Recent posts
To top
16 Jul

Ապագան դեռ առջևում է. Արեգ Հովակիմյան

Image00005

El ամսագրի 122-րդ համարում մենք զրուցել էինք Արեգ Հովակիմյանի հետ: Ամսագրի նախորդ համարի ամենահետաքրքիր զրույցներից մեկն առաջարկում ենք կարդալ այստեղ:

***

Նրան կնկատես տասնյակների մեջ ու հարզազրույցի կհրավիրես առաջին հարմար առիթի դեպքում: Արեգ Հովակիմյանը հայկական  մոդելային ասպարեզի ամենակոլորիտային դեմքերից է՝ բազմազան կերպարներով և անսահման խարիզմայով: 

-Արե՛գ, հարցազրույցին պատրաստվելիս նախ քո ֆեյսբուքյան էջն եմ ուսումնասիրել։ Ազդեցիկ լուսանկարներ ունես։ Օրինակ` գլխավոր լուսանկարը` «coeur de granade» (ֆր. «նռան սիրտը») գրությամբ։

-Շատ հաճելի է այս հետաքրքրությունը իմ գործունեության նկատմամբ… Իսկ նկարը, որտեղ ձեռքումս կտրված նուռ է, արվել է Վրաստանում: Հիշարժան օր էր. լուսանկարիչ Յուլյա Բլյումենբերգը շատ արագ «որսում» էր զգացմուքներս ու ֆիքսում դրանք։ Այդ պահին նռան հյութն ինձ արյուն հիշեցրեց…  Հետո, երբ արդեն վերադարձա Երևան, հիշեցի զգացածս:

Image00003

-Իսկ ինչու՞ ֆրանսերենով: Հետո, քո էջում գրառում կար. մի քանի ամիս առաջ Ֆրանսիա մուտքի վիզա ստանալու մասին էիր հարցնում: Ապագայի պլաններում կա՞ նորաձևության քաղաք Փարիզը:
-Ինչո’ւ ֆրանսերեն, որովհետև ֆրանսերեն եմ սովորում ու այդ երեկո էլ հենց  տարբեր նյութեր էի ուսումնասիրում լեզվի մասին: Իսկ պլաններ, իհարկե, կան, բայց դեռևս հստակ ժամկետ չեմ դրել իմ առջև.  ուզում եմ լեզուն ուսումնասիրել, պաշար հավաքել, հետո միայն գնալ: Իսկ մուտքի վիզա ստանալու ընթացակարգին ծանոթանալու փորձի նախապատմությունն այն է, որ հայտնի ամսագրերից մեկն իր պաշտոնական էջով ինձ առաջարկեց լուսանկարվել իրենց համար՝ նշանակելով հստակ օր և ժամ: Պարզվեց՝ նկարահանմանը մնացել է ընդամենը վեց օր… Չհասցրի վիզայի հարցերը կարգավորել, բայց որոշել եմ՝ գնալու եմ Ֆրանսիա:

Image00005

-Քեզ նկատում են ոչ միայն նորաձևության ոլորտում «աչքը սրած» պրոֆեսիոնալները, այլ նաև մարդիկ, ովքեր պարզապես սիրում են նորաձևությունն ու լուսանկարչությունը:  Ինչպե՞ս է հաջողվում այսպես «թաթախվել» կերպարի մեջ. ի դեպ, սա բնատո՞ւր է, թե՞ ժամանակի ընթացքում սովորում են։

-Միշտ հետաքրքրել են ավելի անսովոր, միգուցե ոչ իրական կերպարները, որոնց փորձում եմ իմ դիտանկյունից նայել։ Միանշանակ, սովորելով հնարավոր է. ավելին` միշտ կարելի է կատարելագործվել։ Իսկ տաղանդ ունեն բոլորը, ուղղակի մարդիկ ոչ միշտ են գտնում համապատասխան պայմաններ՝ տաղանդի «իրացման» համար։ Ես նաև լուսանկարչությամբ եմ զբաղվում, ինչի շնորհիվ կարողանում եմ ավելի արագ զգալ կադրը, հասկանալ՝ լուսանկարիչն ինչ է ուզում ստանալ. դիտում ես քեզ ուրիշ տեսանկյունից և ավելի ես հմտանում քո դիրքում։

Image00001

իտեմ, որ սիրում ես ֆուտբոլ խաղալ։ Կպատմես` որտեղի՞ց այդ հետաքրքրությունը։

-Դեռ վաղ հասակից, բակից: Ընկերներով ֆուտբոլ էինք խաղում առավոտից երեկո։ Հաճելի է, երբ գիտակցում ես, որ կա թիմ, մարդիկ, ովքեր քեզ հետ հավասար ձգտում են հաղթանակի։ Իհարկե, չեմ սիրել գոլեր խփել. ավելի հետաքրքիր էր հակառակ կողմը՝ գնդակներ որսալը… Որոշեցի դարպասն ամուր պահել։

Image00006

-Ֆուտբոլից հետո և մինչև մոդելինգը բավական լուրջ մասնագիտություն ես ունեցել։ Հե՞շտ էր բանկային համակարգին հրաժեշտ տալու որոշում կայացնելը։

-Ես լավ ղեկավար ունեի, ով ինձ օգնում էր շատ հարցերում: Բայց, իհարկե, հոգնածությունն ու իմ տեղում չգտնվելու միտքը, ի վերջո, հաղթեցին։ Չնայած դրան, մեկուկես տարի աշխատեցի բանկում։ Ինձ համար ահռելի փորձ էր։ Ես մանրուքներում եմ գտնում երջանկությունը… Հիշում եմ, թե ինչպես էի ուրախանում այն  հաճախորդների ժպիտներից, ում կարողանում էի օգտակար լինել. թվում էր՝ օրը անիմաստ չէր անցել։

-Ինսթագրամդ էի նայում։ Դու չես հետևում Հադիդներին, Ադրիանա Լիմային, Քարդաշյաններին։ Փոխարենը` Կարա Դելևինին ես հետևում։ Ինչու՞։

-Շատ ուշադիր ես, Անահի՛տ։ Իրո’ք։ Կարա Դելևինին հետևում եմ իր պարզության համար: Նրա միմիկաներն ինձ շատ են դուր գալիս։ Ինչ վերաբերում է մյուսներին չհետևելուն՝ ուղղակի չեմ ուզում, որ  պատը, «որով զբոսնում եմ», լինի միայն մոդելային։

-Կա՞ համագործակցություն, որը երազանք է քեզ համար:

-Ինձ համար երազանք կլիներ աշխատել Vogue ամսագրի հետ, կարևորը՝ վերջում զարթուցիչի ձայնը չլսեմ… Նաև շատ եմ սիրում Աննա Լեյբովիցի գործերը։ Հատկապես սիրում եմ նրա հավաքածուներից մեկը՝ կազմված երաժիշտների ֆոտոսեսիաներից:

Image00002

-Երաժիշտների հետ աշխատելու փորձ ունեցել ես նաև դու. «Նեմռայի» հետ համագործակցության մասին է խոսքը….

-«Նեմռայի» համերգներին համարյա միշտ հաճախել եմ, բայց ընկերացա խմբի հետ, երբ հրավիրեցին իրենց տեսահոլովակում նկարահանվելու։ Ի սկզբանե որոշված էր Last Chance To Love երգի համար տեսահոլովակ նկարել, բայց չստացվեց։ Ի վերջո նկարվեց տեսահոլովակ Train Of Despair երգի համար։ Ռեժիսորն Ինա Աբրահամյանն է։ Շատ լավ համագործակցություն էր, որի ընթացքում ընկերացանք խմբի հետ։ Անցավ որոշ ժամանակ, և ես նկարահանեցի Feet in The River երգի տեսահոլովակը։ Ընկերական միջավայր էր, ու այդ պահին ես չէի էլ մտածում, որ ի վերջո տեսահոլովակ կդառնա. ուղղակի գիտեի, որ ապագայում պետք կգա մեզ։

Հետաքրքիր է, որ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելով  ու տեսնելով իրենց հաջողությունը` գիտակցում եմ, որ պատմություն են կերտում` հնարավորություն ունենալով «ներսից» տեսնելու ամբողջ ճանապարհը: Մի օր, եթե Vogue-ի համար չնկարվեցի, անպայման կգրեմ իրենց մասին։ Ամենահուսադրողը կյանքումս այն է, որ գիտակցում եմ՝ ապագան դեռ առջևում է։

 

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի