Recent posts
To top
19 Mar

4 ֆիլմ` Լյուկ Բեսոնից

Նա 59 տարեկան է և կյանքի 30 տարին ապրել է կինոյի հետ ու կինոյով. մարտի 18-ին ծննդյան տոնն էր նշում նաև ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը:

Բեսոնի ֆիլմերում կարելի է գտնել համարյա ամեն ինչ՝ ապագայի մասին կանխատեսումներից մինչև անիրականի մասին սյուժեներ, ֆրանսիական հումորից՝ մինչև արյուն և արցունք:

Ծննդյան տոնի առիթով՝ մենք որոշել ենք առանձնացնել 4 ֆիլմ, որոնց ստեղծման գործում Լյուկ Բեսոնի «մատը խառն» է:

«ԼԵՈՆ», 1998 թվական

Այս ֆիլմն արդեն մտել է ոչ միայն Լյուկ Բեսոնի ստեղծած լավագույն ֆիլմերի ցանկը, այլ նաև կինոյի պատմության մեջ: Պրոֆեսիոնալ մարդասպան Լեոնի (Ժան Ռենո) և նրա 12-ամյա օգնական աղջնակի հուզիչ պատմությունը անտարբեր չի թողել գրեթե ոչ ոքի:

«Լեոն» ֆիլմը և հենց Բեսոնը կինեմատոգրաֆի համար բացահայտեցին Նատալի Պորտման դերասանուհուն:

Դժվարէ պատկերացնել, բայց ռեժիսորը ֆիլմի սցենարը գրել է 30 օրում, նկարահանումները տևել են 90 օր:

***

«ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐՐԸ» 1997 թվական

Այս ֆիլմը Բեսոնի «հիթերից» է: Գործողությունները տեղի են ունենում 23-րդ դարում, որտեղ նախկին զինվորական, ներկա  տաքսիստին հանդիպում է մի անհասկանալի արարած: Հենց այստեղ էլ սկսվում  են վտանգավոր արկածները, իսկ  վերջում՝ մրցանակ՝ «հինգերորդ տարր» կամ սեր:

***

«ՏԱՔՍԻ», 1998 թվական

Լյուկ Բեսոնի գրչին են պատկանում «Տաքսի» ֆիլմաշարի բոլոր նմուշները: Արագության սիրահար, տաքսիստ Դանիելը և իր ոստիկան ընկերը՝ Էմիլիենը հայտնվում են դժվար, ծիծաղելի ու անհասկանալի իրավիճակներում և դուրս գալիս՝ հնարամտության ու սրամտության շնորհիվ:

2017 թվականին Լյուկ Բեսոնը երկրպագուներին ուրախացրել էր՝ նշելով՝ «Տաքսի 5»-ի սցենարի վրա է աշխատում: Ի դեպ, ֆիլմը վարձույթում կհայտնվի հենց այս տարի:

***

«ՀՐԵՇՏԱԿ-Ա», 2006 թվական 

Սևուսպիտակ կինոժապավենը պատմում է գորշ կյանք ունեցող Անդրեի ու նրան ինքնասպանությունից փրկող հրեշտակ-կնոջ մասին: Սա Լյուկ Բեսոնի ամենավառ աշխատանքներից մեկն է:

Բեսոնի ռեժիսորական տաղանդին գումարվում են դերասանական անսահման խարիզման և փայլուն խաղը ու ստացվում է ֆիլմ, որն արժե դիտել՝ գոնե մի քանի անգամ: