Recent posts
To top
1 Nov

ԱԶԱՏՈւՐ ՊՈՂՈՍՅԱՆ. Սև ադամանդների թագավորը

AZATURE1344

Մեր էքսկլյուզիվ հարցազրույցը ԱՄՆ-ում բնակվող հայազգի դիզայներ, AZATURE լյուքս դասի ոսկերչական բրենդի հիմնադիր Ազատուր Պողոսյանի կամ, ինչպես նրան հաճախ են անվանում, Սև ադամանդների թագավորի հետ:

հարցազրույցը` Աննա Գևորգյանի

լուսանկարները` Ազատուր Պողոսյանի անձնական արխիվից

AZATURE1453

Ազատուր, ինչպե°ս ամեն ինչ սկսվեց:

Նյու Յորքի Parsons դիզայնի դպրոցում նորաձևության դիզայնի ոլորտում ասպիրանտուրան ավարտելուց և աստղային ոճաբան Անդրեա Լիբերմանի հետ աշխատելուց հետո, որը, ի դեպ, Ջենիֆեր Լոպեսի և Գվեն Ստեֆանիի ոճով է զբաղվում, վերադարձա Լոս Անջելես: Այդ ժամանակ զբաղեցրի կրեատիվ տնօրենի պաշտոնª միևնույն ժամանակ հասկանալով, որ պետք է այլ նպատակների ետևից գնալ: Նոր ձեռքբերումներիս ժամանակաշրջանը սկսվեց, երբ Նոր տարվա նախօրեին մեկնեցի Լաս Վեգաս: Պատահմամբ բաց թողեցի հաջորդ օրվա հետադարձ թռիչքս: Մի քանի հեռախոսազանգ ունեցա և տեղեկացա, որ հորեղբայրս նույնպես Վեգասում է: Մենք չպլանավորված փոքրիկ ուղևորություն ունեցանք, որի ընթացքում նա ինձ առաջարկեց ոսկերչական ընկերություն հիմնադրել: Որոշակի ուսումնասիրություններ  ու հետազոտություններ անելուց և ինձ համար սև ադամանդը բացահայտելուց հետո հասկացա, որ դա հենց այն է, ինչով ես պետք է զբաղվեմ:

Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում իմ ընտանիքի պատմությանը` ստեղծելով անթերի ոսկերչական իրեր, որտեղ մեծ ուշադրություն եմ դարձնում յուրաքանչյուր մանրուքի: AZATURE անվան տակ թողարկված բոլոր ոսկերչական իրերը պատրաստված են AZATURE black diamond էքսկլյուզիվ հավաքածուի քարերից: Այդ ամենի հիմքում փոխզիջումներ չհանդուրժող որակն է, կրեատիվությունն ու անձնական ուշադրությունը. այս ամենը ես սովորել եմ իմ ընտանիքիª ժամանակով ստուգված վարպետությունից:

IMG_2560

Դժվար չէ°ր մուտք գործել Հոլիվուդ:

Հոլիվուդում հաջողության հասնելը շատ դժվար էր, բայց իմ դեպքում ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նյու Յորքում ապրելու ժամանակ շատ ծանր տարիներ եմ ունեցել: Փորձում էի դիզայների աշխատանք գտնել: Սակայն եկավ մի պահ, երբ զգացի, որ ինձ լիովին կորցրել եմ: Դպրոցում իրոք լավ էի սովորում և պատրաստվում էի իրավաբանական դպրոց ընդունվել: Այնուհետև մտափոխվեցի և որոշեցի դիզայնով զբաղվել: Ուրախ եմ, որ այդպես վարվեցի. արդյունքն արդարացրեց բոլոր դժվարությունները: Դա էր իմ ճակատագիրը: Ես շատ հոգևոր մարդ եմ և գիտեի, որ Աստված ինձ ցույց կտա իմ ուղին: Պատկերացնել, թե մի օր ինձ կճանաչեն որպես Սև ադամանդների թագավոր կամ Ադամանդների թագավոր ամբողջ աշխարհում, դեռ անհավատալի է թվում: Այդ ամենը կարծես երազ լինի: Բայց ես երբեք չեմ մոռանա այն ակնթարթը, երբ իմացա, որ Ռիհանան իմ հավաքածուից զարդ էր կրել: Ամեն ինչ մեկ վայրկյանում փոխվեց: Չեք կարող նույնիսկ պատկերացնել` ինչ զգացողություններ ունեցա, երբ իմացա, որ նա AZATURE ապրանքանիշ է կրել իր Disturbia և Rehab երգերի տեսահոլովակներում: Այնուհետև նա պատվեր արեց իր համաշխարհային շրջագայության համար և շարունակեց AZATURE կրել տարբեր միջազգային հարցազրույցների և ելույթների ժամանակ:

IMG_2559

Աստղային հաճախորդների թվում են նաեւ…

Թեյլոր Սվիֆթը, Լեդի Գագան, JLo-ն, Բրիթնի Սփիրսը, Մադոննան, Արիանա Գրանդեն, Օփրա Ուինֆրին, Մեգան Ֆոքսը, Սքարլեթ Յոհանսոնը, Բեյոնսեն, Հեյդի Քլումը, Միլա Կունիսը, Զոե Սալդանան, Սինդի Քրոուֆորդը, Քիմ Քարդաշյանը, Ֆերջին, Մարիսա Տոմեյը, Օզի Օզբորնը, Լինդսի Լոհանը, Բրենդոն Բոյդը, Քելլի Քլարքսոնը, Քելիսը, Քելլի Ռոլանդը, Լիվ Թայլերը, Միրանդա Քերը, Նադյա Ալին, Քեյթ Ֆրենչը, Բրուքլին Դեքերը, Մինի Դրայվերը, Մայլի Սայրուսը. սրանք ընդամենը մի քանի աստղային անուններ են: Բացի այդ, եզակի նմուշով էքսկլյուզիվ պատվերներ եմ անում համաշխարհային լիդերների և թագավորական ընտանիքի անդամների համար: Ես միշտ երախտապարտ կլինեմ բոլորին ինձ աջակցելու համար: Ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետից կարող է կապ հաստատել իմ գրասենյակի հետ www.azature.com կայքի միջոցով և հանդիպում նշանակել:

IMG_2558

Դիզայն եւ ոգեշնչման աղբյուր…

Իմ ոճը յուրահատուկ է և միշտ ակտուալ: Միևնույն ժամանակ այն իր մեջ կրում է անտիկ պատմության և փոփ-մշակույթի ազդեցությունը: Հոլիվուդն ինձ անչափ շատ է ոգեշնչում, ինչպես նաև իմ ճանապարհորդությունները ողջ աշխարհով: Մեծ պատիվ է տարբեր մշակույթների և վայրերի ազդեցությանը ենթարկվելը: Տղամարդիկ ու կանայք, ում համար ես պատվերով իրեր եմ պատրաստել, նույնպես ինձ շատ են ոգեշնչել: Ես նրանց ՙԻմ ադամանդներ՚ եմ անվանում, այդ թվում և իմ լավագույն ընկերոջը Սաուդյան Արաբիայից: Իմ հավաքածուները յուրահատուկ են գրեթե բոլոր տեսանկյուններից: Փոքր դետալները չափազանց կարևոր են ինձ համար, և իմ վարպետությունն է, որ առանձնացնում է ինձ բոլորից: Իմ ընտանիքը երկար տարիների պատմություն ունի ոսկերչական ոլորտում, սակայն հաճախորդների հետ ունեցած իմ հարաբերություններն ամենաթանկն են ինձ համար:

eGNE0911

Իսկ ի°նչ են թելադրում այժմյան թրենդները:

Ներկա պահին ոսկերչական աշխարհն ականատես է մի քանի գլխավոր տենդենցների: Մարդիկ չեն վախենում իրենց սեփական ոճը ցուցադրել, ինքնարտահայտվել: 90-ականների ազդեցությունը մասնավորապես զգացվում է վերածնունդ ապրած չոկերներում և ականջի մանժետներում: Բոհեմիզմը նույնպես ակտուալ ուղղվածություն է: Անձամբ ես գտնում եմ, որ յուրատեսակ հմայքով դասական զարդերը նորաձևությունից երբեք դուրս չեն գա: Անընդհատ փոփոխվող տնտեսության պայմաններում մարդիկ ցանկանում են գեղեցիկ, ակտուալ և իմաստ կրող զարդեր ձեռք բերել: Հենց այդպիսի զարդեր էլ ես սիրում եմ առաջարկել: Հաճախորդների ճաշակն անընդհատ փոխվում է, բայց ակտուալ, բարձրորակ և թանկարժեք զարդեր ունենալու ցանկությունը միշտ մնում է նույնը:

BDGS_00437

Ո°րն է քո ամենասիրելի զարդը եւ ի°նչ յուրահատկություն ունի այն:

Իմ առաջին ոսկյա իրն իմ ֆիրմային մատանին էր, որը նաև իմ ամենասիրելի զարդն է: Ես այն երբեք չեմ հանում: Այն իրենից ներկայացնում է 6-կողմանի մատանի` զարդարված 6-կարատանոց AZATURE սև ադամանդներով: Այս մատանին չափազանց մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ վեցը իմ հաջողության թիվն է: Ես ծնվել եմ 12/06-ին, ժամը 12:06 pm-ին: Այսպիսով, վեցը միշտ կախարդական թիվ է եղել իմ կյանքում:

C2_3-241507

Իսկ ինչպե°ս որոշեցիր ստեղծել աշխարհի ամենաթանկ եղուն°ների լաքը:

Ամենաթանկ եղունգների լաքը ստեղծելիս ես ցանկանում էի մի տեղում խառնել ամենալավ բաղադրիչները, որոնք միայն կարող էի գտնել, ադամանդներից լավագույնի հետ: Ես ընտրեցի սև ադամանդները, քանի որ հենց դրանք են ձևավորել իմ ֆիրմային ոճը: Ես, իրոք, ցանկանում էի ստեղծել եղունգների լաքի` այսպես ասած` թանկարժեք զարդը, և դա ինձ հաջողվեց: 250 հազար դոլար արժողությամբ այս ՙգեղեցկուհին՚ գտավ իր երջանիկ սեփականատիրոջը: Բայց մի° անհանգստացեք, 1 մլն դոլար արժողությամբ White Diamond եղունգների լաքը դեռ վաճառքում է: Բացի այդ, ես մեծ ոգևորությամբ ուզում եմ հայտարարել, որ AZATURE իսկական ադամանդով եղունգների լաքը հասանելի կլինի նաև Ռուսաստանում և Հայաստանում այս աշնանը: Այն կարող եք ձեռք բերել Երևանի Cosmotheca-ում:

IMG_2548

Ի°նչը կամ ո°վ է ամենից շատ ոգեշնչել քեզ դիզայնի հարցում:

AZATURE-ը միայն դիզայն չէ: Խոսքը նաև սոցիոլոգիական մոտեցման մասին է, հայացքի, թե ինչ է տեղի ունենում մեր շրջապատում և ինչ տեղի կունենա հետագայում: Փորձառու դիզայներների, ինչպես նաև սկսնակների մեծամասնությունը ոգեշնչման աղբյուր է փնտրում պատմության տարբեր ժամանակահատվածներում: Մինչդեռ ինձ համար գլխավոր ոգեշնչման աղբյուրն ապագան է: Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ ամուսնությունը, պատերազմը, ռասան և սեռն անընդհատ փոփոխվում և զարգանում են, AZATURE-ի դիզայնը ևս փոփոխվում է, ինչպես զգացողությունը և երևակայությունը, որոնք ծնվում ու ձևավորվում են մարդկության ամենօրյա պայքարից: Երբ Նյու Յորքում էի ապրում և սովորում Parsons դիզայնի դպրոցում, մի քանի փոքր նախագիծ եմ իրականացրել Christian Dior-ի և Alexander McQueen-ի հետ: Այդ փորձն ինձ նույնպես շատ է ոգեշնչել: Եվ, իհարկե, չեմ կարող չհիշել մայրիկիս: Նա իմ ոգեշնչման ամենամեծ աղբյուրներից է: Առանց նրա սիրո և իմ ընտանիքի աջակցության հաջողություններիցս և ոչ մեկը չէր լինի:

Bv2Htw0IgAAu8wz

Bv2visHIYAAyeon

Ինչո°ւ ընտրեցիր հենց սեւ ադամանդները:

Սևը, որպես գույն, կամ ավելի ճիշտ կլինի ասել` երանգ, միշտ իմ կյանքի մասն է կազմել: Կարծում եմ` այստեղ մեծ դեր է ունեցել նաև մայրիկս, քանի որ նա միշտ էլեգանտ տեսք ուներ, հատկապես երբ սև էր հագնում: Վերջին 12-13 տարիների ընթացքում չի եղել անգամ մեկ օր, որ ես սև չկրեմ, նկատի ունեմ` ամբողջովին սև: Parsons դիզայնի դպրոցում ուսանելու տարիներին միշտ տարբեր փորձարկումներ էի անում գործվածքների հետ, քանի որ մեզ սովորեցնում էին ազատ մտածել: Սակայն խնդիրն այն էր, որ երբ ինչ-որ բան էի անում այլ գույնի գործվածքով, արդյունքում այն մի կողմ էի շպրտում և նույնը սևով անում: Երևի հենց այդ ամենն էլ նպաստեց, որ ես մոլագարի պես սիրահարվեցի սև ադամանդին:

BDGS_00015

Լինելով շքեղության մարմնավորում` սև ադամանդներն աշխարհի ամենախորհրդավոր, ցանկալի և փխրուն թանկարժեք քարերից են: Նրանց ծագումը մինչև հիմա անհայտ է մարդկությանը: Համաձայն ուսումնասիրությունների` այս հազվագյուտ քարերը, հնարավոր է, ձևավորվել են գերաստղի պայթյունի

հետևանքով Երկիր մոլորակի վրա ընկնելուց հազարավոր դարեր առաջ, ինչը նրանց, իրոք, ոչ այս աշխարհից է դարձնում: Այսքան գաղտնիքներից հետո կարող եք արդեն պատկերացնել, թե որքան հաճելի է այս անչափ գեղեցիկ քարերի հետ աշխատելը: Բայց պետք է նաև նշեմ, որ ես գործ ունեմ բոլոր գույների ադամանդների հետ:

AZATURE1548

Ինչպե°ս կբնութագրես շքեղությունը:

Անընդհատ փոփոխվող տնտեսական համակարգում շքեղությունը և դրա կարևորությունն այն մթնոլորտում, որտեղ ճոխությունը համարվում է ոչ կոռեկտ իրողություն, լարվածությամբ են ընկալվում: Հենց այն ընկալումը, թե նոր ձևավորված շքեղությունը կապ չունի ավելորդությունների և կարգավիճակի հետ, այլ կոչ է դիմացինի մասին հոգ տանելու և իսկական որակը զգալու, առանձնացնում է AZATURE-ը նմանատիպ այլ ապրանքանիշերից: Յուրաքանչյուր զարդ ոսկերչական վարպետության և դիզայնի վերաբերյալ իմ ընկալումների մարմնավորումն է: Այն թույլ է տալիս գոհացնել ինքդ քեզ ու բավարարել սեփական քմահաճույքը` լինել ինքնատիպ ու եզակի:

AZATURE1344

Ինչի° վրա ես այժմ աշխատում:

Աշխատում եմ ոսկերչական նոր հավաքածուի ստեղծման վրա, որը կթողարվի մոտ մեկ ամսից, նաև նոր երանգների մատնահարդարման լաքերի թողարկման ուղղությամբ: Սակայն ամենակարևորը, որի վրա ցանկանում եմ ուշադրությունս կենտրոնացնել, բարի գործեր անելն է` անշահախնդիր և առանց որևէ ակնկալիքի: Հուսով եմ` մեր այս նախաձեռնությունը կոգեշնչի նաև մյուսներին, որպեսզի ուշադրությունը սևեռեն դրական իրողությունների վրա: Վերջին ժամանակներում տեղի ունեցող ողբերգությունների ֆոնին ես միշտ շարունակել եմ կենտրոնանալ միայն դրականի վրա` օգնելով տարածել հույսի և մարդասիրության գաղափարը: Դրա համար միայն բարություն է անհրաժեշտ, որն էլ ամբողջովին կփոխի ինչ-որ մեկի օրը: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կարող են անել բարության մեկ միլիոն դրսևորումները… Մի օր դու արթնանում ես և գիտակցում, որ ինչ-որ մեծ բան պետք է անես մարդկության համար, սկսես կյանքիդ ամենաբարդ նախագիծը: Դու պետք է անես աներևակայելին: Մենք բոլորս պետք է սիրենք միմյանց: Ժամանակն է վերջ տալ կրոնական խտրականությանը, ռասիզմին, սեքսիզմին և հոմոֆոբիային: Մենք բոլորս մարդ ենք և պետք է սովորենք սիրել միմյանց, ընդունել մեր մեջ եղած տարբերությունները: Ադամանդները գոյակցում են, ինչու չենք կարող նույնը մենք էլ անել:

eGNE1030