Recent posts
To top
12 Sep

Ես կոփված եմ. Գևորգ Հարությունյանը՝ երկրորդ տեղում հայտնվելու մասին

Image00001

«Նոր ալիք 2018» մրցույթում Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը երկրորդ տեղը կիսել է Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Գևորգի ելույթից հետո ժյուրիի անդամներն ինչ-որ հաշվարկներ անելու համար դադար են տվել, ապա գնահատել՝ համապատասխան միավորներ տալով մեր պատվիրակին և տեղափոխելով երկրորդ տեղ:

Գևորգ Հարությունյանն արդեն Հայաստանում է, իսկ մենք կապվել ենք երիտասարդ երգչի հետ՝ տալով մեզ ու երկրպագուներին հուզող մի քանի հարց:

-Կխոսե՞ք տպավորությունների մասին: Ինչպե՞ս անցավ «Նոր ալիք 2018»-ը, բավարարե՞ց մրցութային փուլերին մասնակցելը, ո՞ր առումով՝ այո, ո՞ր առումով՝ ոչ:

-Նախ շնորհակալ եմ արձագանքի համար: Ես մրցույթների շատ եմ մասնակցել ու այդ փորձն օգնում է ավելի ճիշտ հասկանալ՝ ինչն է ավելի կարևոր մրցույթում, ինչն է մնայուն: Հետևաբար ես իմ ելույթներն ընկալում եմ որպես համերգային կատարումներ, լարվածություն չունեի, բավականին կոփված եմ: Ինձ համար մեծ բեմը ընդհանրապես վախենալու չէր, իսկ ելույթի ժամանակ չէի ուզում, որ երգս ավարտվի: Այն աժիոտաժը, արաձագանքը, որ լսել եմ ելույթներիս վերաբերյալ, օգնել է ինձ: Եթե անգամ, ինձ որպես արտիստի, լուրջ չեն վերաբերել, հիմա նրանք տեսան իմ ելույթը: Իմ անձի նկատմամբ եղած արձագանքները մեծ ձեռքբերում էին՝ նաև այն ֆոնին, որ ինձ հաշվարկելով են գցել երկրորդ տեղ:

-Ինչպե՞ս արձագանքեցին ժյուրիի անդամներն ու մասնակիցները մրցութային փուլի ավարտից հետո: Ինչպե՞ս բացատրեցին Ձեր՝ երկրորդ հորիզոնականում հայտնվելը:

-Հետո ինձ մոտեցան թե՚ կազմակերպիչներից, թե՚ ժյուրիի անդամներից և ասացին, որ հաղթողը միևնույն է ես եմ: Նման վիդեոներ էլ կան: Պատկերացրեք՝ տոնական տորթը ես եմ կտրել, ոչ թե հաղթողը: Ռեժիսորն էլ մինչև մրցույթն ասել էր՝ միավորներին ուշադրություն չդարձնեք, սա շոու բիզնես է:

Իրականում, եթե լինեի համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ, ես չէի գնա այսպիսի մրցույթի: Հասկանալի է, որ ես Հայաստանի մասն եմ և փորձում եմ ինչ-որ ուրիշ բանի հասնել, ոչ թե՝ ռեստորան, կնունք և նման բաներ: Եվ սա մեծ բեմ դուրս գալու ևս մեկ հնարավորություն էր: Դա ավելի կարևոր էր:

-Մի քանի ժամ առաջ ֆեյսբուքյան Ձեր էջում հրապարակում տեսա, որտեղ նշված էր՝ ինչու հեռուստատաեսությունները չեն արձագանքել:

-Իրոք, բոլորն ովքեր արձագանքում էին նշում էին՝ ինչու չէին անդրադառնում հեռուստաընկերությունները: Այլ օրինակ՝ գնալուց առաջ մամուլի ասուլիս էի տալիս, եկավ կայքերից մեկի ներկայացուցիչը միայն: Ո՚չ մի հեռուստաընկերության ներկայացուցիչ, ոչ մի աջակցություն` մասնակցին ճանապարհելիս: Չնայած ամենին` ես կոփված եմ, ելույթս ու հաղթանակն էլ նվիրել եմ Հայաստանին:

Խնդիրն այն է, որ մասնակցին պետք է նմանատիպ աջակցություն: Կուզեի հաջորդ տարիների մասնակիցներին աջակցություն լիներ ավելի մեծ: