Առաջին տպավորության երկրորդ հնարավորություն դեռ ոչ ոք չի ունեցել. գուցե հենց դրա համար է պետք առաջին ժամադրության գնալիս պատրաստվել ամենակարևոր օրվա պես: Մեր խորհուրդները՝ ինչպես հարաբերությունների սկիզբը դարձնել տպավորիչ:
ԿՈՍՏՅՈւՄՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԳԵՂԵՑԿԱՑՆԻ
1
Կնոջ հետ ժամադրության գնալը, իհարկե, կարևոր իրադարձություն է, իսկ կարևոր իրադարձություն-ների համար արժե ընտրել ճիշտ հագուստ: Դիրքն ընդգծելու համար չարժե խիստ պաշտոնական հագուկապ ընտրել, խորհուրդ չի տրվում նաև ոտքից գլուխ սպորտայինը: Եղեք կոկիկ և ներկայանալի:
ԺԱՄԱՑՈւՅՑԸ ՄԻԱՅՆ ԱՔՍԵՍՈւԱՐ ՉԷ
2
Չուշանալու կանոնն անգիր արեք. ոչ ոք չի սիրում, երբ իրեն սպասեցնում են: Եթե ժամադրությունը նշանակված է ուղիղ ժամը 7-ին, նշանակում է 7-ն անց 02-ն արդեն ուշ է: Եկեք ճիշտ ժամանակին, եթե անգամ գալիս եք հեռավոր Մարսից և բերում մի ողջ համաստեղություն:
ՄԱՏՈւՑՈ°Ղ, ՄԻ ՔԻ՞Չ ԷԼ ԳԻՆԻ
3
Սեղանի մոմերը կես են ընկել, դիմացը նստած գեղեցկուհին լայն ժպտում է, իսկ գինի±ն… իսկ գինին աշխատեք չչարաշահել: Ժամադրությունը թող անմոռանալի դառնա՝ առանց գլխով ափսե կոտրելու ձեր փորձառության և սեղանին դրված վարդն ուտելու փորձի:
ROMANTIC IS FANTASTIC
4
Ողջ ուժով թափահարեք ձեր միջի ռոմանտիկ, ուշադիր և նրբազգաց տղամարդուն: Նուրբ ժեստերն ու քաղցր խոսքերը կարող են երկրորդ ժամադրության երաշխավոր դառնալ: Բայց հիշեք՝ խելացի կանայք, սովորաբար, պաթոսի սիրահար չեն լինում, իսկ անխելքների հետ… ի՞նչ գործ ունեք անխելքների հետ:
ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ՀՈւՄՈ
5
Տղամարդու հումորը պետք է նույնքան տպավորիչ լինի, որքան եվրոպական բուհերում ստացած կրթությունն ու ձյան պես ճերմակ վերնաշապիկը: Ի դեպ, վերջին երկուսի բացակայությունը տանելի է դառնում, երբ կա ամենափրկիչ հումորը: Կանայք գնահատում են սրամիտներին. նրանց հետ կարելի է ծիծաղել:
ՀԵՏՈՅԻ ՀԱՄԱՐ
6
Աշխատեք հիշել հին ու բարի խոսքը՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Կնոջը հաճոյախոսություններով շոյելն ու գեղեցկուհու պարանոցն ամեն հանդիպմանը նոր վզնոցով զարդարելը նրա միտքը կասկած կգցեն. գուցե ինչ-որ բան այն չէ՞: Ժամադրության ձեր դերը մի՛ զիջեք դրամապանակին:
ՉՁԱՆՁՐԱՑՆՈՂ ԷԼԵԳԱՆՏՈւԹՅՈւՆ
1
Հագնվե°ք ընտրված վայրին համապատասխան: Ռեստորանում ընթրիքի գնալիս արժե ընտրել շրջազգեստ և բլուզ՝ խուսափելով լայն բացվածքներից: Իսկ եթե, ամեն դեպքում, որոշել եք թեթև ակնարկ նետել ձեր շքեղ կրծքի մասին, ապա աշխատեք չշփոթել ակնարկը ՙապացույցի՚ հետ. այսօր այդ օրը չէ:
ԿԱՆԱՑԻ ԵՎ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՑԻ
2
Ընթրիքի սեղանը չարժե պատել սեփական իրերով, որքան էլ դրանք հարմարավետության զգացում տան: Էլեգանտ հագուկապը պետք է լրացնել կանացի կեցվածքով: Եթե ժամադրությունը ռեստորանում է, պայուսակը սեղանին դնելու կարիք չկա: Էթիկետի համաձայն՝ այն կարելի է դնել, օրինակ, կողքի աթոռին:
ԽՈՍԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ
3
Առաջին ժամադրությանը մոռացեք ՙԼռությունը ոսկի է՚ հայտնի արտահայտությունը, բայց և մի՛ մոռացեք, որ, ամեն դեպքում, դուք միայնակ չեք: Մի՛ պատմեք ձեր բոլոր հնարավոր ու անհնար առավելությունների մասին, եթե ան•ամ դրանք կարելի է հաշվել 10 մատի վրա:
ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ
4
Հոլիվուդյան հայտնի աստղերից մինչև տղամարդկանց հարցով փորձագետ ընկերուհիներ՝ նրանք հենց այս օրվա համար էին ասում՝ օծանելիք գնելիս չարժե խնայել: Պարֆյումը նախ՝ պատմելու, ապա՝ հիշեցնելու է ձեր մասին. ընտրեք նոր, համարձակ և հարուստ բույր:
ԻՄ ՍԵՐԵՐՆ ԱՆՑԱԾ
5
Մի՛ պատմեք ձեր նախկինների մասին, մի՛ հիշեք նրանց ոչ վատ և ոչ էլ շատ վատ կողմերը: Ընդհանրապես, առաջին ժամադրությանը մի՛ կիսվեք այլ տղամարդկանցից ստացած անմոռանալի կամ անտանելի տպավորություններով ու հիշողություններով:
ԺԱՄԱԴՐՈւԹՅԱՆԸ՝ ՕՖԼԱՅՆ
6
Անջատեք հեռախոսի ձայնն ու վայֆայը, եթե անգամ դուք Ֆեյսբուքի հայկական տարածքի օդն ու ջուրն եք, Ինսթագրամի աստվածուհին կամ Թվիթերի լավագույն ՙծլվլացողը՚: Տղամարդու հետ խոսելիս աշխատեք նայել ուղիղ աչքերի մեջ, ոչ թե սոցցանցային պրոֆիլին: