Recent posts
To top
26 Aug

IT IMAGE. ԲԻԶՆԵՍՄԵՆԸ՝ ՍՈՑՑԱՆՑԵՐՈւՄ

Հաջողակ ընկերությունների թիկունքում հաջողություն կերտող ղեկավարն է, ում աշխատանքն օգնում է զարգացնել բիզնեսը, իսկ կերպարը՝ ամրապնդել վաստակած ճանաչումը. չէ՞ որ բիզնեսը լավ գործ է, իմիջը՝ գործի կեսը: Ինչպե՞ս կառուցել սոցցանցային իմիջը, ի՞նչ անել և չանել, որպեսզի ձեր կերպարն ընկալվի, ընդունվի և սիրվի:

Անդրադարձը՝ Անահիտ Հակոբյանի

Կապույտ տարածքը  պարարտ հող է յուրաքանչյուր բիզնեսմենի համար. Հայաստանում Facebook-ն ունի գրեթե մեկ միլիոն օգտատեր: Մեծ լսարանի շնորհիվ այստեղ տեղեկատվությունն արագ է տարածվում, ավելի հեշտ է լսարան գրավելն ու պահպանելը:

Կերպարի օգտին աշխատելու համար դադարեցրեք աննպատակ չեքինները, վատ որակի կամ անհաջող լուսանկարները, նույն լուսանկարից մի քանի օրինակ  հրապարակելը և, վերջապես, միայն սեփական բիզնեսի մասին հրապարակումներ անելը:

Image00004

Լավ հարաբերություններ պահպանեք ՙկարծիքի առաջնորդների՚ հետ, իսկ նորությունները տարածեք արժանահավատ լրատվամիջոցների օգնությամբ. սա կօգնի վստահելի կերպարի ձևավորմանը: Գործարար կերպարին չհամապատասխանող գրառումներն ու մեկնաբանությունները կարող են թուլացնել ղեկավարի ձեր իմիջը. եղեք զուսպ և շրջահայաց:

Չնայած դրան՝ պետք չէ մոռանալ, որ ֆեյսբուքյան էջն անհատական է, և լսարանին հաճելի է տեսնել մարդու կերպար՝ սիրելի երգերով, գրքերով և տպավորություններով: Եղեք մարդամոտ, շնորհավորական հրապարակումներ արեք ձեր էջում  կարևոր տոների առթիվ, մասնակցեք հետաքրքիր միջոցառումների, ակտիվություն դրսևորեք, կարծիք հայտնեք: Հասանելի եղեք և հիշեք՝ դետալներն են ձևավորում վերջնական իմիջը:

Խորհուրդ չէինք տա Facebook-ի էջը փակ պահել կամ հասանելի՝ միայն ընկերների ու մտերիմների համար. պատկերացրեք՝ գործարարի անձնական էջում վերջին հրապարակումը կատարվել է չորս տարի առաջ, և այն Մոնիկա Բելուչիի լուսանկարն է:

Image00001

Instagram-ը, մեծ հաշվով, նախատեսված է լուսանկարների տեղադրման համար, բայց սա ոչ մի կերպ չի անլրջացնում IT իմիջի ճիշտ ձևավորման շանսը: Ճիշտ կլինի որոշել՝ ինչ լուսանկարներ եք ցանկանում հրապարակել և որ լսարանի համար ու, ի վերջո, ձեր էջը բաց է բոլորի, թե միայն ընտրյալների համար:

Եթե որոշել եք Instagram-ը պահել միայն ձեզ ու ձեր մտերիմների համար, ապա խնդիր չկա, բայց չկա նաև IT իմիջ, իսկ եթե ցանկանում եք լինել հայտնի և ճանաչելի, ասոցացվել ձեր բիզնեսի հետ ու ցույց տալ այն առաջնորդելու տարբերակները, ապա մի՛ փակեք էջը, ինչո°ւ ոչ, սթորիներ արեք: Հիշեք՝ Instagram-ը լուսանկարներ տեղադրելու հարթակ է, և այստեղ կարևոր են յուրաքանչյուր լուսանկարի հաղորդած տեղեկությունն ու ձեր մոտեցումն այն հրապարակելիս: Բոլոր դեպքերում աշխատեք չմոռանալ հումորի մասին և, ամեն դեպքում, չափը չանցնել:

Ուզո՞ւմ եք ձեր էջն ունենա հստակ քաղաքականություն. սթորիները թողեք բիզնեսին՝ մնայուն դարձնելով միայն ամենակարևորները, իսկ հրապարակումների բաժնում եղեք դուք, ձեր փորձն ու գործը:

Հայաստանում այս հարթակի ակտիվ օգտատերերին կարելի հաշվել հարյուրներով, քիչ դեպրեսիվներին՝ մատների վրա: Twitter-ի «հայ համայնքին» դուր գալը պակաս դժվար չէ, քան Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցանկ մտնելը, բայց անհնար էլ չէ, ինչպես… Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկ մտնելը: Զինվե°ք համբերությամբ և հումորով:

Եթե ցանկանում եք ինտեգրվել ու ճանաչելի լինել հայկական Twitter-ում, ապա անհրաժեշտ է նախ ուսումնասիրել «տեղացիներին»: Նրանք, ինչպես յուրաքանչյուր ՙժողովուրդ՚, իրենց առանձնահատկություններն ունեն:  Հիշե°ք, որ ձեր վարկանիշը շատ կարևոր է և աշխատեք չդառնալ թիրախ:

Image00003

Թվիթերյան վերջին հեղափոխությունից հետո գրառումների նիշերի քանակը կրկնապատկվեց՝ դառնալով 280. սա նշանակում է՝ արդեն կարելի է ավելի երկար գրել: Կարելի է, բայց պարտադիր չէ. Twitter-ը հիմնականում ներկայանում է որպես նորությունների փոխանակման հարթակ, այստեղ  գրում են կարճ՝ թողնելով բանալի բառեր՝ հեշթեգեր:

Բիզնես կերպարի համար Twitter-ը կարող է դառնալ ընկերության նորություններին ծանոթացնելու արագ և հեշտ միջոց: Ի դեպ, կարևոր է ընկերության անունն ու բանալի այլ բառեր և բաղադրիչներ հեշթեգի վերածելն ու դրանք մշտապես կիրառելը. հեշթեգերն անմահացնում են ձեր գրառումները՝ համախմբելով դրանք մեկ տեղում:

Այստեղ ընդունված չէ հաճախ  տարածել անձնական լուսանկարներ. մեկ որակյալ գլխավոր լուսանկարը բավական է ձեզ ճանաչելու  համար, մանավանդ երբ ներկայանում եք որպես բիզնեսմեն՝ դրանից բխող բոլոր ՙպատասխանատու հետևանքներով՚: Եթե Twitter-ում ակտիվ չեք լինելու և գրառումներ չեք անելու ո՛չ հայկական, ո՛չ արտասահմանյան լսարանների համար, ապա այնտեղ միայն անուն-ազգանուն ունենալու իմաստ առհասարակ չկա:

Համաձայն տվյալների՝ ամեն երկրորդ րոպեին այստեղ նոր օգտատեր է ավելանում: Սա նշանակում է՝ դուք ամեն երկրորդ րոպեին ունեք մեկ պոտենցիալ գործընկեր, աշխատակից կամ հաճախորդ, եթե, իհարկե, Linkedin-ի ձեր էջը կառուցված է գրագետ և ներկայանալի: Սկսենք գլխավորից. գլխավոր լուսանկարը չպետք է լինի անհաջող սելֆի և, ընդհանրապես, սելֆի՝ ընկերներով կամ ծանոթներով. թագավորինը՝ թագավորին, իսկ ձեր ամենահաջող լուսանկարը՝ Linkedin-ին:

lin

Այստեղ ձեր ինքնակենսագրությունն է, և ցանկալի է ներկայանալ լուրջ կերպարով՝ ներկայացնելով նաև գործունեության ամենակարևոր կետերը, գրելով ամենահետաքրքիր դրվագների մասին:

Սոցցանցը հնարավորություն է տալիս խմբեր կազմել և ակտիվություն դրսևորել անձնական էջում: Եթե աշխատում եք միջազգային կազմակերպությունների հետ և ձեր գործընկերները հիմնականում օտարերկրացիներ են, ապա պրոֆիլը կարելի է կազմել անգլերենով: