որոնք օգնում են չբավարարվել այն ամենով, ինչին հասել եմ: Միշտ մտածում եմ՝ ցանկացած հաջողության համար պետք է շնորհակալություն հայտնել ու անցնել առաջ: Երբեք չեմ համարում, որ հասել եմ մաքսիմումի:

_DSC9647

Կա՞ մաքսիմում:

Ինձ թվում է՝ դա լինում է այն ժամանակ, երբ արդեն տարիքդ առնում ես, երբ թիկունքումդ շատ գործեր կան արված, բայց դեռ հետաքրքիր ես երիտասարդներին: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի…

Իսկ եթե, այնուամենայիվ, փորձեք պատկերացնել, թե ինչ կլինի… Նկատի ունեմ՝ ապագայում:

Ես իմ ապագան կապում եմ թատրոնի հետ: Դրամատիկ դերերն ինձ համար դարձել են շատ հետաքրքիր: Եթե նման առաջարկ լինի, բաց չեմ թողնի: Ունեցել եմ հնարավորություն ինձ ցույց տալու նման դերում: Ռեժիսորը մի օր զանգեց ու ասաց. «Հիմա հուզված քո խաղին ենք հետևում»: Շատ ուրախացա: Ցավոք, ֆիլմն էկրան չբարձրացավ:

Օդում պտտվող դրական էներգիայի, նոր իրականության ու զարթոնքի մասին են խոսում այս օրերին: Երիտասարդների հզոր էներգիայի եւ նրանց՝ որպես փոփոխությունների շարժիչ ներկայացնելու մասին խոսակցություններն ամենուր են: Դուք նման բան զգո՞ւմ եք:

Այո՛, մեր երիտասարդների շնորհիվ փոփոխություններ են լինում: Մենք կարծես արթնացանք՝ ձգտելով տեսնել ուրիշ Հայաստան: Այս օրերին ամեն մեկս մի բան է պատկերացնում, բայց բոլորս լավն ենք ուզում. սա` հաստատ: Մենք սկսեցինք իրար ճանաչել, մինչև այս կարծես պաշարման մեջ լինեինք. յուրարաքանչյուրն իր համար էր ապրում՝ չհետաքրքրվելով կողքն ապրող մարդկանցով: Ամեն ինչ փոխվեց: Կուզեմ, որ հավատը վաղվա օրվա նկատմամբ, դիմացինին ժպտալը, զիջելը շարունակական լինեն: Իրականում մենք հենց այսպիսին էինք, պարզապես այլ իրավիճակում էինք հայտնվել: Եվ, գիտեք, սա մեծ փոփոխություն է նաև ստեղծագործող մարդկանց համար: Երբ 20 տարի ոչինչ և ոչ ոք չի փոխվում երկրում, ուշ թե շուտ դու սպառվում ես: Լա’վ, հետո ի՞նչ անես… Շատ բարդ է նոր թեմաներ հորինելը, երբ «գործող հերոսները» չեն փոխվում: Այն, ինչ հետաքրքիր էր մինչև այժմ, այլևս հետաքրքիր չէ. նոր թեմա է պետք ու նոր գույներ: Իրավիճակը ստեղծագործող մարդու համար հրաշալի է՝ ասելիքի առումով:

Եվ ստեղծագործող մարդուց միշտ ասելիք են սպասում… Մի առիթով նշել եք՝ մարդիկ տարբեր միջավայրերում Ձեզնից հումորներ են ակնկալում, եւ երբեմն այդ ակնկալիքը չի արդարացվում: Իսկ Դուք մարդկանցից ի՞նչ եք ակնկալում:

Մարդիկ ինձ համար ոգեշնչման աղբյուր են: Ուրախ ու տաք մարդիկ ինձ շատ են ոգեշնչում: Կան, չէ՞, այնպիսիք, որ ինչքան էլ դժվար լինի, կժպտան, կբարևեն, կգնան առաջ. նման մարդիկ նաև շարժիչ ուժ են, նրանք քեզ էլ են առաջ տանում: Շփումն անհրաժեշտ է, ես անընդհատ պետք է շփվեմ, որ կարողանամ նոր կերպարներ, նոր դերեր կերտել: Հաճախ է պատահում, որ ինչ-որ տեղ գնալիս մեքենայից իջնում եմ ու բարևում, խոսում, հետո, դրական էմոցիաներով լցվելով, շարունակում եմ ճամփաս: Ես յուրաքանչյուր մարդու մեջ փորձում եմ լավը տեսնել, մինչև նա հակառակը ՙչի համոզում՚:

Շատ եմ հուսահատվում, երբ ստիպված եմ լինում հիասթափվել մարդկանցից: Հետո հասկանում եմ՝ այդպես պետք է լինի, որ արդյունքում մնան մարդիկ, ովքեր իրոք ուզում են մնալ:

Վերադառնանք երեխաների թեմային: Ասում եք` ինտերնետի եւ ինֆորմացիայի դարաշրջանում պետք է այնպես անես, որ երեխան ճիշտ ու մաքուր դաստիարակվի: Ի՞նչ է նշանակում «ճիշտ եւ մաքուր»:

Երեխան սպունգի պես ամեն ինչ ընդունում է, և շատ հնարավոր է` սխալ ընկալի: Ես նրանց նոր տեխնոլոգիաներից «կտրել» չեմ կարող, բայց բացասականից հեռու պահել կարող եմ՝ ճիշտ խորհուրդներով, գրականությամբ, հաղորդումներով: Ցավոք, այսօր չունենք երիտասարդների կամ  երեխաների համար հաղորդումներ: Որոշ հաղորդումներում «մտածելու շանսը» մինիմալի է հասցված, այնինչ պետք է ամեն ինչ անել, որ հեռուստատեսությունը ճաշակ թելադրի, պետք է ամեն ինչ ջնջել ու սկսել նորից. լայն մասսաների հետևից գնալու որոշումը սխալ է:

Ասում եք` տղամարդը կնոջ մեջ գնահատում է խելքը: Եթե ասեմ՝ համաձայն չեմ, ինչպե՞ս հակառակը կհամոզեք:

Գիտեք, տղամարդու աշխարհընկալման հարցն էլ կա: Իմ կողքին կա կին, ով ինձ համար ընկեր է, մեծ ուժ է տալիս ինձ: Խելացի կին ունենալը շատ կարևոր է. ինձ համար հենց դա է երջանիկ կյանքի երաշխավորը:

Կան մարդիկ, ովքեր փորձում են այնպիսի մարդ ունենալ իրենց կողքին, ով կարծիք չի հայտնի, քիչ կխառնվի և քիչ կխոսի: Ինձ մոտ հակառակն է. կինս կարդում է ցանկացած նոր սցենար, և դա ես եմ խնդրում: Քննարկում ենք միասին, որոշ հարցերում համակարծիք ենք,  որոշ հարցերում՝ ոչ, ինչը շատ է օգնում ինձ:

_DSC9522

Իհարկե, կարծիքները կարեւոր են, բայց երբեմն մենք սխալվում ենք՝ անկախ դրանց լինել-չլինելուց: Սխալներն ու ձախողումները ինչպիսի՞ դեր են ունեցել Ձեր կյանքում:

Շատ ձախողումներ են եղել, բայց ես դրանց համար ուրախ եմ. ցանկացած անհաջողությունից ես փորձում եմ դրականը քաղել: Կյանք է, ամեն ինչի պետք է պատրաստ լինես:

Հայկական ու արտասահմանյան ֆիլմարտադրությունները համեմատել չի կարելի իհարկե, եւ պատճառը միայն շուկան չէ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է հիմնական տարբերությունը. մենք ինչո՞ւ չենք հասնում, օրինակ, հայտնի կինոփառատոնների գլխավոր էկրաններին:

Մտածելակերպն է պատճառը: Այն մտածելակերպը, որը շատ սահմանափակ է: Դա, իհարկե, կապված է նաև ֆինանսների հետ: Կասեք՝ զարգացած կինեմատոգրաֆ ունեցող երկրներում միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց, մյուս կողմից, հակառակ օրինակներ էլ կան. մարդիկ՝ ցածր կենսամակարդակով երկրներից, արարում են այնպիսի ֆիլմեր, որոնք համաշխարհային ճանաչում են ձեռք բերում: Ուղղակի պետք է կոփել մտածելակերպը՝ պահելով քոնն ու աշխարհից վերցնելով հնարավորը:

զրույցը՝ Անահիտ Հակոբյանի,

 լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի