Recent posts
To top
13 Jul

Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի պրեմիերան՝ KinoPark-ում

Image00003-5

Առաջին անգամ՝ լրագրողների հետ ու նրանց համար. ժամեր առաջ KinoPark-ում ցուցադրվեց Միքայել Պողոսյանի սցենարական նոր աշխատանքը՝ «Լորիկ» տրագիկոմեդիան:

Սա ֆիլմ է, որ պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մի դերասանի, այլ նաև մեր կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով, մի խոսքով՝ տրագիկոմեդիկ:

Image00003

Կինոպրեմիերայից անմիջապես հետո ֆիլմի սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը, ստեղծագործական խմբի հետ միասին, ամփոփ ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը՝ անդրադառնալով նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին: Միքայել Պողոսյանի խոսքով՝ ինքը Լորիկի կերպարի մասին երկար է մտածել և վաղուց միտք կար ստեղծել մի աշխատանք հենց դերասանի մասին.

«Դերասանի պատկերը, դերասանի կերպարը, կենսակերպը, ինքնին միշտ գոյատևում են իրականության և անիրականության մեջ: Եվ այդ սահմանին է, որ պահ է լինում՝ չես հասկանում՝ այս իրականությունը քո իրականությունն է, թե…»

Կայացած ու տաղանդավոր դերասան Լորիկն ապրում է իր կերպարների հետ ու նրանցով՝ մինչև այն պահը, երբ սկսվում է ֆիլմի միստիկան՝ նա կերպարանափոխվում է՝ հայտնվելով իրեն շրջապատող մարդկանց կերպարներում՝ նրանց փոխանցելով նաև իր հատկանիշները:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մարտին Մինասյանի խոսքով՝ սա համամարդկային արժեքների վրա հիմնված աշխատանք է, որի ստեղծման ճանապարհին թիմի յուրաքանչյուր անդամ անցավ նոր ճանապարհ:

«Լորիկ» ֆիմի նկարահանվել է 1 ամսվա ընթացքում՝ միավորելով ստեղծագործական ու դերասանական մեծ թիմի՝ նրանց թվում նաև՝ սիրված երգիչ Ֆորշին, ում դերասանական տաղանդը բարձր գնահատեց անձամբ Միքայել Պողոսյանը:

Image00002

Անդրադառնալով գլխավոր հերոսուհուն՝ Պողոսյանը նշեց՝ ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարում նախ դիտարկել են Չուլպան Խամատովային, ով հավանություն է տվել սցենարին, բայց, չկարողանալով համատեղել իր գործունեության հետ, ստիպված է եղել հրաժարվել: Այսպես գլխավոր դերը բաժին է հասել Եվգենյա Դմիտրևային:

Պատասխանելով մեր հարցին՝ Միքայել Պողոսյանը նշեց՝ դժվարանում է կանխատեսել ֆիլմի հաջողությունները, սակայն այն իր հանդիսատեսին անպայման կգտնի:

«Լորիկը» մեծ էկրանին կհայտնվի հուլիսի 17-ից: