Recent posts
To top
10 May

Eurovision song contest. ՇՈՈ՞ւ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ

Elina Born & Stig Rästa of Estonia perform their song "Goodbye to Yesterday" at the first semi-final show of the Eurovision Song Contest 2015 in Vienna, Austria on May 19, 2015.

Գուցե շոո՞ւ, գուցե քաղաքականությո՞ւն, գուցե պարզապես իրադարձությո՞ւն… Իրադարձություն, որին սպասում է երկրագնդի գոնե կեսը յուրաքանչյուր տարվա սկզբից: <<Եվրատեսիլը>> դրսից և ներսից. ինչ է այն, ինչ խորհուրդ ունի իր մեջ և ինչ ենք մենք` հայերս, ակնկալում այս շքեղ մրցույթից:

Անդրադարձը` Նիկ Էգիբյանի

 

1200x630_306324_eurovision-sarki-yarismasi-nin-il

Երբ 2006 թվականին Անդրեն առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց <<Եվրատեսիլ>> երգի մրցույթին, մենք շատ քիչ ինֆորմացիա ունեինք մրցույթի ու հատկապես նրա ներքին խոհանոցի մասին: Իհարկե, դրա պատճառներից մեկը տվյալ ժամանակաշրջանի հայաստանյան մեդիադաշտի սահմանափակ հնարավորություններն էին և ինտերնետի խիստ պասիվ <<ներկայությունը>> մեր կյանքում: Եթե այս ամենին հավելենք նաև youtube-ի գրեթե բացակայությունը (այն սկսել է գործել 2005-ի փետրվարի 14-ից և այդ ժամանակ մեծ մասսայականություն չէր վայելում), facebook-ի և այլ պոպուլյար սոցցանցերի գոյություն չունենալը, ապա պիտի նկատենք, որ Հայաստանի առաջին մասնակից Անդրեի գրաված 8-րդ հորիզոնականը բավական մեծ նվաճում էր մեր երկրի շոու-բիզնեսի համար:

eurovision-song-contest-2014 (1)

10 տարի և եվրատեսիլյան ինը մեծ եզրափակիչ (չհաշված Ադրբեջանում 2012թ.-ին հասկանալի պատճառով բաց թողած մրցույթը). բավական մեծ փորձ, ինչը պետք է որ թույլ տար գրավել ավելի բարձր հորիզոնականներ: Բայց, արի ու տես, որ ամեն ինչ այդքան պարզ և հեշտ չէ: Բարձր հորիզոնականներն այդպես էլ մնացին երազանք, քանի որ կա՛մ հայաստանյան թիմը, անընդհատ փոփոխվելով, գործը շարունակողներին չի փոխանցում ձեռք բերած փորձը, կա’մ էլ <<Եվրատեսիլը>> Հայաստանում դիտարկվում է իբրև քաղաքական պլատֆորմ՝ Եվրոպայում մեր երկրի 100-ամյա ցավի մասին բարձրաձայնելու համար: Սակայն մենք վաղուց պետք է հասկանայինք, որ սովորական եվրոպացուն, ով գնում է այս շոուին, բացարձակապես չի հետաքրքրում քաղաքականությունը և երկրների թշնամական փոխհարաբերությունները: Մենք ունեցել ենք մեծ բյուջեի, ահռելի աշխատանքի կորուստ, արտիստների կարիերայի որոշակի անկման մասին էլ չասած (Էմմի, Dorians, Genealogy)…

sirusho_-_kopiya_682_auto_5_80

Իսկ իրականում <<Եվրատեսիլ>> պարզապես տոն է, շոու, խնդիրները ևս մեկ անգամ մոռանալու և շքերթի դուրս գալու հիանալի հնարավորություն: <<Եվրատեսիլի>> սիրահարների և երկրպագուների բանակում մեծ թիվ են կազմում  LGBT community-ի անդամները (այս միության անվանումը` LGBT, հապավում է, առաջացել է անգլերեն lesbian` լեսբի, gay` գեյ, bisexual` բիսեքսուալ և transgender` տրանսգենդեր անվանումների սկզբնատառերից): Իսկ մենք հիմնականում ուղարկում ենք լավ ձայնային տվյալներ ունեցող երգիչների, ինչն այդ շոուի հիմնական լսարանին այնքան էլ հետաքրքիր չէ: Այս մասին են փաստում հատկապես վերջին տարիներին հաղթանակ տարած երգիչների կերպարները: <<Եվրատեսիլը>> վոկալի մրցույթ չէ, այն նախևառաջ շոու է, իսկ շոուի կարևոր տարրերից է վիզուալ կողմը՝ հագուստը, հետաքրքիր պարային համարը, կրկնվող բառերով և հեշտ հիշվող ռիթմիկ երգերը:

Եկեք հեռու չգնանք և հիշենք հենց հայաստանյան փորձը: Երկու ամենաբարձր հորիզոնականները զբաղեցրել են Սիրուշոյի <<Քելե Քելեն>>, որը, ի դեպ, նաև այսօր եվրոպական մի շարք երկրների ռադիոեթերներում կարելի է լսել, և Արամ MP3-ի Not Alone-ը: <<Քելե Քելեն>> էթնիկ տարրերով, կրկնվող բառերով պարային համար էր, որը Սիրուշոն իր հմայքով և կատարողականությամբ մատուցեց այնպես, որ մինչև այսօր բոլոր հայ մասնակիցներին համեմատում են հենց նրա հետ (մի կողմ դնենք վոկալին վերաբերող քննարկումները. կրկնում եմ, սա վոկալի մրցույթ չէ):

ae278a37-d77c-4c91-9bcd-2c9ac1080d94

Հաջորդ նմանատիպ քայլն արեց Արամ MP3-ին, որի երգի բառերն անընդհատ կրկնվում էին, ու դա էր պատճառը, որ այն հենց առաջին իսկ պահից հիշվեց և սիրվեց: Դրան նպաստեց նաև եվրոպական լրատվամիջոցների սկանդալային անդրադարձը մրցույթի ֆավորիտ Կոնչիտա Վյուրստի և Արամ MP3-ի` միմյանց մասին փոխանակած կարծիքներին…

Եվ եկեք հիշենք <<Եվրատեսիլ>> մրցույթում մեր կողմից զբաղեցրած երկու ցածր հորիզոնականները՝ Dorians և Genology, չհաշված Էմմիի եզրափակիչ փուլում չհայտնվելը, երբ շատերը խաղարկում էին այն միտքը, որ դա պայմանավորված էր Ադրբեջանի պլանավորած հաղթանակով: Տեսակետն այն էր, որ եթե Էմմին անցներ կիսաեզրափակիչ, Ադրբեջանի մասնակցի շանսերը կնվազեին, քանի որ հարևան երկրները հիմնականում միմյանց են ձայն տալիս: Բայց, ըստ իս, պատճառը երգի սխալ ընտրությունն էր: Երգը <<Մանկական Եվրատեսիլին>> համահունչ կատարում էր և կարող էր անգամ լավ տեղ գրավել: Ինքս եմ լսել Էմմիին ուղարկված հարյուրավոր երգերը և նույնիսկ աշխատել արտերկրի որոշ երգահանների հետ, ովքեր այդ տարի երգեր էին ուղարկել:57650796 (1)

Dorians-ի դեպքում վոկալի տեսանկյունից ամենալավ կատարումներից մեկն ունեցանք: Անթերի էր, բայց չկար շոու, չկար հիշվող երգ, չկար եվրատեսիլյան style և stage վոկալ: Կար շատ լավ վոկալ, բայց, կրկնում եմ, <<Եվրատեսիլը>> վոկալի մրցույթ չէ:

