Recent posts
To top
9 Jun

Արմեն Թութունջյան. «ջազ-մտքերի» ընտրանի

Image00002

Մայիսի 8-ին կյանքից հեռացավ հայկական ջազի ամենայուրահատուկ դեմքերից մեկը՝ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն: Նա արվեստի վաստակավոր գործիչ էր, թմբկահար, հեռուստահաղորդավար, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ: Արմեն Թութունջյանը նաև «Չիկո և ընկերներ» ջազային խմբի գեղարվեստական ղեկավարն էր: Հայկական ջազի ամենավառ կերպարներից մեկը հեղինակել է թմբկահարների համար նախատեսված առաջին հայալեզու ձեռնարկը՝ «Ռիթմ և շարժումը», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում վարում էր «Ջազի ժամ» հաղորդումը:

el.am-ը որոշել է պատառիկներ  հավաքել Արմեն Թութունջյանի հարցազրույցներից: Մենք ընտրել ենք մտքեր, որոնք ոգեշնչում են, ոգևորում ու բացահայտում դրանց հեղինակի խորը ու յուրահատուկ ընկալումները:

***

Ես մեկ օրում քանդեցի այդ ամենը, ինչ ունեի, եկա տուն, ասացի՝ վերջ, ես չեմ կարող այսպես կիսված ապրել, ես ուզում եմ երաժշտությամբ զբաղվել: Մայրս լացում էր: Այո, պետք է խոստովանեմ՝ ես ավելի երջանիկ եմ, երբ նստած եմ թմբուկների առջև, ինձ չէի պատկերացնում ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
***
Նույնիսկ Ջոմոլունգման է նվաճված, լինում են վատ ալպինիստներ, այլ ոչ թե անանցանելի սարեր: Ջազում էլ այդպես է. այն կջարդի քեզ, եթե չհավատաս քո վերելքին ու նվաճումներին:

***

…Երբ գալիս է սերը, էլ ոչինչ չես կարող անել: Բայց պետք է երջանիկ լինես, որ այն եկել է, որովհետեւ պատահում է, որ սերը չի այցելում: Ասում են` սերը երբեք առանց տխրության չի լինում, բայց դա ավելի հաճելի է, քան տխրությունն առանց սիրո:

***

Ու շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ որոշ մտքեր ծնվում էին անկախ իրավիճակից: Եթե համարենք, որ ես տաղանդներով եմ օժտված, ապա դրանցից մեկը այն է, որ ես նախօրոք զգում եմ, թե ինչ է անհրաժեշտ անել:

***

Նորմալ երաժիշտը, ստեղծագործողը երբեք չի կարող ինքն իրենից գոհ լինել, իսկ երբ դու ինչ-որ բանից դժգոհ ես, այն տառապանք է դառնում քեզ համար: Այն պահին, երբ մտածես, որ ամեն ինչ կարգին է, արվեստի կողմից դու քո ապտակը կստանաս:

***

…Եթե նվագողը կնվագի, ուրեմն նրան պետք է օգնել, որ նա լավ նվագի: Բայց ամեն ինչ իրականում հենց սերն է կառավարում` ուսանողի դերը ընտրած մասնագիտության հանդեպ:

***

…Ինչպե՞ս կարելի է սիրել ջազ ու չիմանալ անգլերեն:

***

Ցանկացած իսկական ստեղծագործող անձնավորությանը անհրաժեշտ է գտնվել սիրահարվածության վիճակում:

***

Երաժշտությունը սոցիալական երևույթ է, չի կարելի կանգնել ու գոռալ’ այսօրվանից ջազը մասսայական պիտի լինի, լսում ենք միայն ջազ:

Նյութը պատրաստելիս օգտվել ենք Չիկոյի՝ Bravo.am և yerkir.am կայքերին տված հարցազրույցներից: