Recent posts
To top
2 Dec

ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ. Ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի ընկեր, նա բացառիկ է իր տեսակի մեջ

109

ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ

ԻՄԻՋԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ

<<Արտիստի յուրաքանչյուր քայլը, ինչպես գիտեք, դառնում է հանրային քննարկման առարկա: Անձամբ ես կարող եմ նաև անտեսել այդ երևույթը, սակայն նույնը չեմ կարող պահանջել կյանքում ինձ ընկերակցող տղամարդուց>>: 

Սկզբում Դուք հանրությանը ներկայացաք որոշակի ոճում ու կերպարում, սակայն կարճ ժամանակ անց կտրուկ փոփոխության ենթարկեցիք եւ՞ Ձեր ոճը, եւ՞ երգերը. ինչն էր պատճառը:

2006թ-ին իմ կերպարը լիրիկական էր և անմիջապես գրավեց հանրությանը, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց արժանացա <<Տարվա հայտնություն>> մրցանակին: Մինչև առաջին տեսահոլովակը նկարահանելը արդեն անցել էի երաժշտական լուրջ ճանապարհ: Այն կերպարը, որում ներկայացա ավելի ուշ, իրականում միշտ էլ գոյություն է ունեցել, պարզապես ժամանակ էր պետք, որպեսզի հասունանար ու դուրս գար ասպարեզ: Հիմա ուրախ եմ, որ այդ կերպարային փոփոխությունը տեղի ունեցավ ավելի արագ, քան կարող էր լինել: <<  Օրը և ներկան>> տեսահոլովակն իմ նոր իմիջի առաջին վկայությունն էր: Ամենակարևորը կարողացա ձեռք բերել հանդիսատեսի վստահությունն ու նվիրվածությունը:

109

Ինչ հիասթափություններ եք ունեցել Ձեր ճանապարհին:

Հիասթափություններն անխուսափելի են: Ինձ միշտ ուժեղ ու անխոցելի տեսնելը դարձավ սովորական երևույթ, և ես, իրոք, այդպիսին եմ, սակայն երբեմն ուզում ես լինել պարզապես թույլ, խաղաղ ու հանդարտ, ինչը չի հաջողվում, որովհետև քեզ արդեն ընկալում են այլ կերպարում: Ի վերջո, ես ընդունեցի խաղի կանոնները: Իմ հոգսերն ու խնդիրները երբեք չեմ ցուցադրում դրանք պահելով բեմից հեռու, իմ ներսում:

Հնարավոր է, որ մի օր, այլ կատարողների պես, մուտք գործեք քաղաքական դաշտ:

Ես արվեստագետ եմ և քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, թեպետ առաջարկներ եղել են: Ինձ լիովին բավականացնում է իմ այժմյան աշխատանքը: Թող յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, և այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի: Կարծում եմ ես գտել եմ իմ ճիշտ տեղը:

1

Հայկական շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչների հետ տարաձայնություններ ունենալու դեպքում ինչպես եք հարթում դրանք: Ձեզ համարում եք կոնֆլիկտային անձ:

Միշտ դժվարացել եմ խոսել ինքս իմ մասին, սակայն պիտի ասեմ, որ ինձ համարում եմ բացարձակապես ոչ կոնֆլիկտային մարդ, ինչը վկայում են նաև ընկերներս: Այդուհանդերձ, երբեմն ակամա հայտնվում ես կոնֆլիկտային իրավիճակներում: Նման դեպքերում փորձում եմ կարևորել նախևառաջ մարդկային փոխհարաբերությունները, որովհետև վաղը դու կարող ես այլևս չերգել, սակայն հիշվել քո մարդկային հատկանիշների շնորհիվ:

Ինչ անակնկալներ ունեք Ձեր երկրպագուների համար:

Իմ տևական ստեղծագործական դադարը փաստացի ավարտված է, և իմ վերջին տեսահոլովակը դրա վառ ապացույցն է: Սպասվում են համերգային շրջագայություններ, հետաքրքիր նախագծեր և այլն: Ինչ վերաբերում է ստեղծագործական դադարին, ապա դա հարաբերական պասիվություն էր, որովհետև այդ ընթացքում շրջագայել եմ վեց տասնյակ երկրներով, կուտակել եմ անհաշիվ քանակությամբ տպավորություններ, որոնք ներշնչանքի աղբյուր են դարձել ինձ համար:

2

Ձայնասկավառակներն այսօր կորցնում են արդիականությունը համացանցային բումի պատճառով: Ձեզ համար ինչ նշանակություն ունի ձայնասկավառակը:

Համացանցի ազդեցությունը, իրոք, հսկայական է, իսկ ձայնասկավառակները, հատկապես Հայաստանի պես փոքր երկրում, բավականաչափ լավ չեն վաճառվում և շահույթ չեն ապահովում: Իմ առաջին ու երկրորդ ձայնասկավառակների վաճառքը, օրինակ, շատ լավ ընթացք ունեցավ, ինչը չես ասի երրորդի մասին, որի երգացանկում ներառված բոլոր երգերն արդեն հասանելի էին համացանցի միջոցով: Որքան էլ ցավալի է, սակայն ստիպված ենք արձանագրել, որ ձայնասկավառակը, որպես այդպիսին, Հայաստանում իրեն գրեթե ամբողջությամբ սպառել է:

Ձեր անձնական կյանքում կան նորություններ, որոնք կցանկանայիք հրապարակել:

Իմ անձնական կյանքում, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Արտիստի յուրաքանչյուր քայլը, ինչպես գիտեք, դառնում է հանրային քննարկման առարկա: Անձամբ ես կարող եմ նաև անտեսել այդ երևույթը, սակայն նույնը չեմ կարող պահանջել կյանքում ինձ ընկերակցող տղամարդուց, ով սովոր չէ նման անթաքույց ուշադրության: Այդ ամենը գիտակցելով իմ անձնական կյանքը հնարավորինս հեռու եմ պահում օտար աչքերից: Իհարկե, շրջադարձային իրադարձությունների դեպքում ինքս կբարձրաձայնեմ այդ մասին:

3

Մայրության մասին մտածում եք:

Մայրությունը կնոջ ամենակարևոր առաքելությունն է, և բոլորն էլ մտածում են այդ մասին: Պարզապես դա պիտի կատարվի ճիշտ ժամանակին: Յուրաքանչյուրն ունի մայրանալու իր ժամանակը:

Հնարավոր համարում եք երգարվեստից երբեւէ հեռանալը:

Միշտ մտածել եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Սիրում եմ երգը, սիրում եմ իմ էությունն արտահայտել երգի միջոցով, սակայն այդ սերը չպիտի լինի ինքնանպատակ: Ես փորձում եմ ժամանակից առաջ չընկնել, որովհետև պիտի հերթականությամբ ապրես ու վերլուծես կյանքի բոլոր փուլերը:

4

Որն եք համարում Ձեր կյանքի ամենաբարդ փուլը:

Կյանքի բոլոր փուլերն էլ յուրովի բարդ են: Եթե չլինեն այդ բարդությունները, ապա ուղին, որով անցնում ես, հետաքրքիր չի լինի: Պետք է հաղթահարել ամեն ինչ և անցնել առաջ:

Շոու-բիզնեսում կարող են լինել անկեղծ ընկերական հարաբերություններ:

Կարող են, և դրա ամենավառ ապացույցն իմ, Անդրեի, Նազենիի և Ավետի ընկերությունն է: Աշխատանքի բերումով` մենք շատ հաճախ ենք հանդիպում:

Ինչպես եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին:

Քննադատություններն էլ մի յուրատեսակ փորձություն են, որ պիտի հաղթահարես` կոփվելու համար: Առողջ քննադատությունն ինձ ստիպում է հետևություններ անել, շտկել բացթողումները և այդ ճանապարհով հասնել նոր արդյունքի: Նախկինում քննադատություններն ինձ տխրեցնում էին, խոցում իմ և ընտանիքիս սիրտը, սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես, որ հանրային մարդու կյանքում դրանք անխուսափելի են, և պետք է ընդունել խաղի կանոնները: Ինչ վերաբերում է սխալ քննադատությանը, ապա դրանք արագ են մոռացվում և ակտուալ են միայն տվյալ պահին:

IMG_8144-tparan 2

<<Հայաստանի Ձայն>>  նախագծի ժյուրիի կազմում ընդգրկվելով` միայն սովորեցնողի դերում էիք, թե նաեւ սովորողի: Ինչ տվեց Ձեզ այդ մրցույթը:

Ուրախ եմ, որ առիթ ունեցա մասնակցելու այդ նախագծին: Ժյուրիի կազմում ընդգրկվելու համար անցնում ես քննական լուրջ փուլերով, ընդ որում` ընտրվում ես ոչ միայն այստեղ, այլև Հոլանդիայի գլխավոր խմբի կողմից: Նախագծի ընթացքում պետք է ցուցաբերես մասնագիտական <<հոտառություն>> և լինես ոչ միայն ուսուցիչ, այլև ուղղորդող` բառիս ամենալայն իմաստով: Հոլանդական կողմը տպավորված էր իմ` մինչ այդ ունեցած ձեռբերումներով. 15 տեսահոլովակ, բազմաթիվ համերգներ, հեռուստանախագծեր և այլն: Նախագծի լարված ընթացքը ստիպում է, որ ինքդ էլ սովորես, հասցնես, լինես ռիթմի մեջ:

Հանուն նպատակի ինչի եք ընդունակ:

Ես առհասարակ նպատակասլաց մարդ եմ, սակայն սովոր եմ նպատակին հասնելու միայն աշխատասիրության միջոցով և ոչ թե որևէ այլ ճանապարհով:

IMG_8379-tparan

Նազենի Հովհաննիսյանը Ձեր անբաժան ընկերն է. ինչպես կբնութագրեք նրան` որպես անձ եւ որպես ընկեր:

Հետաքրքրական է, որ մեր ընկերության մասին խոսում են բոլորը` բացի մեզնից: Մենք գերադասում ենք չխոսել: Ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի ընկեր: Նա լիարժեք է դարձնում իմ կյանքը: Նազենին ինձ համար շատ թանկ ու հարազատ մարդ է: Իր տեսակի մեջ նա բացառիկ է, և ես շատ բան եմ սովորում նրանից: Նա յուրաքանչյուր հարցում ոգևորում և ուժ է տալիս ինձ:

Ինչ կարծիք ունեք <<Եվրատեսիլի>> մասին: Կցանկանայիք երբեւէ մասնակցել:

Այդ հարցն ինձ շատերն են ուղղում: Իհարկե, այդ փորձառությամբ անցնելու ցանկություն կա, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեծ պատասխանատվություն է, որովհետև արդյունքը կախված է ոչ միայն արտիստից, այլև ողջ թիմից: Միշտ մտածել եմ` եթե ես մասնակցեի, ինչպիսի արդյունք կունենայի: Իհարկե, անհաջողությունից ոչ ոք ապահովագրված չէ. առանց քո մեղավորության` կարող ես հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մի ակնթարթում կորցնում ես կուտակած ձեռքբերումներդ: Առայժմ մասնակցության առաջարկ չեմ ստացել. երբ ստանամ, կփորձեմ ճիշտ որոշում ընդունել:

Ում հետ կցանկանայիք հանդես գալ զուգերգով:

Մինչ օրս զուգերգով հանդես եմ եկել միայն Սիրուշոյի հետ: Պատճառը, թերևս, իմ բծախնդրությունն է. չեմ ուզում որևէ քայլ անել պարզապես արած լինելու համար:

Նորաձեւությունը որքանով եք կարեւորում, ինչ դեր ունի Ձեր կյանքում:

Իմ աշխատանքային բնագավառն այնպիսին է, որ ակամա հետևում ես նորաձևությանը: Ես փորձում եմ ցանկացած պարագայում լինել նորաձև, իսկ ստեղծագործական ասպարեզում իմ ոճի ընտրությունը վստահում եմ պրոֆեսիոնալներին:

ԷԼ Style-ի այս ֆոտոշարքում ներկայացել եք կանացի ու սեքսուալ կերպարում: Որքանով է այն Ձեզ հոգեհարազատ:

Այս ֆոտոշարքը դիտարկում եմ որպես համարձակ վերադարձ` տևական լռությունից հետո: Սեքսուալությունը, իմ համոզմամբ, ներքին հատկանիշ է և չպիտի լինի ցուցադրական: ԷԼ Style-ի ֆոտոշարքը, իհարկե, հետաքրքիր նորություն կդառնա նրանց համար, ովքեր ինձ դեռևս չեն տեսել այս կերպարում: Նման ֆոտոշարք ունենալու համար պահը հասունացել էր: Կարևորն այն է, որ այդ կերպարում լինես գեղեցիկ ու համոզիչ: