Recent posts
To top
21 Aug

Տաթև Բաբայանը՝ կրծքի պլաստիկ վիրահատության մասին. ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ

AL3A4679

Պլաստիկ Վիրաբույժ Տաթև Բաբայնը մեզ պատմել է ամենահետաքրքիր ու պահանջվածվիրահատություններից մեկի՝ կրծքի պլաստիկ վիրահատության մասին: Կարդացեք և իմացեք:
**

Ե՞րբ վիրահատել կուրծքը, արդյո՞ք չարորակ հիվանդություն ձեռք չեմ բերի սիլիկոնային իմպլանտից հետո, ումի՞ց պահանջել երաշխիքներ, կկարողանա՞մ նորից հղիանալ և կերակրել երեխային, ցավո՞տ է արդյոք հետվիրահատական շրջանը, արդյո՞ք կշոշափվի իմպլանտը, ինչի՞ց զգուշանալ վիրահատությունից հետո… Այս հարցերը շատ են պտտվում կնոջ մտքում այն պահից սկսած, երբ նա որոշում է ինչ-ինչ պատճառներով դիմել կրծքի պլաստիկ վիրահատության:

AL3A0955

Խորագիր վարելու առաջարկը ստանալուց անմիջապես հետո որոշեցի որպես առաջին թեմա ընտրել պլաստիկ վիրաբուժության այս` թերևս ՙամենականացի՚ թեման՝ կրծքի պլաստիկան: Կնոջ կուրծքը միշտ համարվել է մայրության և կանացիության խորհրդանիշ: Թերևս դա է այն կարևոր հանգամանքը, հանուն որի կուրծքը միշտ եղել է, կա և կմնա կնոջ ուշադրության կենտրոնում: Չեմ ցանկանում ծանրաբեռնել ձեզ բժշկական պատճառներով, թե ինչու է առհասարակ ձևափոխվում կուրծքը: Պարզապես կնշեմ, որ պացիենտները հիմնականում մեզ դիմում են`

. հետծննդաբերական-հետլակտացիոն շրջանում` կրծքի նախկին տեսքը վերականգնելու համար,

. չարորակ հիվանդություններից հետո,

. բնածին արատների դեպքում,

. պարզապես փոքր կամ մեծ կրծքերից ՙազատվելու՚ համար,

. տարբեր վնասվածքներից հետո

. տրանսսեքսուալները (այո՚, մեր երկրում, մի՚ զարմացեք):

. և ինձ համար ՙամենաանհասկանալի՚ մի խումբ՝ կանայք, ովքեր առհասարակ չունեն ոչ մի խնդիր, բայց դիմում են մեզ: Այո՚, այո՚, իրավացի եք՝ խնդիր չունենալը հարաբերական է. օրինակ, նույն փոքր կուրծքը մեկի համար կարող է խնդիր լինել, մյուսի համար` ոչ: Ամեն դեպքում ընդգծված կուրծք ունենալը հաճելի է, բայց հաճելիի սահմանները սկսվում են աղավաղվել, երբ պացիենտը կորցնում է չափի զգացողությունը: Ազնիվ եմ համարում բարեխիղճ բժշկի կողմից պացիենտին ճիշտ պահին կանգնեցնելը: Առաջ անցնելով` ասեմ, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել և մանրակրկիտ խորհրդատվություն անցնել` ամենայն մանրամասնությամբ քննարկելով սպասվելիք վիրահատության հնարավոր թույլատրելի սահմանները, ռիսկերն ու հնարավոր բարդությունները և ամենավերջում միայն համակարգչային եռաչափ մոդելավորմամբ տեսնել ՙնոր՚ կրծքի պատկերը, որը ՙսպասում է՚ պացիենտին կամ, ինչո՞ւ ոչ, զույգին վիրահատությունից հետո: Ես, որպես կանոն, խորհուրդ եմ տալիս, որ պացիենտը ներկայանա խորհրդատվության զուգընկերոջ կամ ամուսնու հետ միասին:

Երբ ասում ենք` պլաստիկ վիրաբուժության ոլորտը զարգանում է սրընթաց արագությամբ, նկատի ունենք ոչ միայն մեթոդներն ու տեխնոլոգիաները, այլև անցավ վիրահատություններն ու ներարկումները, վերականգնողական կարճատև շրջանն ու առօրյային հնարավորինս շուտ վերադառնալու հնարավորությունը, աննկատ սպիներն ու առավել տեսանելի արդյունքները (ի ուրախություն ինձ` վերջին տարիներին նաև բնական տեսքին ձգտելու միտումը): Այս ամենին զուգահեռ մի ձգտում անփոփոխ է հաստատ. դա արտաքինն է’լ ավելի կատարելագործելու ցանկությունն է: Վերջինիս վառ ապացույցն է իմպլանտներով կրծքերի ձևի և ծավալի փոփոխությունը:

AL3A4679

Չգիտեմ` կին վիրաբույժ լինելու հանգամանքով, թե պարզապես մեծ ցանկությամբ պայմանավորված, բայց պրակտիկ գործունեությանս ինը տարիների ընթացքում հատկապես զարգացավ և ինձ, իբրև վիրաբույժի, առավել ճանաչելի դարձրեց սիլիկոնե իմպլանտներով կրծքերի ձևի և ծավալի փոփոխությունը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նաև իմ պացիենտներին:

Շտապեմ կոտրել կարծրատիպերն ու իրականությանը չհամապատասխանող կարծիքները. կրծքի իմպլանտները չեզոք են և չեն կարող առաջացնել չարորակ հիվանդություն կամ արագացնել այն: Այլ հարց է, եթե պացիենտն ունի ժառանգական նախատրամադրվածություն չարորակ հիվանդության նկատմամբ, և եթե ինչ-որ տարիքում այն պետք է առաջանա, ապա կառաջանա անկախ կրծքում իմպլանտի առկայությունից:

ՙՍտացված՚ վիրահատության արդյունքում իմպլանտները շատ կարճ ժամանակում դառնում են ձեր ՙսեփականը՚: Խորհրդատվությունների ժամանակ սիրում եմ համեմատել այս իրողությունն ատամի պլոմբավորման հետ, երբ բուժմանը հաջորդող մեկ-երկու օրերին հաճախ լեզվով շոշափում ու զգում ենք պլոմբը, բայց հետո արդեն մոռանում դրա գոյության մասին:

AL3A4683

Հավատացնում եմ ձեզ` ներվիրահատական բալանսավորված անզգայացման արդյունքում դուք չեք ունենա ոչ մի հետվիրահատական ցավ` անկախ ձեր ցավազգացության շեմի ցածր կամ բարձր լինելուց: Ի դեպ, դիսկոմֆորտի հետ կապված ևս մեկ նկատառում. բժշկական հագուստ-կրծկալը, որը պետք է կրել հետվիրհատական շրջանում մոտ չորս շաբաթ, հնարավորինս նվազեցնում է թվացյալ անհարմարությունը և դարձնում ՙնոր՚ կուրծքը ձեզ հարազատ:

Կցանկանայի շեշտել, որ սիլիկոնային իմպլանտներով կրծքերի ծավալի մեծացումը հակացուցում չէ հղիանալու համար, այլ հարց է, որ ոչ միշտ կարելի է կերակրել երեխային, քանի որ վիրահատության ժամանակ երբեմն կարող են վնասվել կաթնածորանները, ինչը, ի դեպ, ոչ միշտ է կախված վիրաբույժից:

Սպիներ. ՙամենացավոտ՚ հարցերից մեկը: Երբ խախտվում է մաշկի ամբողջականութունը վիրահատական սեղանին կամ այլ պայմաններում, ապա, միևնույն է, մեծ մասամբ հետքը մնում է: Այլ հարց է, որ, կախված կարի մեթոդից, կարանյութի տեսակից, վերքի լավացման ընթացքից և մաշկի առանձնահատկություններից, սպին կարող է լինել նկատելի կամ ոչ: Ոչ բոլոր դեպքերում է, երբ հնարավոր է լիովին վերացնել սպին: Օրինակ, կելոիդª կոպիտ, պինդ կազմությամբ սպիները պահանջում են կոմպլեքս բուժում ներարկումներով, քսուքներով, սիլիկոնային թիթեղներով և այլն: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ, օրինակ, սիլիկոնային իմպլանտներով կրծքի ծավալի մեծացման ժամանակ որպես ՙմուտքի դուռ՚ ընտրել բացառապես պերիարեոլար կտրվածքը (երբ միջամտությունն արվում է արեոլայի շրջանից): Այդ դեպքում սպին հիմնականում լինում է աննկատ կամ, եզակի դեպքերում, գրեթե աննկատ: Ստորկրծքային ծալքից արվող միջամտության դեպքում, միևնույն է, կուրծքը բարձրացնելիս սպին երևում է…

Հաջորդ համարում խոստանում եմ անդրադառնալ այնպիսի թեմայի, որը կվերաբերի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:

AL3A4704

Խորհուրդներ Տաթեւ Բաբայանից

. Վիրահատությունից հետո ցանկալի է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, այդ թվում՝ մարզումներից, մոտ մեկ ամիս:

. Իմպլանտներով կրծքի ծավալի մեծացումը չունի սեզոնայնություն, եթե բժշկական հագուստ-կրծկալը չի առաջացնում անհարմարություն, օրինակ, շոգ եղանակին:

. Սիլիկոնային գելով իմպլանտը նախընտրելի է ֆիզիոլոգիական լուծույթովից, քանի որ ունի նույն փափկությունը, ինչ կուրծքը:

. Անատոմիական՝ կաթիլանման իմպլանտն ունի կրծքի ֆիզիոլոգիական տեսք և, ի տարբերություն կլորի, ավելի բնական տեսք է տալիս կրծքին:

. Տեքստուրացված՝ թավշյա մակերեսով իմպլանտը գերադասելի է հարթից:

. Պերիարեոլար մուտքը նախընտրելի է աննկատ սպի ունենալու համար, քան մուտքը ստորկրծքային ծալքից, թևատակից կամ պորտից:

. Իմպլանտի համար հետմկանային (մկանի տակ գտնվող) տարածության գրպանիկն ավելի ցանկալի է, քան հետգեղձայինը (գեղձի տակ գտնվողը), քանի որ այդ պարագայում իմպլանտը չի ուրվագծվում: