Recent posts
To top
22 Aug

Գևորգ Պողոսյան. Հայաստանը մրցունակ է ու նաև հաջողակ

_DSC1644

I-ՔԵԶ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Volterman «խելացի» դրամապանակի ստեղծման պատմության, էլեկտրոնային դրամների և ստարտափից բիզնես ստեղծելու կանոնների մասին է պատմում Global AM կազմակերպության նախագահ Գևորգ Պողոսյանը: Նա հավատացնում է՝ Հայաստանը մրցունակ է ու նաև հաջողակ այս ոլորտում:

_DSC1593

ԽԵԼԱՑԻ ՄԵԿՆԱՐԿ

Տարիներ առաջ դիզայն-ստուդիա ունեի, որտեղ մերժվում էին ծրագրավորման և վեբ-դիզայնի բոլոր պատվերները. մենք մասնագիտացած էինք գրաֆիկական և պոլիգրաֆիական դիզայնի ոլորտում: Հետո հասկացանք, որ հաճախորդները ցանկանում են հենց մեզ հետ համագործակցել ու որոշեցինք «օգնության կանչել» ծրագրավորող ընկերներին: Որոշ ժամանակ անց ոլորտում հմտացանք՝ միաժամանակ պարզելով, որ հենց ծրագրավորման պատվերները ֆինանսական տեսանկյունից ավելի հետաքրքիր են: Հիմնեցինք NA Soft կազմակերպությունը: Հետո հասկացանք, որ սեփական արտադրանք ունենալն է°լ ավելի ձեռնտու է, և կազմեցինք մոտ 250 կետից բաղկացած նախագծերի ցանկ, որոնք պետք է իրականացնեինք՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել էլեկտրոնային կոմերցիան: Բայց չկա էլեկտրոնային փող, չկա նաև կոմերցիա. հենց այս անհրաժեշտությունն էլ իրականություն դարձրեց մեր 250 կետանոց ցանկի ամենաառաջին նախագիծը՝ Idram -ը: Ուսումնասիրելով PayPal-ի, Yandex Money-ի փորձը՝ 2004 թվականին գործարկվեց Idram-ը՝ Հայաստանի ամենախոշոր էլեկտրոնային փող թողարկող համակարգը, որի ամսական շրջանառությունն արդեն գերազանցում է երեք միլիարդ դրամը: Ի դեպ, մենք երկու-երեք ամսում ստեղծեցինք նաև էլեկտրոնային փողերի փոխանակման կետ, որտեղ ընդամենը երկու աշխատող ունեինք և ամսական մի քանի հազար դոլար եկամուտ: Նախկինում սովոր էինք «Չկա պատվեր, չկա փող» տարբերակին, իսկ այստեղ այդպես չէր: Հասկացանք, որ հենց այսպիսի բիզնեսներ են պետք, որոնք չեն խլում ժամանակ, բերում են ֆինանսական օգուտ և զուգահեռաբար հնարավորություն են տալիս զբաղվել այլ գործերով:

28827638_327783987744020_4765157420866738925_o

ՇԱՏ I-Լ ԳՈՐԾԵՐ

Շուտով պարզ դարձավ, որ այն, ինչ մինչև այս արել ենք, եղել է տեղական շուկայի համար, իսկ Հայաստանին իսկապես օգնելու համար կարևոր է միջազգային շուկայում ներկայացված լինելն ու դրսից կանխիկ գումար բերելը: 2014-ին որոշեցինք տեղափոխվել համաշխարհային շուկա՝ աչքի տակ ունենալով գործունեության երկու ոլորտ՝ դոմեյնները և քրաուդֆանդինգը:

SPIDERMAN, SUPERMAN, VOLTERMAN!

Սա հաջողության պատմություն է: «Խելացի» դրամապանակ ստեղծելու ճանապարհին մենք փորձում էինք ցույց տալ, որ հնարավոր է, առանց Հայաստանից դուրս գալու, դառնալ համար 1-ը ողջ աշխարհում, և դա ստացվեց: Volterman-ը մուտք էր գործելու «խելացի» դրամապանակների արդեն կայացած շուկա. այս փաստը գիտակցելով՝ արդեն պարզ էր՝ այն պետք է գերազանցեր նախորդներին և տարբերվեր իր հնարավորություններով: Volterman-ը «խելացի» դրամապանակ է, որն ամփոփում է կաշեգործի, դերձակի, դիզայների, ծրագրավորողի, ինժեների և շատ այլ մասնագետների աշխատանքները: Ինտերնետի առկայությունը, տեսախցիկը, կորցնելու դեպքում այն գտնելու հնարավորությունն ու դիզայնն առավելություն տվեցին մեր նախագծին, հետո եկավ go to market-ի ռազմավարության մշակման և արտադրանքը ներկայացնելու ժամանակը:

Երբ խոսում ենք այս մասին, հաճախ եմ ասում՝ պետք է իմանաս, որ աշխարհում համար մեկն ես լինելու, հակառակ դեպքում՝ իմաստ չկա գործը սկսել: Քո ոլորտում պետք է առաջինը լինես: Դժվա՞ր է: Հետո՞ ինչ. հեշտ գործերը թող մնան թույլերին:

_DSC1574

ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆԸ

Մենք թիմում մի բանաձև ենք մշակել՝ պետք է 100 տոկոսով վստահ լինենք, որ առաջինն ենք լինելու: Դրան զուգահեռ միշտ պետք է հիշենք, թե որքան հետ ենք, որ ունենք գիտելիքի պակաս և համեմատության քիչ եզրեր տվյալ ոլորտի համաշխարհային առաջատարների հետ: Հենց այս տարբերությունը, որ կա մեր և համաշխարհային առաջատարների միջև, կարևորագույն խթաններից է առաջ շարժվելու համար:

Երբ հասկանում ես, որ պարտադիր պետք է առաջինը լինես և, միևնույն ժամանակ, հստակ գիտակցում ես տեղդ ներկա պահին, զարգացմանդ տեմպն այլ է լինում:

Սակայն, կա ևս մի շատ կարևոր բան: Ղազախական ֆորումներից մեկում մի ալպինիստ ասաց. «Էվերեստի վրա մահերը մեծ մասամբ իջնելու ընթացքում են լինում. վեր բարձրանալիս նպատակ կա, իջնելիս նպատակն արդեն իրողություն է, իսկ սեփական անձի մասին կարծիքը՝ Էվերեստի պես բարձր: Վերելքին ավելի զգոն են, հետո՝ ոչ, այնինչ «չեմպիոնությունը» պահել է պետք»: Այսպես է ոչ միայն Էվերեստ բարձրանալիս, այլև բիզնեսում. քո պատկերացրած լավագույնից հետո սկսում ես թուլանալ ու սխալվել: Առաջինը լինելուց հետո առավել ևս պետք է պահպանել զգոնությունը:

31901870_346963252492760_4594257127039565824_o

ՎԱՃԱՌԵԼ ԲԻԶՆԵՍԸ

Ինչպես ասում են՝ զբոսանավի տերը երջանկանում է երկու անգամ՝ մեկ` այն գնելիս, մեկ՝ վաճառելիս: Բայց հիմնականում դա ասում են նրանք, ում գործը հենց վաճառելն է: Բիզնեսներ կան, որոնք, իսկապես, ստեղծում ես հենց վաճառելու նպատակով: Իհարկե, լավ չէ, երբ միակ մոտիվացիան վաճառքն է: Դու պետք է հասկանաս՝ ինչպես ես կյանքը փոխում, պիտի ոգևորված լինես դրանով, էմոցիա և էնտուզիազմ պետք է լինի:

Իմ կարծիքով` խոշոր կորպորացիաների ղեկավարներին, իհարկե, ձեռնտու է, որ աշխարհի ցանկացած հետաքրքիր միտք դառնա բիզնես և պատկանի իրենց: Հենց այդ պատճառով իրենք ինովացիոն գաղափար ունեցողների ուղեղում ի սկզբանե դնում են այն միտքը, որ լավագույն ելքը բիզնեսը կամ ստարտափը վաճառելն է: Չհավատա՛ք, միշտ չէ, որ այդպես է:

30704091_339303889925363_2338316726475316448_n

ՓՈՂԸ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈւՄ Է

Եթե թիմում գումարը մոտիվացիայի հիմնական աղբյուրն է, ապա այդ թիմը չեմպիոն չի դառնա: Սիլիկոնային հովտում ասում էին՝ փողը որպես մոտիվացիա միայն երրորդ տեղում է: Առաջին տեղում այն է, թե որքան կարևոր է մարդն իրեն զգում իր գործում: Երկրորդը՝ ձախողվելու իրավունքն է. ոչ մի ձախողում չի պատժվելու, դրանից սովորում ենք: Եվ միայն երրորդ տեղում փողն է: Իմ տեսանկյունից` փողը խթան է, այսինքն՝ այն անհրաժեշտությունն է, որ պիտի լինի, որպեսզի կարողանաս շարունակել քո կյանքն ու գնալ նպատակի ուղղությամբ:

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԸ

Թիմ կառուցելիս առաջին հերթին հաշվի ենք առնում՝ տվյալ մարդն ունի՞ այն արժեքները, որոնք մենք ենք դավանում, թե՞ ոչ: Մասնագիտական հատկություններն ինչ-որ առումով երկրորդական են. մեզ համար կարևոր են մարդկային հատկանիշները, հետևողականությունը, թասիբը, մեծամասշտաբ մտածողությունը և այլն: Պետք է երկուսս էլ այնպիսի նպատակներ ունենանք, որոնց համար արժե կյանք դնել, և այդ նպատակները պետք է համընկնեն: Եթե չեն համընկնում, ավելի լավ է իրար հրաժեշտ տանք. փոխզիջումներով աշխատելը դժբախտացնում է երկու կողմին, իսկ մենք ուզում ենք այնքան երջանիկ ապրել, որ զիջելու կարիք չլինի, այլ լինի հարմոնիա: Թիմում հաղորդակցություն կազմակերպելն էլ կարևոր է, յուրաքանչյուր ֆիդբեք պետք է տրվի նվերի ձևով: Թիմի անդամները խոսում են ամեն ինչի մասին՝ ճիշտ ֆորմատով և ընկալմամբ:

Մենք այս պահին Հայաստանում ստարտափ էկոհամակարգի կառուցման նպատակ ունենք: Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, տնտեսական պատերազմի մեջ է: Երկրի ֆիզիկական սահմանների պես ֆինանսական սահմանները ևս կարևոր են: Հայաստանում պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել ստարտափների համար, ասել է թե՝ ձևավորել ստարտափ էկոհամակարգ:

_DSC1644

ՍՈՎՈՐԵԼ ԱՆԸՆԴՀԱՏ

Սովորելը մեր թիմում պարտադիր ստանդարտ է: Սովորում ենք անընդհատ ու ամեն ինչ, ինչի կարիքն ունենք այդ պահին: Որոշ ժամանակ առաջ որոշեցինք, որ պետք է սովորենք ստեղնաշարով աշխատելիս օգտագործել մեր 10 մատները՝ ավելի արագ և արդյունավետ աշխատելու համար: Արդյունքում՝ արդեն մեկ տարուց ավել է՝ 10 մատով տպել եմ սովորում: Գիտեք, այս ՙառաջադրանքից՚ հետո հասկացա, որ, ինչ-որ տարիքից սկսած, որոշ բաներ ավելի դանդաղ ես սովորում, օրինակ, մկանների հիշողությունն էլ այն չէ: Բոլորս միասին սկսեցինք, սակայն 20-21 տարեկան երիտասարդները շատ ավելի արագ սովորեցին ու գերազանցեցին ինձ: Հիմա համառորեն շարունակում եմ: Արդեն ահագին լավ է ստացվում:

ՈՉ ԹԵ ՁԱԽՈՂՈւՄ, ԱՅԼ ՓՈՐՁ

Ե՞ս, տաղանդավոր գործարա՞ր… Չգիտեմ՝ ինչ է դա: Երևի այն է, երբ մարդու որակները համապատասխանում են աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պահանջներին: Գիտեք՝ ցանկացած որակ, որ չունեք, կարող եք ձևավորել ու զարգացնել: Երևի անհրաժեշտ որակները հետևողականորեն զարգացնելով` դառնում ես տաղանդավոր:

Անկախ նրանից, թե քեզ ինչպես կընկալեն, լինում են նաև ոչ այնքան հաջող նախագծեր: Երկու նախագիծ կար, որտեղ չենք հաջողել. առաջինը Fintransnet-ն էր, երկրորդը՝ աղբահանության վճարների գանձման մի նախագիծ:

Խոսեմ առաջինի մասին: Fintransnet-ը կարող էր դառնալ մարդու անհատական ֆինանսական տնօրենը: Այն հեռախոսային հավելվածի նախագիծ էր, որին կցված էին լինելու օգտագործողի ֆինանսական աղբյուրները և ծախսերի ուղղությունները: Հավելվածը, օգտվելով տրված ինֆորմացիայից, որոշելու էր՝ երբ ու որքան «ծախսել»: Մի խոսքով, այն առանց որևէ հպման կառավարելու էր օգտատիրոջ ֆինանսական շարժը: Սա մեր «պատասխանն էր» մեկ հպումով վճարում կատարելու հավելվածներին, բայց նախագիծն իրականություն դարձնելու համար պետք է համագործակցեինք տարբեր երկրների կենտրոնական բանկերի հետ, իսկ  ֆինանսական ոլորտում երբեմն որոշումները կայացնում են քաղաքական ալիքներով պայմանավորված. հետևաբար մեր գործը կախված էր լինելու մի շարք հանգամանքներից, որոնց վրա ազդեցություն ունենալ չէինք կարող:

_DSC1629

ՄԵԿ GLOBAL ՆՊԱՏԱԿ

Իրականում, այն ամենը, ինչ անում եմ, մեկ մեծ գաղափարի համար է: Արդեն 15 տարի է… չէ’ (օ’, ժամանակն արագ է անցնում, չէ՞): Արդեն 19 տարի է` մի գաղափար կա, որը ոչ մի կերպ «չեմ թողնում». բոլոր քայլերս, մեծ հաշվով, այդ գաղափարին հասնելու համար են: Խոսքը մի համահայկական համակարգ ստեղծելու մասին է, որը համամարդկային խնդիրներ է լուծելու: Ես, իրականում, հեշտորեն եմ բաժանվում իմ ստեղծածից, բայց անգամ այդ բաժանումները` լինեն դրանք վաճառքներ, միաձուլումներ թե լուծարումներ, ևս ծառայում են նույն գլոբալ նպատակին: Այս պահին մեր միջնաժամկետ նպատակն է հայկական ստարտափ էկոհամակարգի կայացումը, դրանով Հայաստանը համաշխարհային ստարտափների համար ևս գրավիչ դարձնելը:

անդրադարձը` Անահիտ Հակոբյանի,

լուսանկարները` Կարեն Սերոբյանի