Ի±նչ կուզենայի տեսնել ապագայում… Նախ, մասնակցի երգը չպետք է ընտրեն մի քանիսը, ովքեր, մտածելով, թե ամեն ինչ տեսել են, ու առաջնորդվելով Been there, done that (Մենք այդ ամենի միջով անցել ենք, եղել ենք, գիտենք) տարբերակով, անտեսում են թրենդները, տարվա հիթերը, նոր ձայները (գործիքավորման մասին է խոսքը), ժամանակահատվածը, մրցույթի այդ տարվա երկիրը, մյուս մասնակից երկրների երգերը, շոուները, պրոմո-տուրերը և պրոմո-երկրները, եվրոպական լրատվամիջոցների անդրադարձը, եվրատեսիլյան ֆորումների քննարկումները, մասնագետների և երկրպագուների ցանկություններն ու առաջարկները…

conchita-wurst2_glamour_18may15_getty_b_720x1080

Կարծում եմ՝ պետք է հավաքել 10 պահանջված երաժշտական պրոդյուսեր, տալ նրանց առաջադրանք և գոնե երկու ամիս ժամանակ չորս տարբեր տրամադրության երգ ստեղծելու համար: Եվ այսպես. չպետք է անտեսել սկսնակ երգահաններին և պրոդյուսերներին, քանի որ նրանք, չլինելով մեյնսթրիմի ընթացքի մեջ և կոմերցիայում դեռևս չեփված, հաճախ ավելի թարմ են մտածում և նորովի ընկալում: Հարկ է անպայման հարցումներ անցկացնել, բայց ո’չ բարեկամ-հարազատների շրջանում և այն տարիքային խմբում, ում բացարձակ հետաքրքիր չեն <<Եվրատեսիլը>> և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում դրա շուրջ. այն մարդիկ, ովքեր լսում են մի ոճի երաժշտություն, չեն կարող ճիշտ գնահատական տալ եվրատեսիլյան բազմաշերտ, բազմալեզու, բազմաէթնիկ երաժշտությանը: Անպայման պետք է քվեարկություն անցկացնել հեռուստաալիքներով և սոցցանցերում, քանի որ բոլորս էլ գիտենք, թե Հայաստանում ինչպես, ինչ սկզբունքներով և ում ցանկությամբ են ընտրվում երգերն ու արտիստները: Եվ ամենակարևորը՝ պետք է ընտրել մի այնպիսի մարդու, ով գոնե տիրապետում է անգլերենի (մի քանի ամիսը բավական է անգամ տվյալ երկրի լեզուն թեթևակի սովորելու համար)՝ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ ազատ շփվելու համար: Հակառակ դեպքում հնչում են միայն yes կամ no բառերը, կցկտուր, շաբլոն նախադասություններ, իսկ հարցերին տրվում են խղճուկ և անհասկանալի պատասխաններ: Այս ամենին խանգարում է անգամ  կողքից վազվզող թարգմանչի օգնությունը, ինչից հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երգիչն ինքը չի ուզում շփվել մարդկանց հետ և տառապում է աստղային հիվանդությամբ, այնինչ ամեն ինչ այլ պատճառ ունի. մարդն ուղղակի լեզուն չի հասկանում… Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն, որ եթե Հայաստանում ոչ ոք ձեր շարժուձևին ու խոսքերին չի հետևում, ապա այս դեպքում անգամ հարցին մի փոքր այլ ենթատեքստով պատասխան տալու դեպքում տուժելու է ձեր իսկ իմիջը:

Eurovision+Song+Contest+Dress+Rehearsal+Finals+crOJ_QSjBiAx

Ինչ վերաբերում է այս տարվա մեր մասնակցին՝ Իվետային, ապա համաձայն եմ նրան ընտրելու որոշման հետ, սակայն ինձ չի գոհացնում երգի ընտրությանը: Բայց, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք: Մեկ մարդու պես պայքար մղելու և հաղթելու ցանկությունն ու ուժը մենք արդեն զգացել ենք, տեսել ենք, ունենք: Գուցե դա նաև <<Եվրատեսիլի>> դեպքում կյանքի կոչվի: Կպայքարենք միասին՝ Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում: