Recent posts
To top
20 Jun

Գոհար Սարգսյան. հայեցողի մասին

Լուսավոր սրահի պատից կախված են մեծ ու փոքր նկարներ, դռները լայն բացված են, իսկ մուտքն ազատ. Գոհար Սարգսյանի «Հայեցողը» ցուցահանդեսն է: Երեք տարբեր թեմաներ, երեք տարբեր շարքեր և մեկ ամբողջական տրամադրություն. անիմատոր- նկարչուհու աշխատանքներն ստեղծված են պարզ ու բարդ թեմաներով և տեխնիկական հետաքրքիր լուծումներով:

Մենք որոշեցինք Գոհար Սարգսյանին հանդիպել հենց այնտեղ, որտեղ նկարներն են ու դրանց պատմությունները: Ցուցահանդեսի ու, առհասարակ, նկարչուհու արվեստի մասին զրույցը ներկայացնում ենք խոհերի տեսքով:

Պատկերներ դարձած մտքեր

Ծնվել եմ արվեստագետի ընտանիքում, փոքրուց նկարում եմ, ունեմ 2 երեխա, միշտ ստեղծագործում եմ: Ստեղծագործում եմ միշտ, բայց դրանք մտքից կտավի վերածել ստացվեց միայն վերջին տարիներին, երբ երեխաներս արդեն բավական մեծ են, ես արդեն կարող եմ հանգիստ տրվել արվեստին: Ընդհանրապես, կնոջ համար կենցաղը շատ դժվար է, դժվար է նաև  արվեստի հետ համատեղելը: Ես ասացի` կենցաղը դժվար է, բայց, գիտեք, կարևորը կենցաղին էլ ոգեշնչմամբ մոտենալն է: Ստեղծագործող մարդու մոտ երևակայությունը շատ վառ է, կենցաղից պոկված երևույթները ևս կարող են դառնալ արվեստի մաս: Կուզե՞ք անկեղծանամ` ինձ մոտ հետաքրքիր մտքեր են ծնվում հատկապես ափսեներ լվանալիս: Կենցաղում էլ կարելի է արվեստագետ մնալ. ես, օրինակ, տան պատերին ու պատուհաններին էլ եմ ստեղծագործում:

Հետո հասկացա, որ մտքերն ու գլխում եղածը պետք է կյանք ստանան: Այս ցուցահանդեսը տարիների ընթացքում հավաքածս մտքերի արտացոլումն է:

DSC_0007 - Copy - Copy

Նկարչական երրորդություն

Այս ցուցահանդեսում ներկայացված է երեք շարք: Յուրաքանչյուր շարք ունի իր բովանդակային ու տեխնիկական պատմությունը: Առաջին շարքում խառը տեխնիկայով արված նկարներն են: Պատմությունը կառուցելիս  տարբեր շերտեր եմ ստացել թղթերի միջոցով: Այդ խորը շերտերը իմ երևակայական աշխարհի և ժամանակակից աշխարհի միաձուլումն են: Այս նկարները բազմաշերտ են, նման կյանքին:

Մյուս շարքը կոչվում է Առաջնորդներ: Այն նկարված է վերամշակված թղթի վրա, պատկերված են ինձ համար շատ կարևոր մարդիկ, որոնց ես համարում եմ առաջնորդ: Այդ նկարները ստեղծելիս փորձել եմ հիշել ինձ սիրելի կերպարների ` թողնելով, որ դիտողն էլ ինքը իր համար գտնի այդ մարդկանց: Ես, օրինակ, առաջնորդվել եմ մեկի խելքով, մյուսի հմայքով, մեկ ուրիշի կերպարով: Շարքի նկարներից մեկում Կոմիտասն  է, ինձ համար շատ կարևոր կերպար:

Երրորդ շարքը ծառերինն է: Այն արված է մոնոտիպ տեխնիկայով, այդ գրաֆիկական-հաստոցային տեխնիկայով երբեք չգիտես ` ինչ նկար կստանաս: Տեխնիկան հնարավորություն է տալիս, որ նկարիչը ևս անհամբեր լինի ու զարմանա: Տեսնելու պահը կարող է քեզ հիացնել կամ զարմացնել, իսկ լավ արդունքը միշտ ոգևորիչ է:

Շարքը կոչեցի «Ծառեր»,  որովհետև դեռ փոքրուց ներքին երկխոսություն ունեմ ծառերի հետ: Ծառը սովորեցնում է ապրել: Նկատե՞լ եք` ինչպես է քամուց ճոճվում, բայց մնում հողին կպած: Ես ուզում եմ ծառի օրինակով ցույց տալ հոգևոր զարգացման ձևը` խորը արմատներով և դեպի երկինք:

DSC_0028 - Copy

Մուսա` նկարելու համար

Ինձ միշտ օգնում է հայրս (ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը-հեղ): Նա միակ մարդն է, ով կարողանում է խորհուրդ տալ` առանց միջամտելու: Նա կարողանում է սովորեցնել, ինչպես բոլոր ճիշտ ուսուցիչները. խորհուրդ է տալիս ու թողնում ազատ: Այս ցուցահանդեսն էլ կազմակերպեցի նրա խորհրդով ու անմիջական օգնությամբ:

Սկզբում անհանգստություն կար ու լարվածություն, բայց հենց ցուցահանդեսի օրը շատ հանգիստ էի. գիտեի, որ արդեն պատարստ եմ:

Ստեղծագործելիս ոգեշնչվում եմ նաև երաժշտությամբ: Ընդհանրապես, նկարչությունն ու երաժշտությունը նման են իրար. դու չես կարող խոսքերով պատմել տեսանելի և անտեսանելի շերտերի մասին: Երաժշտությունն ինձ պետք է, բայց ցածր. չեմ ուզում, որ խանգարի մտքերիս: Երաժշտությամբ պետք է եռանդ ստանամ, բայց միտքս պետք է չշեղվի:


DSC_0020 - Copy - Copy

Ցուցահանդեսի ողջ ընթացքում ես այստեղ եմ եղել, մարդիկ ուզում են ինձ տեսնել, խոսել ինձ հետ, ճանաչել: Նկարներ կան, որոնք արդեն վաճառվել են, մարդկանց հետաքրքրությունը մեծանում է, հատկապես, երբ ասում ենք մուտքն ազատ է, համեցեք:

Կուզեի  ընտրել հենց նկարչությամբ վաստակելու  տարբերակը. դա երջանկություն է յուրաքանչյուր արվեստագետի համար: Անկեղծ ասած, կարծում եմ, որ հենց այդ ճանապարհին եմ:

Շատ նկարներ կան, որոնք պատմություն ունեն, բայց եկեք չպատմեմ. երբ պատմում ես հասարակ է դառնում: Պատմություններ կան, բայց պետք է ամեն մարդ ինքը տեսնի իրենը. չէ՞ որ ամեն մարդ իր տեսողությունն ունի:

 Անդրադարձը` Անահիտ Հակոբյանի