Recent posts
To top
19 Apr

Կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալիզմը… Հրանուշ Եղոյան:

Բոլորովին վերջերս Հայաստանի մեր ներկայացուցիչները հեղինակավոր OMC Hairworld աշխարհի մրցաշարում արժանացան ոսկե մեդալի: Սեուլ էին մեկնել Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների միության նախագահ Մարինա Առաքելյանը: Հայաստանյան մասնակիցներից էր նաև Նադեժդա Կազակովան: Մրցանակին արժանացավ Make-Up Studio-ի հիմնադիր և դեկորատիվ կոսմետիկայի միջազգային ժյուրիի անդամ Հրանուշ Եղոյանը:

–  Ի՞նչ նշանակություն ունի  այս մրցանակը:

– Մրցանակն ինձ համար անսպասելի էր, սակայն, շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է պրոֆեսիոնալների կողմից: 17 տարի շարունակ մեծ պատասխանատվությամբ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը այս հեղինակավոր մրցույթում, նշեմ նաև, որ Հայաստանը ժյուրիի անդամների խոսքերով մշտապես տարբերվում է այլ մասնակիցներից, կարծում եմ, դա կերպարի ստեղծման մանրակրկիտ հավաքական աշխատանքի և երկարատև մասնագիտական քննարկումների  արդյունքն է:

–  Ինչպիսի՞ն էր ժյուրիի կազմը:

–  Ամեն տարի ժյուրիի կազմում աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվում են նորաձևության բնագավառից մի շարք վարպետներ: Ես ինքս ընդգրկված եմ ժյուրիի կազմում: Այս տարի չկարողացա անձամբ ներկա գտնվել, սակայն մրցաշարին ներկա էր գտնվում Հայաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների նախագահ Մարինա Առաքելյանը:

Իսկ ի՞նչ չափանիշներով է ժյուրին գնահատում  ներկայացվող աշխատանքները:

– Մրցաշարից առաջ մասնակցում ենք բրիֆինգների, որոնց ժամանակ քննարկում ենք հետագա քայլերը: Աշխատանքները գնահատվում են 30 բալանոց համակարգով: Ամենաբարձր բալը տրվում է ըմդամենը մեկ անգամ, իսկ ամենացածրը 20 բալն է: Կարևոր է  դիմահարդարման մաքրությունը, երևակայությունը և մի շարք այլ չափանիշներ: Ժյուրին գնահատում է մոդելներին՝ չիմանալով, թե որ երկրի ներկայացուցիչներն են վերջիններս: Ժամանակի ընթացքում էլ արդեն սկսում ես տարբերել յուրաքանչյուր  երկրի մասնագետի աշխատանքը:

elstyle2

–  Հայաստանի հաղթանակի շնորհիվ  հնարավո՞ր է, որ OMC Hairworld մրցաշարն անցկացվի նաև այստեղ և առհասարակ ինչպիսի մրցույթների է Հայաստանը մասնակցում տարվա կտրվածքով:

– Այս տարի Սեուլում OMC-ի 70-ամյա հոբելյանն էր: Այդ իսկ պատճառով նրանք  ամեն մի երկրին առանձնացրեցին յուրահատուկ մրցանակով: Հայաստանում նմանատիպ մրցաշարի անցկացման համար պետք է համապատասխան պայմաններ ունենալ: Պետք է  կազմակերպվի ամբողջ մրցաշարի ընթացքը՝ հյուրերի մեծաքանակ հյուրընկալությունը, հատուկ  սրահների տրամադրումը իր  բոլոր հարմարանքներով՝ հատուկ հոսանքներով հայելիներ, լուսավորում, օդափոխություն և այլն:Նշեմ, որ   տարիներ շարունակ բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել: Անցած տարի Հայաստանում տեղի ունեցավ գեղեցկության ասպարեզում անցկացվող բաց առաջնություն: 2 տարի առաջ Հայաստանը մասնակցեց նաև Ֆրանկֆուրտ քաղաքում  տեղի ունեցած աշխարհի առաջնությանը և զբաղեցրեց 3-րդ տեղը: Երկու տարին մեկ անց է կացվում Աշխարհի առաջնություն, ըստ որի էստաֆետան փոխանցվում է հաջորդ երկրին: Ամեն տարի տեղի է ունենում նաև Եվրոպայի առաջնությունը: Հուսանք, որ այդ ժամանակ Հայաստանից մասնակից կունենանք: Այս տարի նաև ծրագրում ենք  մասնակցել “Кубок города” մրցույթին, որը տեղի կունենա մայիսին:

Ինչպիսի՞ն են դիմահարդարման համաշխարհային վերջին միտումները և արդյո՞ք Հայաստանը համընթաց է շարժվում:

– Հայտնի ապրաքանիշները այսօր ավելի շատ աշխատում են սպառողական շուկայի համար: Դասական նորաձևության տներն էլ իրենց հերթին թելադրում են այն ինչը նորաձև կլինի գալիք սեզոնին: Շատ անգամ ամեն մի բրենդ շտապում է ներկայացնել իր  նորույթը: Տեղեկատվական ոլորտի հասանելիությունն էլ հնարավորություն է տալիս իրազեկ լինել յուրաքանչյուր փոփոխության:                                                             Հայ մասնագետները շատ ընդունակ են ու տաղանդավոր, եթե նորաձևության առաջնություններին այլազգի ներկայացուցիչները պատրաստվում են  6-7 ամիս ,մենք դա անում ենք ընդամենը 1 ամսում: Մենք՝հայերս, ունենք  ստեղծագործելու մեծ տաղանդ: Վերցնենք թեկուզ մեր ամսագրերի շապիկները, որոնք ոչնչով չեն զիջում մնացած համաշխարհային հայտնի ամսագրերի շապիկներին:

Ինչպիսի՞  դիմահարդարում են նախընտրում ,այսօր, հայ աղջիկները:                                                                          – 2-3 տարի առաջ շատ էինք բախվում անգրագիտության հետ: Ամեն ինչ դեռ նոր էր, աղջիկները փնտրտուքների մեջ էին: Այժմ արդեն հղկվել են, փորձարկում են տարբեր գունային գամմաներ, շատերը կայացել են իրենց կերպարներում և միայն որոշակի շեշտադրումերի փոփոխությամբ են ընգդծում իրենց  իսկ ստեղծած կերպարները:

Edited

Իսկ ինչպիսի՞ սխալներ եք նկատում և ի՞նչ խորհուրդ կտաք անել աղջիկներին այդ սխալներից խուսափելու համար:

–   Առաջին քայլը սուր նորաձևությունից խուսափելն է :Նորաձև  են համարվում հաստ հոնքերը և  շատերին թվում է, թե պետք է քայլել փողոցներով գայլի դեմքերով: Շատերն էլ չեն հասկանում, որ չափազանց ծավալ ունեցող շուրթերը միշտ չէ, որ գեղեցիկ է: Շուրթերը դեմքի ամենազգայուն դետալն է և այս դեպքում  գեղեցկությունը ծավալի մեջ չէ կայանում, եթե ձևը թերի է, պետք չէ ավելորդ ծավալ տալ շուրթերին: Նորաձև է խնամված լինելը, բայց խորհուրդ կտամ չլինել սուր նորաձև, քանի որ դա վաղ թե ուշ դառնում է ծիծաղելի: Ամենակարևորը, որ սիրես ինքդ քեզ և կարողանաս ճիշտ մատուցել:

Հե՞շտ է արդյոք շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցելը:

–  Գիտեք, այնքան ես աշխատում նրանց հետ, որ արդեն մտերմանում ես եւ հասկանում ամեն մեկի առանձնահատկությունները: Աշխատանքի ընթացքում մենք էլ ենք հղկվում, նրանք էլ: Միշտ էլ սովորելու շատ բան կա:

2elstyle

Դժվա՞ր է արդյոք առաջատար մնալ Հայաստանյան պայմաններում:

– Ես երբևիցե չեմ մտածել առաջինը լինելու մասին, չեմ կենտրոնացել դրա վրա: Իմ առաջնահերթ նպատակը ինքնահղկումն է: Երբեք կանգ չես առնում, ձգտում ես անվերջ աշխատել: Բայց մի շատ լավ արտահայտություն կա. «Ավելի լավ է երբեմն կիսատ թողնել գործը, քան չափն անցնել»: Դիմահարդարման մեջ կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլև կարևոր են մարդկային դրական հատկանիշները: Նախանձը կործանարար է: Կարևորը՝ մարդ լինես: Պետք է համադրել մարդկային և պրոֆեսիոնալ հատկանիշները, ինչպես նաև պետք է կարողանալ ճիշտ հիմնավորել պրոֆեսիոնալ կարծիքը, այլապես չես վաստակի հաճախորդների հարգանքը:

Բացի նշվածներից  կա՞ արդյոք ևս մեկ կարևոր հատկանիշ:

– Առաջին տպավորությունը: Շատ կարևոր է կերպարը պատկերացնել արդեն իսկ առաջին տպավորությունից:

Եղե՞լ են արդյոք ստեղծագործական ճգնաժամեր:

Ունեցել եմ ակտիվ ու պասիվ շրջաններ: Պասիվ շրջաններն էլ իրենց հերթին կախված են եղել այն բանից, որ ժամանակը հաճախ չի համապատասխանել ունեցած հնարավորությունների հետ:

Ի՞նչ է պետք Ձեզ երջանիկ լինելու համար, որպես կայացած կին, թե՛ մասնագիտության մեջ և թե՛ կյանքում:

– Ես կարող եմ երջանկանալ շատ չնչին ու փոքր բաներից՝ սովորական պատկերից, ծաղիկներից: Ինձ համար ամենակարևորը դրական էներգետիկան և տրամադրությունն է: Հիմնականում շրջապատված եմ լավ ու բարի մարդկանցով: Ես հավատում եմ էներգետիկ  ներուժին:

Հարցազրույցը  պատրաստեց Թամարա Հակոբյանը: