Recent posts
To top
13 Nov

Ֆրանսիական Vogue-ի «շոկոլադե հերոսուհին». Նաոմի Քեմբլ

23318966_1509136319183372_3241436443429410944_n

Թվում է՝ նախորդ դարի հետ պետք է անցած-գնացած լինեին նաև ռասսայական խտրականություն դնողներն ու այդ մասին մտածողները: Բայց՝ ոչ. նոր տասնամյակները հաճախ «ստիպված են» մի քանի պտույտ անել՝ նախորդների թողած շղթաները կոտրելու համար:
Երբեմն ռասսայական խտրականության մասին «հիշում» են նաև նորաձևության աշխարհում. վերհիշենք թեկուզ Valentino-ի գարուն-ամառ 2016 հավաքածուի ցուցադրությունը կամ  Gucci-ի և Vetements-ի ցուցադրությունները, որոնք «շոկոլադե մոդելների» ցանկերով հպարտանալ չեն կարող:

Չնայած սրան՝ մոդելներից շատերի հետ պայմանագրեր կնքվում են հենց մաշկի գույնի կամ, ասենք, «արևելյան աչքերի» պատճառով: Այսօր դժվար է պատկերացնել, որ որևէ ամսագիր կարող է հրաժարվել Նաոմի Քեմբլի լուսանկարը տեղադրելուց: Բայց տարիներ առաջ ֆրանսիական Vogue-ը քիչ էր մնում գործեր այդ սխալը:

Image00007

1988 թվականն էր: Այդ ժամանակ Նաոմի Քեմբլը այնքան հայտնի էր, որ ֆրանսիական  Yves Saint Laurent նորաձևության տան հետ պայմանագիր ուներ: Իսկ նորաձևության տունը սիրում էր համագործակցել սևամորթ մոդելների հետ ու նոր երանգ տալ իր հավաքածուներին: Մի օր Քեմբլը զանգում է Սեն Լորանին ու, արցունքն աչքերին, պատմում, որ ֆրանսիական Vogue-ը հրաժարվել է նոր համարի շապիկը հրատարակել իր նկարով: Իսկ դիզայները պարզապես ասել է՝ դա չի քննարկվում: Հաջորդ օրն արդեն Իվ Սեն Լորանը զանգել էր ամսագրի խմբագրություն և նշել, որ համագործակցությունը կշարունակվի, եթե Քեմբլը շապիկին լինի: Այս քայլից հետո Vogue-ին այլ բան չէր մնում, քան համաձայնելը: Այսպես Նաոմին դարձավ առաջին սևամորթ կինը, ով հայտնվեց ֆրանսիական Vogue-ի շապիկին:

Համեմատության համար նշենք, որ ամերիկյան Vogue-ին սևամորթ կին էր հայտնվել դեռ 1974-ին, իսկ բրիտանականում՝ 1966-ին: