Բելլա Հադիդի հայտնիությունն ու պոպուլյարությունն ուղիղ համեմատական կարգով աճում է՝ փեշը կարճանալուն ու դեկոլտեն խորանալուն զուգընթաց: Գեղեցկուհին իր այցեքարտն է դարձրել «մերկ» զգեստներն ու մյուս «նորաձև անկեղծությունները». նախ Կաննի հայտնի կարմիր զգեստը, հետո ՝ մնացածը: Հադիդ կրտսերն ամեն առիթով ու նաև անառիթ հիշեցնում է՝ ինքն այնքան անթերի է, որքան կարող են լինել մահկանացուները:
Իսկ նորաձևության ոլորտում «աստվածանալուն» բան չի մնացել. փարիզյան նորաձևության շաբաթվա ամենաքննարկվող դեմքերից մեկը, զարմանալի չէ, բայց Բելլա Հադիդն է: Նա Alexander Vauthier-ի ցուցադրության աստղն էր՝ սև, թափանցող տոպով ու առանց «խանգարող դետալների»: Բելլայի երկրորդ զգեստը պակաս «դիտարժան» չէր. արծաթագույն փայլ, խորը դեկոլտե ու ոտքին՝ լայն բացվածք:
Չար լեզուները պնդում են՝ Բելլան հագուստի հարցում այսպես «անկեղծացավ», որովհետև ուզում է նախկին ընկերոջը ցույց տալ՝ ինչպիսի գանձ է կորցրել:
20-ամյա մոդելի սիրտը նախկինում պատկանում էր երգիչ The Weeknd-ին, հետո նրանք բաժանվեցին, տղան գտավ նոր սիրուն՝ Սելենա Գոմեսին: