Recent posts
To top
13 May

ՍՈՆԵ ՍԻԼՎԵՐ. <<ԻՄ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆ Է>>

ՍՈՆԵ ՍԻԼՎԵՐ.

<<ԻՄ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆ Է>>

Սոնա Մովսիսյան անունը, թերևս, քչերին է ծանոթ, սակայն բավական է արտասանել նրա բեմական կեղծանունը` Սոնե Սիլվեր, և բոլորն անմիջապես ճանաչում են նրբագեղ, գրավիչ ու շնորհալի երիտասարդ երգչուհուն: Սոնեն հայկական երգարվեստում սիրված անուն է և արդեն լուրջ ձեռքբերումներ ունի: ԷԼ Style-ի հետ հարցազրույցում երգչուհին ներկայացրել է իր ծրագրերը, երազանքներն ու հույզերը:

հարցազրույցը` Լիլիթ Խաչատուրյանի,

լուսանկարը  Արվին Քոչարյանի

 IMG_3386

Դուք այն երգչուհիներից եք, ում մասին խոսակցությունները չեն ընդհատվում: Ինչպես եք վերաբերվում հանրության հետաքրքրությանն ու քննադատությանը:

Եթե խոսքը առողջ քննադատության մասին է, ապա դրական եմ վերաբերվում, իսկ եթե սովորական չարախոսության մասին է, ապա` միանշանակ բացասական: Ինձ, օրինակ, հաճախ են քննադատում այն պատճառով, որ հայերեն չեմ երգում կամ 6/8 ձևաչափը մերժում եմ: Մինչդեռ ես պարզապես անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է: Ես չեմ ցանկանում երգել հարսի, քավորի կամ նմանօրինակ այլ թեմաների մասին:

Երբեւէ մտածել ես հայերեն լեզվով երգելու մասին: 

Այդ հարցն ինձ հաճախ են ուղղում: Սակայն երգարվեստում իմ մտածողությունը չի համապատասխանում հայկական շոու-բիզնեսում այսօր գերիշխող կաղապարներին, չափանիշներին ու պատկերացումներին: Այն երգերը, որոնք մինչ այժմ կատարել եմ, հայերենին համահունչ չեն եղել, այդ իսկ պատճառով երգել եմ անգլերեն: Ապագայում, իհարկե, հանդես կգամ նաև հայերեն երգով:

IMG_3534

Այս տարի լրանում է ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դու նախկինում արդեն անդրադարձել ես այս թեմատիկային: Սպասվում է եվս մեկ անդրադարձ:

Հաճախ են հարցնում, թե ինչու այդ թեմային անդրադարձա ոչ թե 2015-ին, այլ մեկ տարի առաջ: Պարզապես այդ ժամանակ էր հասունացել պահը` ցեղասպանության թեմայով երգ ներկայացնելու: Տեքստի հեղինակը քույրս էր, ազդեցիկ տեքստ էր` անգլերեն լեզվով, Աստվածաշնչից մեջբերումներով: Իհարկե, 100-ամյակի կապակցությամբ շատերը ստեղծագործություններ կներկայացնեն, սակայն ես որոշեցի չսպասել այդ օրվան:

Այժմ ինչով ես զբաղվում եւ ինչ անակնկալներ ես նախապատրաստում քո երկրպագուների համար:

Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտելուց հետո էստրադային վոկալ եմ դասավանդում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Իհարկե, զուգահեռաբար զբաղվում եմ նաև նոր երգերի ստեղծմամբ:

IMG_6894 - копия - копия

Մտածում ես ձայնասկավառակ թողարկելու մասին: 

Ձայնասկավառակները, որպես այդպիսիք, այժմ արդեն նկատելիորեն հնացած երևույթ են, քանի որ կա համացանցը, որտեղ ամեն ինչ հասանելի է ունկնդրի համար: Իհարկե, ձայնասկավառակ ունենալը չեմ բացառում, սակայն` ոչ այժմ:

Նախկինում առիթ ես ունեցել նկարահանվելու հեռուստասերիալում. այժմ ստանում ես նմանօրինակ առաջարկներ: 

Իրոք, նկարահանվել եմ հայկական հեռուստասերիալներից մեկում, հիմա էլ ունեմ նկարահանվելու առաջարկներ, սակայն ինքս չեմ ցանկանում, քանի որ այս փուլում ողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ իմ երաժշտական կարիերայի ուղղությամբ:

Երգարվեստում ինչ երազանքներ ունես:

Այսօրվա ձեռքբերումներն իմ երազանքների սահմանագիծը չեն. ես ավելիին եմ ձգտում: Կցանկանայի մուտք գործել միջազգային ասպարեզ, ելույթ ունենալ արտերկրի բեմահարթակներում… Կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի երազանքս իրականություն դառնա:

H75A2610 as Smart Object-1

Քո տեսահոլովակները պարային չեն. ծրագրում ես կատարել ոճային փոփոխություն:

Ինքս էլ շատ եմ մտածել այդ մասին: Կարծում եմ` արդեն ամռանը երկրպագուներիս կուրախացնեմ այլ ռիթմերով:

Որն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը: 

Իմ ամենամեծ ձեռքբերումը, այս պահի դրությամբ, Didn’t I երգն է, որը ստեղծվել է Haik Solar-ի և Arni Rock-ի հետ համագործակցության արդյունքում: Երգի պաշտոնական ներկայացուցիչն է դարձել Sony Music ընկերությունը:

IMG_7087

Չես ձգտում արժանանալ <<Տարվա լավագույն երգչուհի>> կոչմանը:

Կարծում եմ` Հայաստանում չեմ ընտրվի <<Տարվա լավագույն երգչուհի>>, քանի որ երգում եմ միայն անգլերեն: Շատերին սխալմամբ թվում է, որ եթե հայերեն չեմ երգում, ուրեմն հեռացել եմ իմ արմատներից: Իհարկե, դա ընդամենը թյուր կարծիք է:

Ինչպես ես վերաբերվում բաց նկարահանումներին եւ հանրության առջեւ այդօրինակ կերպարում ներկայանալուն:

Անկեղծ ասած` այդ ամենն ընդունում եմ մոդելների պարագայում և ոչ թե երգչուհիների: Կիսամերկ ներկայանալը մոդելային աշխատանքի անխուսափելի բաղկացուցիչն է, իսկ երգչուհու պարագայում դա ամենևին պարտադիր չէ, անձամբ իմ տեսանկյունից` ցանկալի չէ: Ես չունեմ ավանդական մտածողություն, սակայն վստահ կարող եմ ասել, որ կնոջ գրավչությունը պայմանավորված է ոչ թե բաց հագուստով, այլ ներքին հատկանիշներով ու բնատուր գեղեցկությամբ: