Recent posts
To top
16 Dec

Best of the best. Աստղիկ Միրաքյան

Best Photographer. մեր շարքը քաղաքի լավագույն լուսանկարիչների մասին է: Մենք բացահայտում ենք նրանց մասնագիտական և անձնական աշխարհը: Այսօր մեր հյուրն է Աստղիկ Միրաքյանը։

-Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է զբաղվեք լուսանկարչությամբ։

– Ես ինձ ինչքան հիշում եմ, նկարել եմ։ Փոքր տարիքում հայրիկիս խնդրել էի՝ ինձ պրոֆեսիոնալ տեսախցիկ գնի։ Ինչ տեսնում, նկարում էի․շարժվող, չշարժվող․․․ինքս էլ էի շատ նկարվում․ տեսախցիկով ավտոմատ ռեժիմ էի դնում, գնում հեռու կանգնում ու նկարվում։ Հայաստան տեղափվելուց հետո, երբ աղջիկս արդեն մեծ էր, իրեն տարա հայտնի մի լուսանկարչի մոտ նկարելու ու ընդհանրապես չհավանեցի գործը։ Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ ես, եթե կարող եմ։ Որոշեցի ու սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ։

6O0A8622

-Լուսանկարչուհուն պե՞տք է մասնագիտական կրթությունը թե՞ այն միայն ներքին տաղանդ է։

-Կարծում եմ՝ եթե ներքին տաղանդը չկա, ամենալավ մաստեր կլասսը չի օգնի։ Ես շատ հեռու չեմ գնացել իմ կրթությունից․ սովորել եմ արվեստի բաժնում, բայց ամեն օր ինքս իմ հետ աշխատում եմ։ Հակառակ դեպքում կկանգնեմ մի տեղ ու առաջ չեմ գնա։ Պետք է ստանալ այնպիսի նկար, որ նայես, հետո էլի ուզենաս վերադառնալ ու նայել։

_O0A3565

-Աստղիկ, Ձեր ֆոտոշարքերում հանդիպեցի հիմնականում հայտնի դեմքերի, սա պարտավորեցնո՞ղ է։

-Ճիշտն ասած ես հիմա ավելի վստահ եմ իմ գործը անում։ Եթե հուզվեմ, անհանգստանամ, չեմ կարող։ Հուզմունքս սկզբում էր, երբ նոր էի վերադարձել Հայաստան, ու ինձ ոչ ոք չէր ճանաչում։

6O0A55523

-Ի՞նչ աշխատանքային տարբերություններ կան հանրությանը հայտնի և ոչ հայտնի դեմքերի հետ աշխատելիս։

-Երկուսի դեպքում էլ ես նույն գործն եմ անում։ Կարևորը յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցումն է։ Լինի դերասան, տնային աշխատող, լրագրող․․․․կապ չունի․ ես փորձում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ յուրաքանչյուրն այդ պահին իրեն աստղ զգա։

Կան մարդիկ, որ սկզբում ամաչում են, կաշկանդվում, բայց հետո շփումից այնպես են «բացվում», որ ես իմ օբյեկտիվում ստանում եմ բնական կադր։ Այնպիսին, ինչպիսին հենց ինքն է՝ առանց ավելորդ կոմպլեքսների։

6O0A9052

-Ի՞նչ է պետք իդեալական կադր ստանալու համար։

– Իդեալական կադրը ստացվում է, երբ մեր շփումն է ստացվում։ Իմ մասնագիտությունը կապված է հոգեբանության հետ, առաջինը մենք պետք է իրար հասկանանք, որ ես ստանամ այն լուսանկարը, որտեղ հենց ինքն է։ Ատում եմ արհեստական վիճակները։ Հաճախորդին խնդրում եմ թուլանալ, մոռանալ, որ եկել է նկարվելու, երաժշտություն եմ միացնում, լույսերը անջատում ու ասում․ «Ո՜նց կնայես հայելու մեջ ու ինքդ քեզնով կհիանաս»։

6O0A5972

-Հայտնի զույգերի ստացված ֆոտոշարքերդժվա՞ր է սերը լուսանկարել։

-Ո՛չ, դժվար չէ, երբ իրական է։ Տղաների հետ է մի փոքր դժվար, որովհետև հայ տղամարդիկ կոմպլեքս ունեն ևս մեկ անգամ գրկելու, համբուրելու, ցույց տալու, որ սիրում են իրենց կնոջը։ Բայց սա էլ է անցնում կատակների, անմիջական շփման մեջ։ Եղել է դեպք, որ մեծահասակ զույգի եմ նկարել․ այստեղ սերն ուրիշ է։ Հարգանք, միմյանց համար անհանգստանալ, գուցե սեր չէ, բայց ավելի ուրիշ ու նուրբ զգացմունքներ կան, որոնք էլ երիտասարդների մոտ արտահայտված չեն։

-Ի՞նչ եք ամենից շատ սիրում լուսանկարել։

-Դիմանակար։ Ավելի հոգեհարազատ է ու իմը (ժպտում է․-հեղ․):

6O0A8593ч

-Իսկ ինքներդ սիրո՞ւմ եք լուսանկարվել։

-Առաջ շա՜տ-շա՜տ։ Հեռախոսիս մեջ ամբողջը ինքնանկարներ էին, իսկ հիմա միայն հաճախորդների նկարներն են։

Նկարելուց ես հաճախորդներին ցույց եմ տալիս ձևերը, ապրում դրանով․ հաճախ ասում են․ «Եկեք տեղերով փոխվենք, Ձեր մոտ ավելի լավ է ստացվում»։

_O0A2167

-Գաղտնի տաղանդներ ունե՞ք։

-Ես փոքր ժամանակ մականուն ունեի․ ուզում եմ հիշել բառը․ «ամեն ինչ կարողիկ» կարծեմ (ժպտում է․-հեղ․)։

Գլուխ գովալ չլինի, բայց ես իմ մտքին դրածն անում եմ։ Միշտ գտնում եմ նպատակին հասնելու ճամփան․ սարերով ու ձորերով լինի թե ուղիղ, գտնում եմ ու հասնում։

– Գուցե աշխատասիրությա՞ն շնորհիվ։

-Կարծում եմ՝ այո։ Օրինակ, երբ համալսարանում լեկցիա էի գրում, հետո ձեռագիրս դուրս չէր գալիս, տանը անպայման նոր տետրում հատիկ-հատիկ արտագրում էի։

6O0A0394 (1)

-Ինչպիսի՞ն եք Դուք տանը։

-Հիմա մեծ ընանիքում եմ ապրում, ու բոլորը գիտեն, որ տան «գիժը» ես եմ ։

Ես կարող եմ չորեքթաթ երեխաներիս հետ վազել, գլխի վրա կանգնել, «շպագատ» բացել․ իրենց հետ հավասար խաղալ։ Ամենամեծ տաղանդս համարում եմ «լավ մայրիկ» լինելը։ Երբ իմ բալիկների աչքերը փայլում են, ուրեմն ինձ մոտ այդ «գործն» էլ է ստացված։

6O0A5389

-Եթե չլինեիք լուսանկարիչ, ինչո՞վ կզբաղվեիք։

-Երբ դեռ Հայաստան չէինք տեղափոխվել, ամուսնացած էլ չէի, ես մի մեծ երազանք ունեի․ ունենալ 3 հարկանի շենք։ Առաջին հարկում՝ ատելիե, երկրորդում՝ տոների կազմակերպում, երրորդում՝ ֆլորա կենտրոն։ Երազում էի, որ հարսիկը կամ այլ երեկույթի հերոսուհի գա ինձ մոտ ու պատրաստ գնա։

Առհասարակ, ես սիրում եմ կազմակերպել, ղեկավարել։ Ունեմ նաև փորձ․ գեղեցկության սրահ եմ ղեկավարել։ Այստեղ կողքից նայելով ես սովորեցի եղունգների խնամք, մազ կտրել, գիտե՞ք, տղայիս մազերը մինչ այսօր ես ինքս եմ կտրում (ծիծաղում է․-հեղ․)։

-Ընտանիք և ոչ ստանդարտ ժամեր ունեցող աշխատանքստացվո՞ւմ է համատեղել։

-Առաջինը՝ ընտանիքը։ Իմ օրը կազմակերպվում է ընտանիքովս։ Գործն անում եմ ազատ ժամանակ և հաճույքի համար։

-Կա՞ որևէ մեկը, ում երազում եք լուսանկարել։

-Առաջ հնարավոր է, որ լիներ, իսկ հիմա հասկացել եմ, որ իմ մտքերը նյութականանում են։ Չգիտեմ՝ ինչպես, ճակատագիրը ինձ միշտ հանդիպացնում է այդ մարդկանց։ Օրինակ՝ մեկը կա, ում շատ էի ուզում լուսանկարել ու հանկարծ  իմանում եմ, որ այս գարուն գալիս է ինձ մոտ։ Չեմ բարձրաձայնի (ժպտում է․-հեղ․)։

6O0A1679

-Ինչպե՞ս կսահմանեք գեղեցկությունը։

-Գեղեցկությունը ներսից պետք է լինի։ Ես շրջապատումս ունեմ մարդիկ, ովքեր արտաքնապես գեղեցիկ չեն, բայց իրենց հետ 1 րոպե խոսում ես ու մոռանում արտաքին թերությունների մասին։ Եթե անգամ կողքից ասեն, որ ինքը տգեղ է, կզարմանաս ու կհամոզես, որ շա՜տ-շա՜տ գեղեցիկ է։

Շատ եմ գնահատում գեղեցիկ ու միևնույն ժամանակ խոսացող աչքերը։

6O0A6394

Առաջիկայում ծրագրեր կա՞ն։

-Առաջնայինը ստուդիա ունենալու ծրագիրն է։ Թող չլինի մեծ, լինի փոքրիկ մի անկյուն, բայց որտեղ հաճախորդն իրեն հանգիստ կզգա։ Թեյ, սուրճ, զրույց․․․պատկերացնում եմ նման ջերմ մթնոլորտ։ Նոր տարվանից հետո անպայման սկսելու եմ այդ ուղղությամբ աշխատանքները։

6O0A1068 6O0A2434 6O0A4339 6O0A7041 6O0A8926 6O0A9046