Recent posts
To top
11 Mar

Ճանաչողական այց՝ դեպի Եգիպտոս

Image00001

«Հազար ու մեկ գիշերների» պարուհու կոնքազդրային շարժումների պես դյութիչ, Շահրազադեի հեքիաթների պես ձգող ու Կարմիր ծովի չափ կանչող. Շարմ էլ Շեյխն է՝ զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններից մեկը: Այստեղ մարտի 1-ից 8-ը «արևելյան արշավանք» էին իրականացնում նաև հայ լրագրողները. AIR CAIRO ավիաընկերության և նրանց հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ ANRIVA TOUR-ի կազմակերպած ճանաչողական այցը Շարմ էլ Շեյխ էր բերել շուրջ 30 լրագրողների:

  Առաջատար մի շարք լրատվամիջոցների հետ միասին՝ el.am-ը ևս մասնակցում էր այս media trip-ին ու դատարկաձեռն չի վերադարձել. ես  բերել եմ վառ տպավորություններ ու խորհուրդներ, եթե հանկարծ որոշեք այստեղ հանգստանալ, աչքի տակ ունեցեք:
***

     Սա իրոք ճանաչողական և բացահայտումներով լի այց էր՝ սկսած եգիպտական վարքուբարքից մինչև հայկական լրագորողական համայնքի այսչափ համերաշխություն: Բայց ամեն ինչ հերթով և ենթավերնագրերով:
***

Ինչո՞ւ գնալ արևի հետևից

Եթե դուք  թանգարաններ ու պատմամշակութային վայրեր այցելելիս ստանում եք ոչ թե գերագույն հաճույք, այլ գլխացավ, եթե ձեզ պետք է ոչ թե անտառային, այլ ծովային թարմություն և վերջապես, եթե սիրում եք հանգստանալ մինչև վերջին բջիջը, ապա Եգիպտոսն իրոք հարմար, հասանելի և հրաշալի տարբերակ է: Իսկ, եթե արդեն ընտրել եք Շարմ էլ Շեյխը, ապա ինձ մնում է միայն գովել ձեր ճաշակը:

Այստեղ միշտ կարող եք ձեզ յուրահատուկ զգալ՝ թեկուզ միայն հիշելով, որ քաղաքը կառուցված է հենց ձեզ ու ձեզ նման զբոսաշրջիկների համար. ո՛չ մշտական բնակչություն կա, ո՛չ էլ ծեր և խոհուն իմաստուններ՝ ծնունդով Շարմ էլ Շեյխից:

Որպես զբոսաշրջային քաղաք՝ այն հարմարեցված է ամենատարբեր պահանջների և կարիքների տեր մարդկանց՝ խաղատներից մինչև մոլեր, մեծ շուկայից մինչև երեք գծով շարված հյուրանոցներ:

Ձեզ մնում է միայն ընտրել փորձառու տուրօպերատորի և աղաչել աշխարհի բոլոր հավատալիքներին, որ  ուղեկցող զբոսավարը լինի նույնքան խարիզմատիկ և ինֆորմացված, որքան մեր Ահմեդ Աբասն էր:
*

Նրանք, ովքեր առաջին անգամ են այցելում Շարմ էլ Շեյխ, ուղղակի պարտավոր են հիշել 3 կանոն.

1.Հնարավոր չէ ջուր խմել ծորակից, եթե անգամ այն ոսկեզօծ է,

2.Հնարավոր չէ առևտուր անել՝ առանց սակարկելու,

3.Հնարավոր չէ դիմադրել այս քաղաք երկրորդ անգամ այցելու ցանկությանը:

Image00007

Ջերմություն՝ ոչ միայն արևից

Շարմ էլ Շեյխում օտարերկրացիներին ընդունում են գրկաբաց ու սրտաբաց, մեզ սիրում են և ուզում են, որ վերադառնանք:

Մարդիկ այստեղ ստեղծել են զբոսաշրջային քաղաքի համար անհրաժեշտ ամեն ինչ և անում են ամենը՝ գործը մինչև վերջ իր նպատակին հասցնելու համար: Նրանք սիրում են ձեզ ոչ միայն բաց մաշկի և գեղեցիկ աչքերի համար, այլ նաև  «պրագմատիկ պատճառով»՝ դուք ֆինանսական մուտքի աղբյուր եք, ով հեռանալիս գոհ է, իսկ իրենցից տանում է միայն հաճելի հիշողություններ, նվերներ, ծովային լուսանկարներ և սառնարանի մագնիս. մնացածն իրենցն է ու այստեղ էլ կմնա: Արևելյան պահպանողականության շղարշը կրող այս երկրում տանտերերի հետ ոչ ոք չի կարող մրցել՝ նույնիսկ հաճոյախոսություններ անելու հարցում: Այստեղ կանանց կարող են աստվածացնել անգամ մեկ բառով, և հոգ չէ, որ բառն արտահատվում է վատ ռուսերենով. մենք լավ գիտենք՝ կարևորը վերաբերմունքն է:

Վերաբերմունքից բացի՝ կարևոր է նաև իմանալ

Եգիպտական շուկայում կամ խանութում առևտուր անելը դիվանագիտական բազմաքայլ կոմբինացիա է, որտեղ հաղթողներ և պարտվողներ չկան. ձեզնից յուրաքանչյուրը ստանալու է այն, ինչ ուզում է: Միայն թե՝ հիշեք  2-րդ կանոնը և ներդրեք բանակցություններ վարելու ողջ տաղանդը՝ համեմված լայն ժպիտով և իրենց մշակույթի հանդեպ մեծ հետաքրքությունը չթաքցնելու պարտադիր պայմանով: Բարևեք ու շնորհակալություն ասեք արաբերենով. մեկ «սալամ ալեյքոմն» ու «շուքրանը» կարող են հավանած ապրանքի արժեքը կրկնակի կրճատել:

Տաքսի նստելիս աշխատեք  արժեքի մասին նախօրոք պայմանավորվել, մի քանի տասնյակ ուղտի դիմաց ամուսնության  առաջարկ ստանալիս՝ նեղսրտել մի՛ շտապեք. նախ ճշտեք ուղտի արժեքը, իսկ ինքնագնահատականը կբարձրանա կամաց-կամաց:

Շարմ էլ Շեյխում կարող են համատեղվել ձեր՝ հանգստի հանդեպ ունեցած և՛ ակտիվ, և՛ պասիվ պահանջները: Գիշերային կյանքի սիրահարներին գրկաբաց կընդունեն օրինակ՝«Թաջ Մահալ» ակումբում ու «Հազար ու մեկ գիշեր» ժամանցի վայրում. առաջինում կարող եք ինքնամոռաց պարել, երկրորդում՝ անմոռանալի շոու դիտել՝ համեմված արևելյան շքեղությամբ: «Մշակութային շոկ» չապրելու համար զգուշացնում եմ՝ այստեղ պորտապարը միայն կանանց մենաշնորհը չէ, ավելին՝ սովորեցնողը տղամարդ է:

Մեր ուղևորության ծրագրի ամենաէքստրեմալ ուղղություններից մեկն անցնում էր անապատային փոշու միջով, մյուսը՝ ծովի հատակում. սաֆարի տուրի ժամանակ ու Կարմիր ծովը սուզվելիս աշխատեք վախերը և անհանգստությունները մի կողմ դնել. դրանք միայն խանգարելու են:

Image00005

Ի՞նչ տեսնել, ու՞ր գնալ

Հենց այս հարցը ծագի ձեր գլխում, կհասկանաք՝ որքան կարևոր է տարածքին ու տեղանքին ծանոթ զբոսավարը: Շարմ էլ Շեյխը  պատմամշակութային կոթողների քաղաք չէ (և բնական է), բայց սա չի նշանակում, որ տեսնելու քիչ բան կա: Եթե ձեզ հաջողվի կտրվել Կարմիր ծովում լողալու հաճույքից, ապա գնալու տեղ միշտ կգտնեք:

ANRIVA TOUR-ի կազմակերպած ուղևորության ընթացքում մենք հասցրինք լինել քաղաքի ամենաշքեղ մզկիթներում, Ղպտի ուղղափառ եկեղեցում, մեկօրյա զբոսանք ունենալ «Fantazia Cruize» նավով  և վերջապես՝ լինել զբոսնելու համար ամենաանվտանգ և հաճելի վայրերից մեկում՝ Սոհո հրապարակում: Սրան գումարեք նաև քաղաքային փոքրիկ սրճարաններն ու ժամանցի վայրերը, որտեղ  երեկոները կարելի է վայելել արևելյան սուրճ կամ թեյ ու ֆուտբոլ դիտել՝ եգիպտացի մեկնաբանների կրակոտ արձագանքներից մեկումեջ վեր թռչելով:

Ժամանցը կազմակերպելու հարցում ձեզ կօգնի նաև նախընտրած հյուրանոցի ադմինիստրացիան. մեր այցելած  գրեթե բոլոր հյուրանոցներում («Barcelo Tiran», «Savoy», «Reef Oasis Blue Bay») ամեն երեկո կազմակերպվում էին ժամանցային միջոցառումներ կամ խաղ-մրցույթներ:

Իհարկե, չեմ զարմացնի, եթե ասեմ, որ հայ լրագրողները ոչ մի մրցույթից պարտված դուրս չեկան. «կարևորը մասնակցությունն է» օլիմպիական կարգախոսը մրցակիցների համար էր:

PS. Շարմ էլ Շեյխի մասին բոլոր պատկերացումներն ու ընդահնրացումներն արված են միայն այս ուղևորությունից ստացած տպավորություններից: