Լինել գործնական, սկզբունքային և միևնույն ժամանակ շատ ջերմ ու անմիջական. ներկայացնում ենք մեր զրույցը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հիմնադիր նախագահ Լիլիթ Ասատրյանի հետ:
-Դեռ դպրոցական տարիներից արդեն ակտիվ գործունեություն եք ծավալել երիտասարդության ոլորտում: Կհիշե՞ք՝ ինչու….ո՞րն էր Ձեր ոգեշնչումը:
-Իհարկե հիշում եմ. ես կարողացել եմ ոչ միայն մեր, այլ նաև զուգահեռ դասարաններին հաճախ համախմբել, երբ խնդիրներ ենք ունեցել: Հիշում եմ, որ մեր դասարանը, նաև իմ նախաձեռնությամբ, կոչվեց Սամանթա Սմիթի անունով: Այդ տարիներին Սամանթան ինձ համար օրինակ էր:
Ես նաև ոգևորված էի Ռոբին Հուդի և Մայր Թերեզայի կերպարներով: Աշակերտական տարիներիս այս 3 հերոսների վրա էի կենտրոնացել: Արդեն ուսանողական տարիներին Ռոբին Հուդը, որպես ավելի իդեալիստական կերպար, իր տեղը զիջեց։ Սամանթա Սմիթն էլ ոչ գաղափարային, բայց տարիքային ու կերպարանային.…իսկ այ Մայր Թերեզան մնաց և մինչ այսօր իմ կյանքի ուղեկիցն է:
-Մասնագիտական ընտրությունը. ինչո՞ւ տնտեսագիտություն:
-Որովհետև հենված է մաթեմատիկայի վրա: Մաթեմատիկան, լինելով ճշգրիտ գիտություն, նաև մի մեծ փիլիսոփայություն է: Այն ամենուրեք է. նույնիսկ սիրո մեջ, իհարկե ոչ հաշվարկի առումով:
Անկեղծ ասեմ՝ ես որ ոլորտն էլ ընտրեի, պետք է գործս անեի կատարյալ. դա իմ կյանքի սկզբունքներից է: Մասնագիտությունս տվեց ավելի շատ մտածելու կարողություն։ Իմ ուսանողական տարիները, և կարծում եմ բոլորի մոտ պետք է այդպես լինի, մասնագիտություն տալուց բացի, պետք է ստեղծի մտածել կարողանալու հնարավորություն:
-Հիմա օգնո՞ւմ է Ձեր մասնագիտությունը թե՞, եթե վերադառնայիք, կփոխեիք…
-Ոչ…երևի թե չէի փոխի, որովհետև տնտեսագիտության միջոցով ես կարողացել եմ շատ ավելի մասնագիտություններ և մասնագիտացումներ ձեռք բերել: Ինձ ամենից շատ է օգնում մաթեմատիկական մտածողությունն ու վերլուծելու կարողությունը:
-Հե՞շտ էր լինել Հայաստանի ամենաերիտասարդ փոխնախարարներից մեկը և զբաղվել երիտասարդության հարցերով: Տարիքը Ձեզ օգնում թե՞ խանգարում էր:
-Ցանկացած գործ լավ անելու համար ոչինչ էլ հեշտ չէ։ Ես այն երբեք չեմ ընկալել պաշտոն: Երկրին ծառայելու գործառույթը նվիրում է և պատասխանատվություն: Այդ տարիներին դժվարություններ շատ-շա՜տ եմ ունեցել՝ կապված ոչ միայն տարիքի, այլ նաև սեռի հետ: Կին ղեկավարները պետական ոլորտում շատ չէին, իսկ ես ամենաերիտասարդներից էի, եթե ոչ ամենաերիտասարդը: Կարծրատիպերը միշտ կան. ես մինչ այսօր այն կոտրում եմ:
Դժվարություններից չեմ ուզում խոսել, որովհետև առանց դժվարության փոփոխություն չի լինում: Ես այն տեսակն եմ, ով միշտ դուրս է գալիս կոմֆորտ զոնայից: Անգամ ընկերներս են կատակում. « Լիլիթն ինքն իր համար խնդիրներ է ստեղծում և նույն այդ խնդիրները հաջողությամբ լուծում»: Ես ուրախ եմ, որ այդպիսին եմ (ժպտում է.-հեղ.) :
-Հասարակական ոլորտից պետական կառավարում, հետո հակառակը….ենթադրելի՞ է, որ հասարակական դաշտն առավել քան Ձերն է:
-Գիտեք՝ ինչն է իմը. որոշումների կայացման գործընթացը (ժպտում է.-հեղ.): Լինի դա հասարակական ոլորտում թե պետական, կարևորը դրական փոփոխություններն անելն է:
-Ի՞նչն եք կարևորում աշխատանքում:
-Թույլ տվեք ավելացնել՝ և՛ կյանքում. աշխատանքը կյանքիս մի մասնիկն է:
Ազնվությունը, նվիրվածությունը, սկզբունքայնությունը և ինքդ քո առաջ պատասխանատու լինելը:
-Իսկ մյուս մասնիկի՝ ընտանիքի հետ ստացվո՞ւմ է համատեղել:
-Ցանականալը կարողանալ է (ժպտում է.-հեղ.) :
-Ձեր հարուստ կենսագրականում միշտ Ձեր օրինակով ապացուցել եք, որ կինը ուժեղ է….ուժը, համառությունը անհրաժեշտությո՞ւն է կնոջ համար:
-Կինը կամային էակ է: Մյուս կողմից՝ նաև թույլ, որն էլի իրեն ուժեղ է դարձնում: Ինչ վերաբերում է իմ ուժեղ լինելուն, անկեղծ լինեմ, կուզենայի որոշ հարցերում լինել իսկապես թույլ:
-Փորձեք նշել 3 հատկանիշ, որ գեղեցկացնում է կնոջը:
-Ազնվություն, խելք և դիմացինին ճիշտ կարդալու կարողություն:
-Կնոջ իդեալ ունե՞ք:
-Մայրս (ժպտում է.-հեղ.) :
Ես երախտապարտ եմ ծնողներիս. իրենց շնորհիվ ես հիմա այնպիսին եմ, ինչպիսին կամ:
-Թուլություննե՞ր…
-Երևի թե շատ ուժեղ լինելս: Հաճախ ուզում ես լիցքաթափվել, հենվել ինչ-որ մեկի ուսին ու հասկանում ես, որ այդ մեկը հենց դու ես:
-Ձեր կողքին տղամարդ կա՞:
-Ոչ…շատ անկեղծ լինեմ՝ սիրտս մեծ է, բայց հանրակացարան չէ: Երբ սիրում եմ, ուրեմն սիրում եմ շատ-շա՜տ: Հակառակ տարբերակը չկա:
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի նա:
-Տղամարդ, ով նվիրված է, ազնիվ և ունի համատեղ մի ուղղությամբ նայելու կարողությունը:
-Զանգեր՝ աշխարհի տարբեր երկրների՞ց…
– 600-ից ավելի զանգեր ունեմ. ամեն մեկը մի հիշողություն: Խորհրդանշական է, որ ես ուր գնում էի, պետք է անպայման հետս զանգեր բերեի: Արդեն այդպես չէ, որովհետև տրամաբանական է՝ երկրները կրկնվում են, զանգերը՝ նույնպես (ժպտում է.-հեղ.) :
-Հաջողության և կյանքի բանաձև կա՞:
-Հաջողությունը համառ աշխատանքն է: Իսկ կյանքում պետք է լինել ինքդ քեզ հավատարիմ: Ամեն օր հայելու առաջ նայել քո երկու ես-երին:
Ես փորձել եմ այնպես ապրել, որ ինձանից վերև և ներքև կանգնած սերունդները՝ ծնողներս և երեխաներս, երբևէ չամաչեն: Կարծում եմ սա սկզբունք է, որ պետք է լինի յուրաքանչյուրի կյանքում:
-Առաջիկա ծրագրե՞ր….
-Ծրագրերը շատ են. գործնական մասով ասեմ՝ գարնանը Հայաստանում երկու մեծ միջոցառում է սպասվում: Մարտին «Կանանց ձեռներեցության օր» կառույցի Կանանց առաջնորդության ակադեմիա ծրագիրն ենք իրականացնելու: Այս կառույցի տարբեր երկրների դեսպաններ ժամանելու են Հայաստան:
Իսկ ապրիլին կայանալու է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի տարեկան հավաքը: Տարբեր երկրներից կին ձեռներեցներ գալու են Հայաստան և տեղի է ունենալու փորձի փոխանակում: Բայց առաջին հերթին նպատակ եմ հետապնդում Հայաստանն իրենց ճանաչելի դարձնել: