Recent posts
To top
20 Mar

Միքայել Շարաֆյան` քանդակագործ, ով կտորների միջոցով է կերտում իր կերպարներին

Միքայել Շարաֆյան` քանդակագործ, ով կտորների միջոցով է կերտում իր կերպարներին

image

Միքայել Շարաֆյան:

Շատերը գիտեն նրան, շատերը` ոչ, շատերին ծանոթ է նրա ազգանունը` Շարաֆյան:
Բայց ո՞վ է Միքայել Շարաֆյանը: Կարծում եմ` ցանկացած հայ պետք է ճանաչի այս երիտասարդին, ով այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում բարձր է պահում մեր` հայերիս անունն ու պատիվը:

Որպեսզի անմիջապես պատկերացնեք, թե ով է Միքայել Շարաֆյանը, կնշեմ, որ նա հագուստների դիզայներ է, բայց ոչ սովորական:

Միքայելը, լինելով դեռ ընդամենը 26 տարեկան, հասցրել է հագուստներ ձևավորել 4 գեղարվեստական (“2001 Maniacs: Field of Screams”, “Snitch”, “Lost and Found in Armenia”, “Betrayal”), 6 կարճամետրաժ ֆիլմերի, 2 տեսահոլովակի (“Disasteroid”, “Gold n’Honey”), ինչպես նաև մեկական բալետի (“The Nutcracker”) և մյուզիքլի (“Moulin Rouge”) համար:

 

image (1)

 

Այս ամենի հետ մեկտեղ, Միքայելը մասնագիտական դասախոսություններ է կարդում Fashion Institute of Design and Merchandising-ում և Los Angeles Film Institute-ում էլ ամիսը մեկ անգամ ուսանողներին է ներկայացնում Սերգեյ Փարաջանովի կենսագրությունն ու ‹‹Նռան գույնը›› ֆիլմը:

Կարծում եմ` այսքանը կարդալուց հետո ցանկացած մարդ մի շարք հարցեր կունենա, որոնք կցանկանա ուղղել Միքայելին, հենց այդ հարցերի պատասխաններն էլ ստանալու համար առաջարկում եմ կարդալ հարցազրույցս տաղանդավոր երիտասարդ Միքայել Շարաֆյանի հետ:

Միքայել, կարծում եմ` հագուստների դիզայներ դառնալը եղել է քո մանկության երազանքը, քանի որ արդեն իսկ 3 տարեկանից դու սկսել ես զբաղվել նկարչությամբ: Արդյո՞ք դա այդպես է:
Դժվար կլինի ասել, թե հագուստների դիզայներ դառնալը եղել է իմ մանկության երազանքը, բայց սերը թատերական հագուստների նկատմամբ առաջացել է, երբ ես դեռ շատ փոքր էի. մայրս ինձ հաճախ իր հետ տանում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոն (Միքայելի մայրը մոտ 30 տարի աշխատել է այնտեղ) և ամեն անգամ ներկայացումներից հետո ես նրան խնդրում էի, որ ինձ տանի հանդերձարան, որպեսզի կարողանամ մոտիկից զննել հագուստները: Հաճախ այնքան էի տպավորվում այդ հագուստներով, որ տուն վերադառնալուն պես միանգամից սկսում էի նկարել դրանք: Դեպքեր են եղել, որ այդ ճեպանկարներս նվիրել եմ բալետի պարողներին, որոնցից ոմանք էլ մինչ օրս պահում են դրանք:

Հայրդ դերասան Լևոն Շարաֆյանն է, մայրդ` դաշնակահար, նվագակցող Ռուզան Մուրադյանը. ինչպե՞ս ստացվեց, որ քեզ գրավեց ոչ թե թատերական արվեստը, կամ երաժշտությունը, այլ հենց դիզայնը:
Սեր թատերական արվեստի և երաժշտության նկատմամբ, ինչ խոսք, ունեմ, բայց կարծում եմ` դիզայներ որոշեցի դառնալ այն պատճառով, որ իմ ողջ մանկությունն անցավ թատրոնների կուլիսներում և փորձասրահներում, ես տեսա այդ, այսպես ասած, ‹‹ներքին խոհանոցը››, որն էլ ինձ շատ գրավեց: Սկսեցի սիրել այդ ստեղծագործական աշխարհը. դու արարում ես, ապա քո աշխատանքը տեսնում ես բեմում, դա շատ գրավիչ է ինձ համար:

 

image (2)

 

Լսել եմ, որ բարեկամական կապեր ունես հայտնի ամերիկյան դիզայներ Այրին Շարաֆի հետ: Կպատմե՞ս այդ մասին:
Այո′, Այրին Շարաֆը, ով ամերիկյան շատ ճանաչված օսկարակիր դիզայներ է, հորական կողմից ինձ բարեկամ է: Ցավոք, ես նրան երբեք չեմ տեսել (Այրին Շարաֆը մահացել է 1993 թվականին ԱՄՆ-ում), բայց, այնուամենայնիվ, նա շատ մեծ ազդեցություն է թողել ու թողնում ինձ վրա: Ի դեպ, նա ոչ միայն տաղանդավոր դիզայներ էր, այլև նկարիչ: Հաճախ նա այնպիսի նկարներ էր նկարում, որտեղ տեղ էին գտնում իր կերտած կերպարները: Այսօր ես նույնպես հետևում եմ Այրին Շարաֆի օրինակին:

Կրկին անդրադառնանք քո ծավալած գործունեությանը. քանի՞ տարի է արդեն, ինչ աշխատում ես տվյալ ոլորտում:
Կարելի է ասել` արդեն 8 տարի է: Բայց 2008 թվականը ես համարում եմ իմ ստեղծագործական կյանքի սկիզբը. հենց այդ թվականին ես սկսեցի անհատական աշխատել որպես զգեստների դիզայներ: Իսկ մինչ այդ, երբ դեռ սովորում էի ԱՄՆ-ի Դիզայնի և ապրանքագիտության նորաձևության ինստիտուտում (Fashion Institute of Design and Merchandising), աշխատել եմ Mon Atelier նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Ալի Ռահիմի մոտ որպես դիզայների օգնական: Մեկ տարի այնտեղ աշխատելուց հետո, աշխատանքի եմ անցել Silvia’s Costumes, Inc.-ում, և այնտեղ աշխատելու տարիների ընթացքում էլ ծանոթացել ու համագործակցել եմ շատ հայտնի դիզայներների հետ: Հենց այդ ընթացքում էլ ձևավորել եմ հայտնի ‹‹Enchanted›› ֆիլմի հերոսուհու հարսանյաց զգեստը:

Եղել ես մի շարք ֆիլմերի ու ներկայացումների, տեսահոլովակների հագուստների դիզայներ: Աշխատանքներիցդ ո՞րն է եղել ամենահիշվողն ու նշանակալիցը քեզ համար:
Բավականին բարդ հարց է, քանի որ ամեն մի նախագծի ես նվիրել եմ իմ կյանքն ու հոգին, և ցանկացած նախագիծ թանկ, նշանակալից և հոգեհարազատ է ինձ համար իր լավ և վատ հիշողություններով:
Բայց կուզեմ առանձնահատուկ կերպով նշել “Disasteroid” տեսահոլովակի համար իմ աշխատանքը, որի համար էլ “Los Angeles Cinema Festival of Hollywood” կինոփառատոնին ստացել եմ Best Costume Design մրցանակը:

 

image (11)

image (3)

 

Ի՞նչ նախագծի վրա ես աշխատում տվյալ պահին և ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես:
Ես աշխատում եմ չխոսել իմ ապագա ծրագրերի մասին, բայց շատ մոտ ապագայում բավականին հետաքրքիր բաներ են սպասվում, որոնց վրա էլ հենց այս պահին աշխատում եմ: Իսկ 2013 թվականին էկրաններին կբարձրանա 2 ֆիլմ, որոնց համար կրկին աշխատել եմ, և որոնցից մեկը Գոռ Կիրակոսյանի “Lost and Found in Armenia” ֆիլմն է:

Երբևէ չե՞ս մտածել հիմնել քո բրենդը. բրենդ, որը կներկայացնի ոչ թե թատերական հագուստ, այլ առօրյա, կամ, թեկուզ, երեկոյան հագուստ:
Շատ հնարավոր է, որ ապագայում հիմնեմ իմ couture house-ը: Բայց այս պահին ես հիմնականում աշխատում եմ որպես թատերական զգեստների դիզայներ, քանի որ տվյալ պահին այդ աշխատանքն ինձ համար ավելի հետաքրքիր է. այս կերպ ես ինձ համարում եմ քանդակագործ, ով կտորի միջոցով է կերտում իր կերպարներին:

Ի՞նչ ես կարծում, եթե 2000 թվականին չլքեիր հայրենիքդ ու բնակություն չհաստատեիր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կկարողանայի՞ր հասնել նման հաջողությունների:
Ես չեմ լքել հայրենիքս, պարզապես տեղափոխվել եմ` շարունակելով լինել սերտ կապերի մեջ իմ շատ սիրելի հայրենիքի հետ: Բայց, եթե մնայի Հայաստանում, դժվար, թե դառնայի զգեստների դիզայներ ու հասնեի նման հաջողությունների, լավագույն դեպքում կդասավանդեի ինչ-որ արվեստի դպրոցում, կամ էլ կդառնայի շարքային նկար վաճառող Վերնիսաժում:

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը

 

image (4)

image (5)

image (6)

image (7)

image (8)

image (9)

image (10)

 

Հ.Գ. Ցանկացողները կարող են ծանոթանալ Միքայել Շարաֆյանի աշխատանքներին` այցելելով “Costume Design by Mikael Sharafyan” facebook-յան էջը: