Recent posts
To top
23 Dec

ՄԻՐՈ ՊԵՐՍՈԼՅԱ. ԱՐՏԱՑՈԼԱՆՔԻՑ ԱՆԴԻՆ

DSC_6296

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ ներկայացվեց իտալացի նկարիչ Միրո Պերսոլյայի ՙԱրտացոլանքից անդին՚ խորագրով ցուցահանդեսը: Մենք զրուցեցինք պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի և ՙՆիկոլա և Դոմենիկո Լուպո՚ հիմնադրամի ներկայացուցիչ Ալբերտո Կալիոստրոյի հետ:

                       

Պարո°ն Ծատուրյան, ո ՞ւմ կողմից եղավ Հայաստանում Միրո Պերսոլյայի ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկը:

Առաջարկը եղավ ՙՆիկոլա և Դոմենիկո Լուպո՚ հիմնադրամի կողմից, իսկ համագործակցությունը հնարավոր դարձավ նաև Արտաքին գործերի նախարարության աջակցության շնորհիվ: Կարծես բարի ավանդույթ է դարձել պարբերաբար այլազգի նկարիչներին ներկայացնելը, ինչն ավելի է խորացնում մշակութային բարեկամությունը: Ընդհանրապես մշակույթը բազմամշակութային հասարակության մեջ է հետաքրքիր, մինչդեռ մենք փակ և մոնոէթնիկ ժողովուրդ ենք, ինչն ունի իր թե’ դրական, թե’ բացասական կողմերը: Աշխարհում քո տեղը գտնելու համար պետք է նախևառաջ տեղյակ լինես, թե ինչ է այդ աշխարհում կատարվում՝ չկորցնելով, սակայն, ազգային ինքնությունդ: Իսկ աշխարհն այսօր շատ է փոխվել և զարգացել, և պետք է կարողանաս ընդունել ժամանակի մարտահրավերները: Դա է պատճառը, որ մենք մի փոքր վերանայել ենք մեր քաղաքականությունը՝ ակտիվացնելով արտաքին կապերը: Երբ Միրո Պերսոլյայի անհատական ցուցադրությունը կազմակերպելու առաջարկ ստացանք, սիրով համաձայնեցինք` իհարկե նախապես ծանոթանալով նրա աշխատանքներին: Ի դեպ, հեղինակն իր աշխատանքներից մեկը նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին, ինչի համար նրան անչափ շնորհակալ ենք:

Ինչպե ՞ս է այսօր հայ հասարակությունը վերաբերվում կերպարվեստին եւ ի ՞նչ տեղ է այն զբաղեցնում մշակութային կյանքում:

Մենք շատ լավ նկարիչներ ունենք` ի դեմս, օրինակ, Մինաս Ավետիսյանի կամ Մարտիրոս Սարյանի, ում բոլորը գիտեն և սիրում են, և ունենք ոչ պակաս հանճարեղ Վարդգես Սուրենյանց կամ Եղիշե Թադևոսյան, ում, սակայն, քչերն են ճանաչում: Իսկ վերջերս ինքս ինձ համար բացահայտեցի նաև Սարգիս Խաչատուրյանինª մի զարմանալի, ուժեղ և լուրջ նկարչի. վաղուց էի նրա մասին լսել, սակայն աշխատանքներին լավ ծանոթ չէի: Խնդիրն այն է, որ Հայաստանում միշտ առաջնային տեղ է զբաղեցրել երաժշտարվեստը: Ճիշտ է, այդպես է նաև այլ երկրներում, քանի որ այն ավելի հասանելի է մարդկանց և ավելի հեշտ է ընկալվում, սակայն ոչ մի տեղ կերպարվեստն այդքան ետին պլան մղված չէ: Նկարչությունը հասկանալու համար մեր երկիրը լուրջ կրթական բարեփոխումների պետք է ենթարկվի: Խորհրդային կրթական համակարգը շատ ճիշտ էր մշակված, իսկ հիմա բացերն այնքան շատ են, որ այդտեղ լուրջ անդունդ է նկատվում: Մարդիկ չգիտեն իրենց նկարիչներին, ընդ որում, ոչ միայն ժամանակակից, այլև շատ հայտնի: Եվ չնայած մենք այսօր օտարամոլությամբ ենք տառապում, բայց չգիտենք նաև, թե աշխարհում ինչ է կատարվում: Իհարկե, խոսքը չի վերաբերում, այսպես կոչված, էլիտայի նեղ շրջանակներին, սակայն, իմ կարծիքով, կերպարվեստն այսօր երրորդ և նույնիսկ չորրորդ պլանում է: Ճիշտ է, Հայաստանը մասնակցում է միջազգային բիենալեների, բայց շատ քիչ քայլեր են ձեռնարկվում կերպարվեստի բնագավառում, որոնք կհանգեցնեն դրսում հայ նկարչի ճանաչելի դառնալուն: Նույն Էմիլ Գազազին, այո’, ԱՄՆ-ում ճանաչում են, բայց նա համաշխարհային մեծություն չէ: Խոսքը հենց դրա մասին է, քանի որ մենք իսկապես շատ լավ արվեստագետներ ունենք:

DSC_6296

Միրո Պերսոլյան և Արման Ծատուրյանը

Ի՞նչ հետաքրքիր ցուցահանդեսներ են նախատեսվում առաջիկայում:

Շատ տարբեր նախագծեր ենք պլանավորում իրականացնել, սակայն ամենակարևորը, թերևս, հաջորդ տարի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառումների շարքն է: Նախատեսում ենք նկարչին նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպել, որին կմասնակցեն նախկին խորհրդային երկրների գրեթե բոլոր հայտնի մասնագետները, ինչպես նաև Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահի տնօրենը: Բանակցություններ ենք վարում նաև Sotheby’s և Christie’s աճուրդային տների հետ: Պատրաստվում ենք նաև նկարչին նվիրված աննախադեպ ցուցահանդես կազմակերպել, որին ներկայացված կլինեն ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահի նկարները. ռուսական երեք թանգարաններ սիրով համաձայնել են մեզ տրամադրել իրենց մոտ ներկայացված աշխատանքները, որոնք երբևէ մեր երկրում չեն ցուցադրվել:

Իսկ Դուք ո՞ւմ ցուցահանդեսը կցանկանայիք ներկայացնել Հայաստանում:

Ռուսական սիմվոլիզմի հիմնադիր Ալեքսանդր Վրուբելի… Ինքս շատ եմ սիրում նրա արվեստը և համարում, որ նա ուղղակի հանճարեղ նկարիչ է: Կուզենայի նրա աշխատանքների մեծ ռետրոսպեկտիվ անել: Երջանիկ կլինեմ, եթե մի օր ստացվի այս մտահղացումն իրականացնել, քանի որ կարծում եմ՝ անհնարին ոչինչ չկա:

DSC_5785

                               Ֆաբիո Լենցին, Միրո Պերսոլյան և Ալբերտո Կալիոստրոն

Պարո°ն Կալիոստրո, ինչո՞ւ ընտրեցիք Հայաստանը որպես Միրո Պերսոլյայի նկարների ցուցադրման հարթակ:

Միրո Պերսոլյան պատկանում է այն արվեստագետների շարքին, ովքեր ֆինանսավորվում են ՙՆիկոլա և Դոմենիկո Լուպո՚ հիմնադրամի կողմից: Ճիշտ է, սա նկարչի առաջին ցուցադրությունն էր Երևանում, սակայն ոչ առաջին այցը Հայաստան. նա այստեղ էր ժամանել շուրջ կես տարի առաջ և շատ էր տպավորվել այն ամենով, ինչ տեսել էր: Այստեղ արվեստագետը հանդիպել էր նույն խնդիրներին, ինչ Սլովենիայում, որտեղ նա ծնվել է. խորհրդային տարիներին Իտալիայի և Սլովենիայի միջև սահմանը նույնպես փակ էր, ինչը մեծ դժվարություններ էր առաջ քաշել կիսով չափ սլովենացի, կիսով չափ իտալացի Միրոյի համար: Այժմ այդ ամենին նա ականատես էր դարձել նաև Հայաստանում՝ կրկին վերապրելով վաղ տարիքի ծանր հիշողությունները:

Դա՞ էր պատճառը, որ նկարիչը ստեղծեց վեց նկարներից կազմված Հայաստանին նվիրված շարք:  

Այո’: Դեռևս նախորդ այցի ժամանակ, կիսելով հայ ժողովրդի ցավը, Միրոն Հայաստանին նվիրված շարք ստեղծելու որոշում կայացրեց, ինչն էլ իր հերթին առիթ հանդիսացավ Ազգային պատկերասրահում 40 աշխատանքներից բաղկացած ցուցադրություն կազմակերպելու: Այստեղ նա ծանոթացավ տարբեր արվեստագետների հետ, նոր ընկերներ ձեռք բերեց, և ինչպես նա ինքն է խոստովանում, Հայաստանն իր երկրորդ տունն է դարձել. ձեր երկիրն այնքան էր նրան դուր եկել, որ նույնիսկ ասում էր` այստեղ է մնալու:

Մի փոքր կպատմե՞ք այդ աշխատանքների մասին:

Առաջին այցի ժամանակ Միրոն շրջել էր ողջ Հայաստանով, իսկ արդեն վերադառնալով Իտալիա՝ պատկերել այն տեսարժան վայրերը, որոնք նրան ամենից շատ էին տպավորել՝ հանդիսատեսի հետ կիսելով բոլոր այն զգացմունքները և հուզմունքները, որոնք նա այստեղ ապրել էր: Շրջելով Հայաստանին նվիրված սրահով՝դուք կտեսնեք թե’ հարազատ Հաղարծինը, թե’ Նորավանքը, թե’ Զվարթնոցը, թե’ Մակարավանքը… Այս աշխատանքներում նկարիչը նույնպես օգտագործել է իրեն հատուկ տարբեր նյութեր՝ ավազի բյուրեղներ, հատուկ գունանյութեր, ապակի, փայլեր և, իհարկե, վառ գույներ, ինչի շնորհիվ իր ստեղծագործություններն այդքան ճանաչելի են ողջ աշխարհում: Ի դեպ, նա երբեք չի օգտագործում սոսինձ. այն ամենը, ինչ դուք տեսնում եք, բացառապես ներկերով է փակցված:

Իմ ուշադրությունը գրավեց Հռոմի Պապի այցին նվիրված աշխատանքը…

Լինելով իտալացի՝ Միրոն չէր կարող չանդրադառնալ հայ ժողովրդի համար այդ կարևոր իրադարձությանը: Սակայն այստեղ հեղինակը շեշտը դրել է ոչ թե Հռոմի Պապի այցի, այլ Հայաստանի՝ որպես քրիստոնյա երկրի վրա: Եթե ուշադիր նայեք նկարին, կտեսնեք, որ Ֆրանցիսկոս Առաջինի դեմքը ոչ բոլոր անկյուններից է տեսանելի հանդիսատեսին. նման հնարքը հնարավոր է դարձել օգտագործված փայլերի շնորհիվ: Իսկ նկարի ներքևի հատվածի մուգ գույներով և հսկայական ծաղիկով նա ևս մեկ անգամ հիշեցնում է ցեղասպանության մասին, սակայն ընդհանուր բաց երանգներով կոտրում է դառը հիշողությունները՝ աղավնի բաց թողնելով հայերի ամենակարևոր խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռան ֆոնի վրա: Ի դեպ, հայկական նկարների շարքը ցուցադրված էր երեք այլ աշխատանքների հետª ՙԱստծո աչքը՚, ՙՔրիստոս՚, ՙԿարիբյան ձուկ՚: Դրանց ընտրությունն ամենևին էլ պատահական չէր. այդ կերպ նկարիչը ևս մեկ անգամ փորձել է ընդգծել հայերի քրիստոնյա ազգ լինելը:

Նկարիչը շատ վառ գույների հետ է աշխատում…

Ճիշտ եք: Քանի որ նա շատ տխուր, նույնիսկ անգույն մանկություն է ունեցել, և փորձել է այդ բացը լրացնել իր ստեղծագործություններում վառ գույներ օգտագործելով: Ինչպես նկարիչն ինքն է խոստովանում՝ այդ գույներով նա մռայլ աշխարհին ուրախություն է փոխանցում, իսկ իր գլխավոր գնահատական տվողները երեխաներն են, ովքեր ամեն ինչ ավելի ճիշտ են տեսնում և ընկալում:

20

Ի՞նչ նոր ծրագրերով կամ ցուցահանդեսներով հանդես կգա Միրո Պերսոլյան առաջիկայում:

Միրոն պլանավորում է Border no Border անվանումով ցուցահանդես կազմակերպել, որը միավորված կլինի մեկ գաղափարով՝ որքան դժվար է ապրել երկրում, որտեղ ազատություն չկա: Հայաստանը նրան այնքան է հուզել, որ որոշել է ցուցադրության միջոցով հանրությանը ներկայացնել բոլոր այն դժվարությունները, որոնք ազգը կարող է ունենալ փակ սահմանների պատճառով: Դեռ չեմ կարող ասել, թե որ երկրներ կայցելենք ցուցահանդեսի շրջանակներում, սակայն ակնհայտ է, որ դրանք կլինեն այն երկրները, որտեղ նույնպես առկա է այս խնդիրը: Ի դեպ, ցուցադրությունը կներառի նաև հայկական շարքից նկարներ:

8

3

Հարցազրույցը՝ Աննա Գևորգյանի, լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի արխիվից