Recent posts
To top
4 Oct

4 միտք՝ Շարլ Ազնավուրից

Image00001

Հոկտեմբերի մեկին կյանքից հեռացավ Հայաստանի ամենահայտնի ֆրանսիացին ու Ֆրանսիայի ամենահայտնի հայը: Շարլ Ազնավուրի կյանքը, գործունեությունը, երգն ու խոսքը մնացին մեր հիշողության ու պատմության մեջ: Անչափ խարիզմատիկ, անսահման տաղանդավոր և աննկարագրելի նվիրված այս մարդու կերպարը  միշտ էլ եղել է ոգեշնչման աղբյուր: Այդպես կլինի նաև այսուհետ:
Մենք առանձնացրել ենք Ազնավուրի մտքերից 4-ը՝ գեղեցկության, օտար երկրի, հոգնելու ու հրաժեշտի մասին:

Սիրունների մասին

Ինձ գեղեցկուհիները դուր են գալիս… Կանանց գեղեցկությունը գնահատել է պետք:  Բայց կինս ցանկացած պահի կարող է ինձ մոտ գալ՝ առանց վախենալու, որ ուրիշը կլինի իմ գրկում: Ընտանեկան կյանքում սա շատ կարևոր է: Ես միշտ էլ հավատարիմ եմ եղել իմ բոլոր կանանց և դավաճանել եմ բոլոր սիրուհիներիս:

Ուրիշ երկրի մասին

Ինչպե՞ս պետք է օտարերկրացին ապրի Ֆրանսիայի պես երկրում: Պիտի՚ սիրի ու ամուսնանա երկրի հետ: Իսկ հետո՝ ինչպես բոլոր զույգերի մոտ՝ սիրել երկրորդ կեսին և անել ամենը, որ նա էլ քեզ սիրի: Չնայած՝ երկների դեպքում էլ, մարդկանց դեպքում էլ՝ ամեն բան կպատահի:

Հրաժեշտի մասին

Մի լրագրողուհի միշտ լուսաբանում է իմ ելույթները՝ «Հրաժեշտի հյուրախաղեր» վերտառությամբ: Չէ մի՝ դրա հետ ես կապ չունեմ. ես  չեմ պատրաստվում ոչ ոքի հրաժեշտ տալ:

Գուցե նրան պարզապես դուր չի գալիս այն, ինչ ես եմ անում և նա հույս ունի, որ վերջապես կերգեմ վերջին երգս ու կլռե՞մ:

Հոգնելու մասին

Իմ այգին այգեպան ունի, մեքենաս՝ վարորդ: Ես ոչինչ ինքնուրույն չեմ անում: Ես դրա համար չեմ ստեղծվել: Ինքս տեսել եմ, թե ինչպես են մարդիկ հոգնում ֆիզիկական ծանր աշխատանքից: Դա խաղ չէ, ոչ էլ զվարճանք: Ինձ մոտ այլ հոգնածություն է՝ ինտելեկտուալ: Ես ինքս ինտելեկտուալ չեմ, բայց հոգնածությունս այդպիսին է: Պատահում է նաև այդպես: